Մատչելիության հղումներ

Իշխանությունը չի բացառում ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը


Լևոն Զուրաբյան և Վահրամ Բաղդասարյան, արխիվ

Լևոն Զուրաբյան և Վահրամ Բաղդասարյան, արխիվ

Ըստ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի, եթե իշխանությունը չհամաձայնի գոնե այդ տարբերակին, դա կլինի «իրենց ամենակործանարար սխալը»:

«Ընտրական օրենսգրքի շուրջ հնարավոր է նոր համաձայնագիր ստորագրվի, եթե իշխանությունը կատարի ընդդիմության և քաղաքացիական հասարակության կողմից վերջին 13 տարիներին ներկայացվող գլխավոր պահանջն ու պաշտոնապես հրապարակի ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները»:

Այսօր «Ազատության» հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Այսօր տարածած հայտարարության մեջ ՀԱԿ-ը մի քանի այլ պահանջներ էլ է ներկայացրել իշխանությանը՝ Պետք է վերականգնվի ընտրացուցակներում ընտրողների ստորագրության պահանջը, ընտրացուցակները պետք է սքանավորվեն և պաշտոնապես հրապարակվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում:

Պետք է նաև երկարաձգվեն ընտրությունների արդյունքների բողոքարկման ժամկետները, խստացվի ընտրակեղծարարության համար պատասխանատվությունը, ընդ որում այնպես, ինչպես ընդունելի կլինի 4+4+4 ձևաչափի մասնակից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար: Ընտրական տեղամասերում պետք է նախատեսվի նաև քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում ինտերնետային կապով ապահովված տեսախցիկներով, ինչը պետք է ուղիղ հեռարձակվի հատուկ ստեղծված կայքի միջոցով, մասնավորապես, նշված է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ եթե մերժվեն իրենց այս պահանջները, ապա հետևանքը կործանարար է լինելու իշխանության համար: «Եթե իշխանությունները հասկանում են, որ ընտրություններով հարցը լուծելու ճանապարհը փակելով՝ նրանք բերում են այն բանին, որ երկրում ավելի շատ տարածվում են խնդիրը ապստամբությունների, բախումների միջոցով լուծելու տրամադրություններ, ուրեմն, նրանք պետք է քայլ կատարեն: Ստեղծված իրավիճակում իշխանությունների կողմից ընտրություններին մասնակցածների ցուցակները չհրապարակելը կլինի երևի ամենաանհեռատես, ամենաապաշնորհ, ամենակործանարար սխալը»,- ասաց Զուրաբյանը:

Իշխող Հանրապետականի խորհրդարանական խմբակացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ ընտրացուցակների հրապարակման հարցն այսօր քննարկումների սեղանին է, քանի որ իրենց համար «ամենակարևորը» ընտրությունների նկատմամբ հասարակության վստահություն է: «Եվ մենք խոստացած ժամեկետում․․․ այսինքն՝ սեպտեմբերի 1- ին արդեն կլինի համապատասխան հայտարարություն: Կհայտարարվի ոչ միայն այդ մասին, այլև ընդհանուր համաձայնեցված տարբերակը, որի քննարկումները հիմա շարունակվում են և՛ ընդդիմադիր գործընկերների, և՛ քաղաքացիական հասարակության հետ, որ այս երկու օրվա քննարկումների ընթացքում գան ընդհանուր հայտարարի և միասնական հայտարարությամբ հանդես գան:

Որպես իշխանության ներկայացուցիչ, ես հիմա էլ այդ տարբերակին [ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակմանը] դեմ եմ, բայց եթե չկան այլ տարբերակներ, որովհետև մենք, այսպես ասած, կանգնեցինք փաստի առաջ, ժամկետների մեջ չէինք տեղավորվում և արդեն իսկ սկսեցինք քննարկել նաև այդ տարբերակը: Ոչ միայն մենք, այլև Վենետիկի հնաձնաժողովն է դրան դեմ, բայց մեզ համար ավելի կարևոր է հասարակության վստահությունը ընտրությունների նկատմամբ»,- ասաց Բաղդասարյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը շեշտում է՝ ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը լրջորեն կնպաստի ընտրակեղծիքների կանխմանը, այլապես՝ իշխանությունը տասնյակ տարիներ չէր դիմադրի և կկատարեր ընդդիմության պահանջը: Այդուհանդերձ, ըստ նրա, ցուցակների հրապարակմամբ, իշխանության կողմից ընտրակեղծարարության հնարավորություններն ամբողջությամբ չեն վերանում:

«Բնականաբար, դա բացառում է շատ մեծ ընտրակեղծարարություն, ընդհուպ՝ մինչև կես միլիոն ձայների հասնող ընտրակեղծարարություն, որը, ըստ էության, որոշակի է դարձնում իշխանության հաղթանակը ցանկացած քվեարկության ժամանակ: Հիմա դա չի լինի: Իշխանության հույսը կլինի ընտրակաշառքի բաժանման և ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործման վրա:

Իհարկե՝ դա էլ անօրինական է, դա էլ է նշանակում, որ ընտրություններն, ըստ էության, մաքուր չեն, բայց գոնե ինչ-որ լուծում է, գոնե հնարավորություն է տալիս՝ ընտրությունները դարձնել մի քիչ ավելի, էսպես ասեմ՝ իմաստ ունեցող: Այսինքն, դա արդեն իշխանափոխության համար բացում է ինչ-որ հնարավորություն: Չեմ ասում, որ դա երաշխավորում է, բայց բացում է այդ հնարավորությունը, ստեղծում է հնարավորություն՝ պայքարելու, կռվելու և հասնելու լուրջ արդյունքների, ինչն ապագայում կարող է դառնալ իշխանափոխության հիմքը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Լևոն Զուրաբյանը:

XS
SM
MD
LG