Մատչելիության հղումներ

Բալասանյանը վստահ է՝ քաղաքական ուժերը փորձելու են «ժողովրդին խաբել»


Գյումրիի անկուսակցական քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարծում է, որ հանրապետության երկրորդ քաղաքում ընտրապայքարը կուսակցական ցուցակների առաջին համարների միջև է ընթանալու, թեև այդ ընտրություններն առաջին անգամ անցկացվում են համամասնական ընտրակարգով:

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում ավագանի կընտրեն, որի անդամներին իրենց հերթին քաղաքապետ կընտրեն: Ավագանու 33 տեղի համար 422 թեկնածու է պայքարում, որոնք ներկայացնում են 10 կուսակցություն և մեկ դաշինք:

«11-ը պետք է հիմա քննադատեն, մի մասը հրեշտակ պետք է ձևանա, մի մասը՝ փրկիչ, մի մասը սուտ պետք է խոսի, որպեսզի կարողանա ժողովրդին համոզել: Մի մասը պայմանգիր պետք ստորագրի, մի մասը ինչ-որ առաջարկություններ պետք է անի․․․ ինչ-որ մի բանով պետք է կարողանա խաբել ժողովրդին», - ընտրապայքարի իր տեսլականը ներկայացրեց քաղաքապետը՝ շարունակելով․ - «Մենք էնքան ընտրություններ ենք անցել, որ էդ ընտրությունների հետ կապված ոնց որ թե ամեն ինչ գիտենք, թե ինչ է լինելու: Բայց ժողովուրդը նաև ունի էդ փորձը, որ չի խաբվելու: Հիմա ձևեր են մտածելու, որպեսզի խաբեն, հասկանո՞ւմ եք»:

Գյումրիի քաղաքապետը գլխավորում է իշխող Հանրապետականի և Քրիստոնեադեմոկրատների 99 հոգանոց «Բալասանյան» դաշինքը: Արձագանքելով ընդդիմադիրների քննադատությանը, թե այս անվանումը հնարք է Հանրապետական կուսակցության անունը քողարկելու համար, Բալասանյանը ասաց․ - «Հիմա էս «Բալասանյան» դաշինքի վրա գրում են, թե ինչո՞ւ «Բալասանյան» դաշինք: Դա նորմալ է՝ իմ թիմն է, ասենք՝ դաշինքն էլ պետք է անուն ունենա: Ի՞նչ վատ է, ես չեմ հասկանում: Կար, չէ՞ «Պորոշենկո» դաշինք: Ի՞նչ կա դրա մեջ: Էսօր հիմա Ամերիկայում, Ռուսաստանում գնում են նախագահական ընտրություններ, Ազգային ժողովի ընտրություններ․․․ այնտեղ անուններով է գնում նաև, կա որ ուղիղ մարդու անունով է գնում: Այսինքն էդ մարդը ինչ-որ տեղ ճանաչված և հեղինակություն ունի երևի: Ես համարում եմ, որ քանի որ ես իմ թիմով եմ գնում, շատ ճիշտ ընտրված ֆորմատ է»:

Ընդդիմադիր քաղաքում իշխող կուսակցության թեկնածու լինելը արդյո՞ք չի նվազեցնում վերընտրվելու հնարավորությունը, հարցին Բալասանյանը պատասխանեց․ - «Իմ թիմի մեջ ընդգրկված են եղել բազմակուսակցական անդամներ, որի մեջ կան հանրապետականներ՝ գերակշռող մասը, կան այնտեղ նաև այլ կուսակցություններից, անկուսակցականներ կան: Այսինքն՝ ես այսօրվա դրությամբ նման կոմպլեքսներ չունեմ, թե ինձ առաջադրել է Հանրապետականը, որը երկու ընտրությունների ժամանակ պարտություն է կրել: Մեզ համար, նորից ասում եմ, քաղաքապետի ընտրություն է: Վստահությունը բերեք թողնենք ժողովրդին։ Էդ մեկնաբանության ամենակիզակետը, վերջը՝ դա ընտրության օրն է: Եվ կազմակերպենք ազնիվ, թափանցիկ ընտրություններ: Մեր հասարակությունը էսօր հստակ հասկանում է, որ նա ընտրել է իր քաղաքապետին, իսկ քաղաքապետը իր առօրյան է: Երբ որ նա առավոտ իր մայլա է դուրս գալիս, իր շեմից դուրս է գալիս, նա իր փողոցն է տեսնում, փողոցի մաքրությունը, լուսավորությունը երեկոյան, և այն ծառայությունները, որ մատուցելու է քաղաքապետը ՏԻՄ օրենքի համաձայն»:

Չնայած քարոզարշավը դեռ չի մեկնարկել, այնուհանդերձ արդեն իսկ առկա է լարվածություն: Ավագանու ընտրություններին «Բալասանյան» դաշինքից բացի առաջադրվել են «Բարգավաճ Հայաստանը», Դաշնակցությունը, «Համախմբումը», «Հայկական վերածնունդը», Հայ ազգային կոնգրեսը, «Քաղաքացիական պայմանագիրը», «Ալյանսը», «ԳԱԼԱ»-ն, «Գյումրեցու ոգին» և «Գործարարը»:

Սամվել Բալասանյանը քաղաքական պայքարի մեջ մտած ուժերին հորդորում է չտեղափոխվել անձնական վիրավորանքների դաշտ, և լարվածության փոխարեն համերաշխություն դրսևորել:

«Ես ուղղակի ասում եմ՝ հոկտեմբերի 3 կա, անձնական վիրավորանքներ չտան մեկը մյուսին, որովհետև դրանից հետո մենք նորից շարունակելու ենք իրար հետ ապրել էս քաղաքում: Լարվածություն մի ստեղծեք, որպեսզի շիկանա մթնոլորտը, պրոբլեմներ ստեղծվեն, բախումներ լինեն: Այսինքն՝ մենք այն հին մոդելը չիրականացնենք, և ասենք՝ ամոթ է, էս ի՞նչ կատարվեց: Ես առաջարկեցի մեկ հատ բնակարան գնենք, տանք ինչ-որ մի բազմազավակ ընտանիքի, որը գտնվում է տնակի մեջ և այդ բնակարանը կոչենք համերաշխության բնակարան», - մեկնաբանեց գործող քաղաքապետը:

Բալասանյանը իրեն մրցակից համարում է բոլոր՝ և՛ քաղաքական դաշտում հնաբնակ, և՛ նորաստեղծ ուժերին: Ամեն դեպքում վստահ է, որ վերընտրվելու է․ - «Հոկտեմբերի 3-ին էլի ես եմ մնալու իմ ժողովրդի հետ, իր պրոբլեմներով, իր սոցիալական խնդիրներով: Հավատացե՛ք, այդպես է լինելու: Ես շատ վստահ եմ ասում, որովհետև ես վստահ եմ նաև իմ ժողովրդի վրա: Ինչո՞ւ պիտի վստահ չլինեմ, որովհետև ես շատ լավ եմ աշխատում և շատ լավ վերաբերմունք կա իմ նկատմամբ»:

Բալասանյանը խոստովանում է՝ աղքատության, գործազրկության, անօթևանության և արտագաղթի բարձր ցուցանիշ ունեցող քաղաքը ղեկավարը դժվար է: Այդուհանդերձ ասում է՝ չի խուսափում երկրորդ անգամ մտնել նույն բեռի տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG