Մատչելիության հղումներ

Իրանը ռուսական հրթիռներ է տեղակայել միջուկային կենտրոնի մոտ


Ֆորդոյի միջուկային կենտրոնը պաշտպանելու են ռուսական արտադրության С-300 հրթիռային համակարգերը, IRIB հեռուստաընկերության լուսանկարը, Իրան, 29, 2016թ.
Ֆորդոյի միջուկային կենտրոնը պաշտպանելու են ռուսական արտադրության С-300 հրթիռային համակարգերը, IRIB հեռուստաընկերության լուսանկարը, Իրան, 29, 2016թ.

Ռուս-իրանական համագործակցությունը Արևմուտքին հասցեագրված ուղերձ է:

Իրանի պետական հեռուստակայանը՝ IRIB-ը, հաղորդել է Ֆորդոյի միջուկային կենտրոնի պաշտպանության համար ռուսական արտադրության հեռահար հրթիռային համակարգեր տեղակայելու մասին:

С-300 տեսակի հրթիռների տեղակայման լուրը IRIB-ին հայտնել է Իրանի հակաօդային պաշտպանության զորամիավորումների հրամանատար, գեներալ Ֆարզադ Էսմայիլին:

«Ինչպես տեսնում եք, համակարգը դեռ տեղադրված չէ, բայց Իրանն արդեն ունի ամենապաշտպանված օդային տարածքը մեր տարածաշրջանում», - հպարտությամբ ասել է գեներալը:

IRIB-ը ցուցադրել է ռեպորտաժ մեծ բեռնատարներով հրթիռային համակարգերը Ֆորդո հասցնելու մասին, ընդ որում, ծրագիրը եթեր է հեռարձակվել ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ուղերձով դիմել է բարձրաստիճան զինվորականներին, որոնց թվում էր նաև գեներալ Էսմայիլին: Առաջնորդն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական ծրագրերը խաղաղ նպատակ են հետապնդում:

«С -300-ը ոչ թե հարձակման, այլ պաշտպանության զենք է, սակայն ամերիկացիները փորձեցին ամեն ինչ անել, որ մենք չստանանք այդ համակարգը», - ասել է գերագույն ղեկավարը:

Ֆորդոն գտնվում է Իրանի լեռնային շրջանում՝ Ղոմ քաղաքի մոտ: Ի կատարումն Իրանի և վեց գերտերությունների միջև ձեռք բերված պատմական պայմանագրի, Ֆորդոյի կենտրոնն այս տարեսկզբից պետք է դադարեցներ ուրանի հարստացումը: Ամենայն հավանականությամբ, ռուսաստանցի մասնագետները եթե ոչ սպասարկում, ապա առնվազն օգնում են իրանցիներին С-300 համակարգերի հետ աշխատելու հարցում, սակայն այդ թեման Թեհրանը չի մեկնաբանում: Բոլոր դեպքերում կարելի է փաստել, որ ռուս-իրանական համագործակցությունը ռազմական ասպարեզում բավական արդյունավետ է ընթանում: Դա է ապացուցում նաև այն հանգամանքը, որ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ռուսական մարտական օդանավերը վառելիքով լիցքավորվելու համար վերջերս պարբերաբար վայրէջքներ են կատարել Համադանի օդակայանում: Եվ այս առումով վերլուծաբանները փորձում են գնահատել Մոսկվայի ու Թեհրանի կապերի ընդարձակման հետևանքները:

Moscow Times-ի մեկնաբան, «Միջուկային Իրան. Ատոմային պետության ծնունդը» վերնագրով գրքի հեղինակ Դեյվիդ Պատրիկարակոսը ենթադրում է, որ ռուս-իրանական մերձեցումն Արևմուտքին հասցեագրված լուրջ ուղերձ է:

Ռուսաստանը և Իրանը 1991 թվականից տնտեսական սերտ կապեր են հաստատում: Ռուսները համաձայնել են ավարտին հասցնել Բուշերի ատոմակայանի կառուցումը: Ռուսաստանն ուներ փողի կարիք, Իրանը՝ մասնագետների, դա միություն կազմելու հոյակապ առիթ էր:

2000-ականների զարգացումը նոր լիցք է ստացել նաև դիվանագիտական ասպարեզում՝ Ռուսաստանը և Չինաստանը սկսել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կասեցնել միջուկային ծրագրի հարցով Իրանի դեմ առաջարկված պատժամիջոցները: Կնքվել է համաձայնություն Իրանին ռուսական արտադրության տեխնիկա, այդ թվում «Սու-34» կործանիչներ վաճառելու մասին:

Այս զարգացումներն արտացոլում են Սիրիայի հարցում Պուտինի քաղաքականության նոր հայեցակարգը:

«Իրանի ներկայիս կառավարությունը, որի ղեկավար նախագահ Հասան Ռոհանին համարվում է բարեփոխական, բավական զգուշավոր է Ռուսաստանի հանդեպ և կցանկանար առավել հավասարակշռված կապեր ունենալ Արևմուտքի հետ, սակայն կարծր դիրքորշման կողմնակիցները թիվ մեկ թշնամի են համարում Ամերիկան և պնդում են, որ հենց այդ համատեքստում պետք է ռուսների հետ ավելի սերտ համագործակցել», - ասել է վերլուծաբան Մեիր Ջավենդֆարը:

Մոսկվայի համար չափազանց շահավետ է ռազմական թեկուզ փոքրիկ հենակետ ունենալ Իրանում, քանի որ դա թույլ կտա ավելի արագ և ավելի մեծ քանակովռումբեր ու հրթիռներ տեղավորել ռմբակոծիչներում:

Իրանն էլ իր շահն ունի՝ որքան շատ ռուսները ոչնչացնեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ կռվող զինյալներ, այնքան ավելի քիչ կզոհվեն նույն խնդրով զբաղված իրանցի զինվորներ:

«Ռուսաստանն արդեն պատժամիջոցների տակ է, ուստի, առանձնապես չի մտահոգվում Արևմուտքի արձագանքով, բացի այդ, նրանք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են և միշտ կարող են վետո դնել ոչ բարենպաստ բանաձևի վրա», - ասել է Ջավենդֆարը:

Ռուս-իրանական կապը թուլացնում է Վաշինգտոնի օգնությամբ պայքարը շարունակող սիրիական ընդդիմության դիրքերը: Բայց այս հարցում ամերիկացի վերլուծաբանների շրջանում կա մեկ այլ մոտեցում՝ ամերիկացիները կարող են ասել, որ եթե ռուսներն ու իրանցիներն ուզում են էլ ավելի ներքաշվել սիրիական մղձավանջի մեջ, միլիարդներ ծախսել, ծանր կորուստներ կրել և արդյունքում թուլանալ, այլ կերպ ասած՝ եթե Մոսկվան և Թեհրանն ուզում են, որ Սիրիան դառնա իրենց Իրաքը՝ թող այդպես էլ անեն:

«Ռուսներն ու իրանցիները խելոք կլինեն, եթե մտածեն, որ կարող են իրենց ռումբերով օգնել Ասադին պահպանել իշխանությունը, օգնել մեկին, ով 200 հազար մարդ է կոտորել քիմիական զենքով ու հթիռներով: Կտեսնենք, թե քանի ռումբ Սիրիայում դեռ պետք է պայթի, քանի մարդ պետք է սպանվի, քանի միլիարդ դոլար պետք է վատնվի, որ նրանք դա հասկանան», - ասել է վերլուծաբան Ջավենդֆարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG