Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Հայաստանում սիրով սպասում են Վրաստանի վարչապետի առաջիկա այցին


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն:

Նախագահը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դիվանագետն իր կարևոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացման և հայ-վրացական բարեկամության առավել ամրապնդման գործում: Գոհունակությամբ արձանագրելով, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են բարձր մակարդակի միջպետական շփումները՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում սիրով սպասում են Վրաստանի վարչապետի առաջիկա պաշտոնական այցին:

Գիորգի Սագանելիձեն վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի ամեն հնարավորը Հայաստանի և Վրաստանի միջև գոյություն ունեցող սերտ բարիդրացիական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, և հավելել, որ իր համար մեծ պատիվ է պաշտոնավարել մի երկրում, որի դարավոր պատմությանն ու մշակույթին քաջածանոթ է:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցներն ընդգծել են, որ ավանդական բարեկամության և երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման պատմական հիմքի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը համագործակցության նորանոր ուղղություններ նախանշելու ամուր հիմք է:

Նրանք համակարծիք են եղել, որ բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին զուգահեռ կան լայն հնարավորություններ և չօգտագործված մեծ ներուժ՝ զարգացնելու առևտրատնտեսական հարաբերությունները, ընդլայնելու գործակցությունը հեռանկարային մի շարք ոլորտներում, ինչպիսին են՝ զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, մշակույթը և այլն:

Հայաստանի նախագահը և Վրաստանի դեսպանը երկուստեք կարևորել են նաև միջխորհրդարանական կապերի սերտացման ուղղությամբ ակտիվ աշխատանքը:

Նախօրեին, հիշեցնենք, Վրաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն էր հանձնել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

XS
SM
MD
LG