Մատչելիության հղումներ

Հանրությանն անհայտ պայմաններում «Գազպրոմ»-ին ունեցած 300 միլիոն դոլար պարտքը փակելուց շատ չանցած պարզվում է, որ Հայաստանի կառավարությունը նոր, հսկայածավալ պարտք է կուտակել ռուսաստանյան մոնոպոլիստին:

«Ազատության» հարցմանն ի պատասխան «Գազպրոմ Արմենիա»-ից հաստատեցին տեղեկությունը, որ Հայաստանի կառավարությանը պատկանող Երևանի ՋԷԿ-ը այս հուլիսի դրությամբ «Գազպրոմ Արմենիա»-ին պարտք է եղել 52.3 միլիոն ԱՄՆ դոլար, թեև ընկերության լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը հավելեց՝ պարտքի զգալի մասը մարվել է:

«Ազատության» հարցին, թե որքան է «Գազպրոմ Արմենիա»-ին Երևանի ՋԷԿ-ի պարտքը, Սարդարյանն արձագանքեց․ - «Այս պահի դրությամբ կոնկրետ գումարի չափի մասին չեմ կարող ասել: Ինչ վերաբերում է պարտքին, ապա պարտքը առաջացել է մատակարարված գազի և էլեկտրաէներգիայի համար: Ընդ որում, կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի առջև կուտակված պարտքի զգալի մասը մարվել է դրամական միջոցներով»:

Իսկ հարցին, թե երբ է առաջացել այդ պարտքը, Սարդարյանը պատասխանեց․ - «Պարտքը առաջացել է 2015 թվականից: Ես կարծում եմ, թե ինչու է առաջացել հարցը ճիշտ կլինի ուղղել «Երևան ՋԷԿ»-ին: Թե ինչու և ինչ պատճառներով է առաջացել պարտքը, կարծում եմ, նրանք ավելի հստակ կպատասխանեն»:

«Գազպրոմ Արմենիա»-ի լրատվական ծառայության ղեկավարը հերքեց, թե քննարկվում է նշված պարտքի դիմաց «Երևան ՋԷԿ»-ը փոխանցել «Գազպրոմ Արմենիա»-ին․ - «Այդ հարցը չի քննարկվում, և «Գազպրոմ Արմենիա»-ն նման մտադրություն չունի: Ինչպես արդեն ասացի, ներկայումս վճարային պարտավորությունների մնացած մասի վճարման եղանակի շուրջ համապատասխան քննարկումներ են ընթանում, որքան ես տեղյակ եմ: Եվ կարծում եմ, առաջիկայում լուծման եղանակները կգտնվեն, և պարտքը կմարվի ամբողջությամբ»:

Նա հավելեց, որ այս պահին ՋԷԿ-ը նոր պարտք չի կուտակում․ - «Ոչ: Ինչպես ես արդեն նշեցի, ներկայումս ընթանում են քննարկումներ պարտքի մարման եղանակների շուրջ և հարցը արդեն, բնականաբար, դուրս է գալիս»:

Պատասխանելով հարցին, թե արդյոք «Գազպրոմ Արմենիա»-ին պարտք ունի Հայաստանի կառավարությանը պատկանող որևէ ընկերություն, Շուշան Սարդարյանն ասաց․ - «Ոչ: Բոլոր ընկերությունները ապահովում են հարյուր տոկոս գանձումներ: Միակ պարտք կուտակած ընկերությունը Երևանի ՋԷԿ-ն էր»:

Թե այժմ որքան է պարտք Երևանի ՋԷԿ-ը «Գազպրոմ Արմենիա»-ին, որն ամբողջովին պատկանում է «Գազպրոմ»-ին, հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե ինչպես է մտադիր Հայաստանի կառավարությունը մարել պարտքի մնացած մասը:

Այս հարցերի պատասխանը ստանալու համար «Ազատությունը» դիմել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, պատասխան դեռ չունենք:

«Գազպրոմ»-ին Հայաստանի ունեցած նախորդ պարտքը՝ 300 միլիոն դոլար, մարվեց սկանդալով: 2013 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի նախագահ Պուտինի երևանյան այցի ժամանակ ստորագրվեց փաստաթուղթ, ըստ որի Հայաստանի կառավարությունը «Գազպրոմ»-ին հանձնեց «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանին պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը: Գործարքից հետո միայն հայաստանյան հանրությունը անակնկալ տեղեկացավ, որ երկիրը տարիների ընթացքում ռուսաստանյան ընկերության առջև կուտակել է 300 միլիոն դոլար պարտք և 20 տոկոս բաժնեմասը փոխանցվել է այդ պարտքը մարելու համար:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքով, նախորդ տարիներին Հայաստանի էներգետիկ համակարգում չդադարող խնդիրները վկայում են, որ իշխանությունները չեն կարողանում ապահովել երկրի էներգետիկ համակարգի անվտանգությունը:

«Եթե վերադառնում ենք՝ ինչի՞ մասին է վկայում պարտքերի նման կուտակումը և կարծես թե դրա վերջը չկա, առաջինը, դա ոչ-թափանցիկ գործելաոճի երևույթներն են: Նման մեխանիզմները խորը համակարգային խնդիրների մասին են վկայում․․․ Բացառված չէ, որ նույն այդ Երևանի ՋԷԿ-ը ինչ-որ իր գումարներից «Նաիրիտ»-ի կամ այլ բնավագավառի վրա ծախսեր է արել»:

Տնտեսագետի խոսքով, արդեն այսօր ակնհայտ է դառնում, որ որոշ ժամանակ անց կրկին սեղանին է դրվելու գազի թանկացման հարցը․ - «Եթե մենք 2015 թվականի հաշվետվությունն ենք նայում, «Գազպրոմ Արմենիա»-ն համարյա նույն ծավալի վարկային պորտֆելն է իր մեծացրել: Ինչը նշանակում է, որ ապագայում էդ վարկային պորտֆելը ևս սակագնի կառուցվածքի մեջ ուղղակի և անուղղակի մեթոդներով, ըստ էության, կներառվի, այսինքն՝ էլի սակագինը կբարձրանա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG