Մատչելիության հղումներ

Yandex-Taxi-ն՝ սկանդալային թեմա նախընտրական Վրաստանում


Yandex ընկերության գրասենյակը Մոսկվայում, արխիվ

Yandex ընկերության գրասենյակը Մոսկվայում, արխիվ

Վերջին օրերին վրացական շուկա մուտք գործած Yandex-Taxi ծառայությունը գրեթե անմիջապես դարձավ Վրաստանի նախընտրական պայքարի առանցքային սկանդալային թեմաներից մեկը: Պատճառը Yandex ընկերության քաղաքականությունն է, մասնավորաբար` որոնողական այս կայքում զետեղված քարտեզները, որոնցում Հարավային Օսիան և Աբխազիան ճանաչվում են որպես անկախ պետություններ:

Երեկ Վրաստանի լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչները հանդես եկան կոշտ հայտարարությամբ` պահանջելով դադարեցնել Yandex-Taxi-ի գործունեությունը երկրի տարածքում:

«Մենք կոչ ենք անում Վրաստանի քաղաքացիներին բոյկոտել այս ընկերության գործունեությունը: Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը պահանջում է կառավարության ներկայացուցիչներից անհապաղ կերպով զրկել Yandex-Taxi ծառայությանը արդեն իսկ տրված արտոնագրից», - երեքշաբթի օրը Թբիլիսիում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարում էր Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչը:

Վրաստանի կառավարությունը, սակայն, չի շտապում կատարել ընդդիմության պահանջը: Փոխվարչապետ Կախա Կալաձեի կարծիքով՝ նման քայլերը կարող են հանգեցնել ընդհանուր գործարար և ներդրումային մթնոլորտի վատթարացմանը:

«Ռուսաստանյան ընկերությունները տարիներ շարունակ աշխատում են մեր շուկայի տարբեր ուղղություններում: Կարծում եմ, որ զուտ բիզնեսի տեսանկյունից նրանց խանգարելը սխալ կլինի: Ինչ վերաբերում է կոնկրետ Yandex-ի քարտեզներին, ապա ես դրանք չեմ տեսել: Եթե իրոք այնտեղ Աբխազիան և Ցխինվալիի շրջանը ներկայացված են Վրաստանի տարածքից դուրս, ապա դա շատ վատ երևույթ է», - նշում է Կալաձեն:

Ըստ վրացական աղբյուրների, ի դեպ, Yandex ընկերությունն արդեն իսկ խոստացել է փոփոխության ենթարկել վիճահարույց քարտեզները: «Վրաստանի տարածքում Yandex-ի որոնողական համակարգն օգտագործելու դեպքում Աբխազիան և Հարավային Օսիան կներկայացվեն որպես Վրաստանի տարածք», - նշել են ընկերության ներկայացուցիչները:

XS
SM
MD
LG