Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Ղարաբաղյան կարգավորման գործընթացում բեկման հնարավորություն կա»


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, արխիվ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, արխիվ:

«Պետերբուրգում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո ղարաբաղյան կարգավորման բանակցությունները կարծես ճիշտ ուղու վրա են», - երկուշաբթի օրը Թբիլիսիում Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեի հետ բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը` պետերբուրգյան հանդիպումը բնութագրելով որպես բանակցային պրոցեսի «կարևոր դրվագ»:

«Տրամադրվածություն և համոզմունք կա, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, ինչն իր հերթին կարող է բանակցային պրոցեսում բեկման հանգեցնել: Մենք կարծում ենք, որ նման հնարավորությունն առկա է: Խնդիրը շատ հստակ է․ մենք դա անվանում ենք փոխշահավետ իրավիճակ, երբ ստեղծված կացությունից շահած կարող են դուրս գալ ոչ միայն այն մարդիկ, ովքեր ենթարկվել են էթնիկ զտման և ներքին տեղահանվածներ են դարձել, այլև պետություններն ու կառավարությունները: Այս ամենը կարող է փոխշահավետ համագործակցության հսկայական հնարավորություններ ստեղծել», - նշել է Մամեդյարովը:

«Քաղաքական կամք․ ահա այն հիմնական գործոնը, որն անհրաժեշտ է ղարաբաղյան կարգավորման բանակցային պրոցեսում բեկում ապահովելու համար», - համոզմունք է հայտնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը՝ պնդելով․ - «Համապատասխան քաղաքական կամքի դրսևորման և միջազգային իրավունքի նորմերի, արդեն իսկ ընդունված բանաձևերի ու փաստաթղթերի, այդ թվում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հանդեպ հարգանք ցուցաբերելու դեպքում, մենք ի վիճակի կլինենք ընդհանուր հայտարարի գալ, ինչի շնորհիվ տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում կհաստատվի: Դա նախևառաջ շահավետ է լինելու Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար»:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն իր թբիլիսյան այցի ընթացքում երեկ չշրջանցեց նաև Վրաստանի հետ համատեղ իրականացվող էներգետիկ և տրանսպորտային նախագծերի, նախևառաջ Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության թեման: Մամեդյարովի համոզմամբ, Հայաստանը շրջանցող այս երկաթուղու շինարարությունն ավարտին կհասցվի արդեն առաջիկա ամիսներին․ - «Վրաստան կատարած իմ վերջին այցի ընթացքում, իմ լավ բարեկամ Միխաիլ Ջանելիձեի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի հետ մեկտեղ, ինձ ևս գնացքով մինչև թուրք-վրացական սահման հասնելու բացառիկ հնարավորություն ընձեռվեց: Կարծում եմ, որ ինչպես և խոստացվել է, այս տարի արդեն շահագործման կհանձնվի երկաթուղու վերջին՝ թուրքական հատվածը»:

Հավելենք, որ Մամեդյարովի թբիլիսյան այցի ընթացքում կողմերը պայմանավորվել են աշխատել ևս 15 երկկողմ համաձայնագրեր մշակելու ուղղությամբ: Արդեն գործող վրաց-ադրբեջանական համաձայնագրերի ընդհանուր թիվը հասնում է 110-ի:

Առաջիկա օրերին երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով պաշտոնական այցով Բաքու կմեկնի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG