Մատչելիության հղումներ

Պուտինը չի այցելի Թուրքիա՝ ֆուտբոլ դիտելու


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին Սանկտ Պետերբուրգում, 9-ը օգոստոսի, 2016թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին Սանկտ Պետերբուրգում, 9-ը օգոստոսի, 2016թ․

Վլադիմիր Պուտինը չի այցելի Թուրքիա՝ Ռուսաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջև ընկերական խաղը դիտելու: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Ռուսաստանի նախագահը խաղը կդիտի, բայց ոչ Թուրքիայում:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ պաշտոնական Անկարան ուրախ կլինի, եթե Պուտինը այցելի Անթալիա, որտեղ վաղը կայանալու է ֆուտբոլային հանդիպումը: Այցը կօգներ երկու երկրների միջև հարաբերությունները վերականգնելու գործընթացին, հայտարարել էր Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Երկու երկրների միջև 7 ամիս տևած քաղաքական ճգնաժամից հետո առաջին անգամ Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպել են օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում: Բանակցությունների ժամանակ Էրդողանն իր ռուսաստանցի գործընկերոջը հրավիրել էր Թուրքիա՝ ֆուտբոլ դիտելու: Ենթադրվում էր, որ Պուտինը պետք է ընդուներ հրավերը, սակայն Սիրիայի շուրջ նոր զարգացումները, փորձագետների կարծիքով, փոքր-ինչ սառեցրել են երկու երկրների նախագահների նորից ջերմացած հարաբերությունները:

Հիշեցնենք՝ 2015 թվականի նոյեմբերի 24-ի միջադեպից հետո, երբ թուրք - սիրիական սահմանին թուրքական զինուժը խոցել էին ռուսական ռազմական օդանավը, պաշտոնական Մոսկվան կտրուկ սառեցրել էր հարաբերությունները Անկարայի հետ: 7 ամիս անց Թուրքիայի նախագահը նամակ էր ուղղել Պուտինի, որում, ինչպես պաշտոնական Մոսկվան է հայտարարել, ներողություն էր խնդրել կատարվածի համար: Այդ նամակից հետո սկսվեց ռուս - թուրքական հարաբերությունները վերականգնելու գործընթացը:

XS
SM
MD
LG