Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյանն ու Գագիկ Եղիազարյանը կմնան անազատության մեջ


Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը կմնան անազատության մեջ:

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց փաստաբանների բողոքն ու անփոփոխ թողեց նրանց խափանման միջոցը:

Սեֆիլյանի Փաստաբան Արա Զաքարյանի պնդում է, թե դատարանն այսօր քաղաքական որոշում կայացրեց․ - «Ներկայացրած նյութերով նախ կասկածը չի հիմնավորվում, որ Ժիրայր Սեֆիլյանը առնչություն ունի իրեն մեղսագրվող հանցագործությանը: Չի ներկայացվել թույլատրելի նյութեր, որոնցով կարող է երևալ, որ Ժիրայր Սեֆիլյանը, ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է խոչընդոտել քննությանը, չի երևում քննիչի կողմից ջանասիրաբար գործը քննելու հանգամանքը»:

Հիմնադիր խորհրդարանի առաջնորդը ճաղերի հետևում հայտնվեց հունիսի 20-ին` ապօրինի զենք կրելու, պահելու և փոխադրելու մեղադրանքով: Օրեր առաջ, սակայն, քննչական մարմինը Սեֆիլյանի այս գործը միավորեց ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերի», ինչպես նաև 2015-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին զանգվածային անկարգություններ կազմակերպելու քրեական գործի հետ, որի շրջանակում, ի դեպ, ժիրայր Սեֆիլյանը, Հիմնադիր խորհրդարանի այլ անդամների հետ մի քանի ամսով կալանավորվել էր, ապա ստորագրությամբ ազատ արձակվել։

Փաստաբան Արա Զաքարյանի խոսքով, կալանավորումից ի վեր քննչական գործողություններ գրեթե չեն իրականացվել․ - «Միացնելու իմաստն էլ ես, անկեղծ ասած, չեմ կարողանում հասկանալ, որովհետև բոլորովին այլ՝ ենթադրյալ հանցագործությունները բերել, իրար միացնել․․․ սա ևս խոսում է մի բանի մասին, որ, որպես էդպիսին, ընդդիմության հանդեպ իշխանությունները ուզում են տեսնեն հաշվեհարդար՝ այս քրեական գործերը իրար միացնելով: Էդ թվում նաև միացրել են անցած տարվա ապրիլի միջոցառմանը մասնակցության կապակցությամբ հարուցված քրեական գործը, որով շուրջ տարիուկես է մեր պաշտպանյալներից ոչ մեկի մասնակցությամբ ոչ մի քննչական գործողություն չի կատարվել: Եվ ոչ գործը կարճվել ա, ոչ էլ դատարան ա ուղարկվել: Այսինքն այդ գործը այն դամոկլյան սուրն էր, որը որ պահում էին քաղաքական գործիչների համար, իրենց հայացքների համար գլխատելու առումով»:

Սեֆիլյանի գործին զուգահեռ, Վերաքննիչ դատարանը այսօր քննեց «Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղիազարյանի բողոքը: Նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանի պնդմամբ, դատարանը որևէ էական հիմնավորում չներկայացրեց, թե ինչու է մերժում իրենց բողոքը․ - «Երկու մեղադրանքով էլ որևէ ապացույց չկար, որ հիմնավոր կասկած կա: Ավելին, կային ապացույցներ, որոնց հիման վրա մենք պնդում ենք, որ դատարանը կարող էր հետևություն անել, որ հիմնավոր կասկածը բացակայում է»:

Հիմնադիր խորհրդարանի աջակիցներն այսօր մոտ երկու ժամ բողոքի ակցիա իրականացրեցին դատարանի բակում: Նրանք փակել էին դատարանի մուտքերը՝ պահանջելով ազատ արձակել կալանավորվածներին։

Սեֆիլյանի ու Եղիազարյանի պաշտպանները մտադիր են Վճռաբեկ դատարանում բողոքարկել կալանավորման որոշումները։

XS
SM
MD
LG