Մատչելիության հղումներ

12-րդ դասարանցիները երկրորդ կիսամյակում ընդամենը երեք առարկա կուսումնասիրեն


Դպրոց Էջմիածնում, արխիվ

Դպրոց Էջմիածնում, արխիվ

Սեպտեմբերի 1-ից 12-րդ դասարանի աշակերտը 5-ից ավելի առարկաների փոխարեն երկրորդ կիսամյակում ընդամենը երեք առարկա կուսումնասիրի՝ իր ընտրությամբ:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի այս որոշումը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «կոսմետիկ քայլ» է համարում, պնդելով՝ նախարարությունը փաստորեն ընդունեց, որ հանրակրթությունն ավագ դպրոցի վերջին դասարանում կարևոր չէ: ԵՊՀ դասախոսի պնդմամբ՝ միևնույնն է՝ 12-րդ դասարանցին դպրոցում դասերի հաշվին էր կրկնուսույցի հանձնարարությունը կատարում:

«Հենց սա օրինականացրեց նախարարությունը», - «Ազատությանը» փոխանցեց փորձագետը, - «Ինչ-որ իմաստով ես սա համարում է զիջում կրկնուսույցների ինստիտուտին»:

Ավագ դպրոցի հիմքերը դրվեցին 2008 թ․-ին, երբ ԿԳ նախարարը կրկին Լևոն Մկրտչյանն էր: Շուրջ 8 տարի ընդմիջումից հետո նախարարի աթոռին վերադարձած Մկրտչյանը օրերս կայացած ասուլիսում ասել էր, որ ավագ դպրոցի ուսումնառության երկու տարիները մինչև այսօր անարդյունավետ են օգտագործվել:

Թեպետ ավագ դպրոցի հիմնադրման օրից պաշտոնական դիրքորոշումը կրկնուսույցի ինստիտուտին վերջն դնելն էր, այսօր ԿԳ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն «Ազատությանն» ասաց՝ նպատակը դա չէ․ - «Կրկնուսույցի դեմ պայքար չկա: Այդ երեխան ասում էր, որ՝ էլ չեմ կարողանում: Ինքը հոգնում էր՝ 6-7 առարկա անցնելուց ու երկրորդ կիսամյակին հոգեբանորեն իր ուղեղը միայն գնում էր այն առարկաներին, որը ինքը պիտի բուհում տա: Փորձ է՝ սկսվեց: Թող հանգիստ թողնեն՝ անենք: Երեխայի համար ենք արել»:

Տարիներ շարունակ ոլորտն ուսումնասիրած կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը համոզվել է՝ ավագ դպրոցը թանկ համակարգ է․ այն կկայանա այն երկրում, որտեղ պետությունը հայեցակարգ մշակելուց ու դպրոցի շենք վերանորոգելուց բացի նաև լուրջ ներդրումներ կանի որակյալ մասնագետներ պատրաստելու ուղղությամբ: 21-րդ դարի սովորողը քմահաճ է՝ պնդեց, նա միշտ էլ գնալու է կրկնուսույցի մոտ, քանի դեռ միջին դպրոցում ուսուցման մեթոդը կարծրատիպային է:

«Ինչո՞ւ է գնում կրնուսույցի մոտ՝ որովհետև 7-րդ, 8-րդ, 9-րդ դասարանի ծրագիրը չի յուրացրել, գնում է կրկնուսույցի մոտ, որը իրեն զրոյից սկսում է սովորեցնել՝ վարժեցնել: Մեր ուսուցիչները նաև պատրաստ չեն, թե ինչպես պետք է աշխատել 17-18 տարեկան, 21-րդ դարի տեխնոլոգիաներից օգտվող աշակերտների հետ: Եթե աշակերտը մտավ դասարան ու ձանձրացավ, արդեն քո այդ հայեցակարգը՝ 3 առարկա կլինի, թե 13՝ նույն բանն է», - կարծիք հայտնեց Խաչատրյանը:

Երևանի առաջին ավագ դպրոցներից մեկի՝ թիվ 114-ի տնօրեն Ռուզաննա Կոստանյանն «Ազատությանն» ասաց՝ իրենց 253 շրջանավարտներից 14-ը բուհ է ընդունվել միայն դպրոցի գիտելիքով: Փորձագետի գնահատականներին հակադարձեց՝ ուսուցչի գործը դժվարացել է, 21-րդ դարի աշակերտը չի ուզում սովորել:

«21-րդ դարի աշակերտին ավելի շատ հետաքրքրում են կողմնակի բաները, քան իրենց դասերը: Այսօրվա սովորողը չի ուզում: Ես որպես մանկավարժ, որպես 20 տարվա տնօրեն եմ ասում», - վստահեցրեց Կոստանյանը:

Թեպետ նախարարի այս որոշումը, ըստ ավագ դպրոցի տնօրենի, հօգուտ 12-րդ դասարանցիների է, բայց ասաց՝ դպրոցում ուսուցիչների կրճատումներ ու աշխատավարձերի նվազում կլինի:

«Դպրոցները ինչ-որ խնդիրներ կունենան բնականաբար, որովհետև արդեն իսկ այդքան ժամով կրճատվում է ուսուցիչների ժամաքանակը երկրորդ կիսամյակում», - պարզաբանեց թիվ 114-ի դպրոցի տնօրենը:

Մինչդեռ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հակառակը պնդեց՝ ուսուցչի աշխատավարձը կբարձրանա, երբ օպտիմալացումների այս փուլում դպրոցում չմնան կես դրույքով դասավանդողները:

«Շատ տարիներ առաջ դպրոց են մտել ուսուցիչներ, որոնք երկու ժամ են ունեցել, երեք ժամ: Չի լինի՝ ուսուցիչը պիտի մի դրույքով լինի: Երբ ինքը 22 ժամ ունենա, դասղեկ լինի, ինչ-որ ծանրաբեռնվածություններ, մոտ 150,000 ստանում է», - հավաստիացրեց Հովհաննիսյանը:

XS
SM
MD
LG