Մատչելիության հղումներ

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լուսաղբյուր գյուղի 12-ամյա բնակչի մահվան դեպքի առթիվ։

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ երեկ ժամը 22:50 «Մարալիկ առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում կախված երեխա կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ Լուսաղբյուրի 2-րդ փողոցի 4-րդ նրբանցքում գտնվող կիսակառույց շինության հարևանությամբ հայտնաբերվել է նույն գյուղի անչափահաս բնակիչ, 2004 թվականի հունվարի 1-ին ծնված տղա երեխայի դիակը՝ գետնին պառկած: Նախնական տվյալներով՝ երեխայի դին հայտնաբերել է հորեղբայրը՝ նշված կիսակառույց շինության երկաթյա ամրանից հակավորման թելով կախված, դանակով կտրել է հակավորման թելը և դիակը իջեցրել:

Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ անչափահասի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

XS
SM
MD
LG