Մատչելիության հղումներ

Ցանցահենների թիրախն ամերիկյան հաստատություններն են:

Հարվածների թիրախը՝ Իլինոյս և Արիզոնա նահանգներն են

Հետաքննությունների դաշնային գործակալությունը (FBI) հաղորդել է, որ ամերիկյան երկու նահանգներում հաքերները կոտրել են առցանց քվեարկության համակարգը: Գործակալությունը բոլոր նահանգներին հորդորել է նոյեմբերի 8-ին կայանալիք նախագահական ընտրություններին նախորդող այս ժամանակաշրջանում առավել ուշադիր լինել և հզորացնել համակարգչային անվտանգությունը:

Գործակալության կիբերանվտանգության բաժանմունքը հաղորդել է, որ առցանց քվեարկության համակարգերը հարձակման են ենթարկվել Իլինոյսի և Արիզոնայի նահանգներում:

Ամերիկայի հետախուզական ծառայությունների համոզմամբ, նախագահական ընտրությունները խոչընդոտելու նպատակ ունեցող հաքերները հովանավորվում են Ռուսաստանի և այլ երկրների կողմից:

ԱՄՆ-ի Հետախուզության դաշնային գործակալության կիբերանվտանգության բաժնի մասնագետները ենթադրում են, որ վերջերս Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի և կուսակցական այլ գրասենյակների կայքէջերի վրա կատարված հաքերային գրոհները Ռուսաստանի իշխանության հետ առնչություն ունեցող ցանցահենների նախաձեռնությունն է:

Ընտրողների տվյալների պետական բազան սովորաբար պարունակում է ընտրողի անունը, ազգանունը, հասցեն և ինքնությունը հաստատող այլ տեղեկություններ:

Օգոստոսի 29-ին հաղորդվեց, որ հուլիսի վերջին հաքերները կոտրել են Իլինոյսի կայքը և կրկնօրինակել են 200 հազար ընտրողների անձնական տվյալները, ինչի հետևանքով կայքը 10-ը օր չի աշխատել:

Արիզոնայում հաքերային հարձակոըւմն ավելի թույլ էր: Ըստ Yahoo News ծառայության հաղորդագրության, այս նահանգում հաքերները ընտրողների տեղեկությունները պարունակող բաժնում տեղադրել էին վիրուսային ծրագիր:

Կրեմլ. «Անհիմն և մերկապարանոց մեղադրանք»

Կրեմլը, բնականաբար, հերքում է մեղադրանքները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե ամերիկյան մամուլում տեղ գտած պնդումները իրականության հետ ոչ մի կապ չունեն:

«Դրանք այնքան անհիմն և մերկապարանոց մեղադրանքներ են, որ մենք նույնիսկ հարկ չենք համարում դրանց վրա ուշադրություն դարձնել», - ասել է Պեսկովը:

21-րդ դարի չեկիստն աշխատում է COZY BEAR և APT29 խմբերում

Atlantic Media ընկերության կազմում գործող Defense One վերլուծական կենտրոնի փոխանցմամբ, հաքերային հարձակումները իրականացրել են COZY BEAR կամ APT29 անուններով գործող խմբավորումները, որոնք, ըստ ամերիկացի մասնագետների, հստակ առնչություն ունեն ՖՍԲ-ի՝ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հետ:

Կիբերանվտանգության հարցերով զբաղվող CrowdStrike ընկերության ղեկավար Դմիտրի Ալպերտովիչը հայտնել է, որ Ռուսաստանին վերաբերող տեղեկություններ վերլուծող հինգ կառույցների և տասը անհատ մասնագետների կայքերը ենթարկվել են «չափազանց ճշգրիտ, թիրախավորված» հարձակումների:

«Ռուսներն անկախ հաստատության գաղափար չեն ընկալում»

CrowdStrike-ն իր բացահայտման մասին անմիջապես տեղեկացրել է պատվիրատուներին, և հաքերները զրկվել են կարևոր տեղեկություններ գողանալու հնարավորությունից:

«Սա կարծես, մասնագիտական հպարտության նշան լինի․ որքան մեծ համբավ ունի վերկլուծական կենտրոնը, այնքան մեծ է դարձել գրոհի ենթարկվելու հավանականությունը: Ռուսները պարզապես չեն ընկալում անկախ հաստատությունների գաղափարը և ամեն ինչում նախագահ Օբամայի գաղտնի հրահանգներ են որոնում: Բացի այդ, այս հաքերային գրոհների մասին երևի գրում են իրենց շեֆերին, որ նրանք հասկանան, թե ինչ, այսպես ասած, լավ լրտեսներ են», - կեսկատակ ասել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի փոխնախագահ Էնդրյու Շվարցը:

XS
SM
MD
LG