Մատչելիության հղումներ

Թուրքիայի գործողությունները Սիրիայի քրդերի դեմ քննադատության են արժանանում


Պաշտոնական Անկարան այսօր կրկին կոչ է արել Սիրիայի քրդերին անհապաղ ետ քաշվել Եփրատ գետի արևելյան ափ. հակառակ դեպքում Թուրքիայի զինուժը կընդլայնի Սիրիայում սկսված ռազմական գործողությունները, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հոլանդացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։

Թուրքական զինուժն անցած շաբաթ ցամաքային ու օդային գործողություններ սկսեց Սիրիայի տարածքում, հայտարարելով, թե նպատակ ունի պայքարել «Իսլամական պետություն» խմբավորման և քուրդ ահաբեկիչների դեմ: Արևմտյան լրատվամիջոցներն ու իրավապաշտպան խմբերը, սակայն, պնդում են, թե «Եփրատի վահան» անունը ստացած ռազմական գործողությունն իրականում ուղղված է քրդերի դեմ և որ դրանով Անկարան ուզում է ազատվել Սիրիայի սահմանին ինքնավարության ձգտող քրդերից:

Սիրիացի իրավապաշտպանների հաշվարկներով վերջին օրերին Թուրքիայի զինուժի ռազմական գործողությունների արդյունքում 11 գյուղ ազատվել է քրդերից, և միայն երկուսը՝ «Իսլամական պետության» զինյալներից: Սիրիայի քրդերն արդեն հայտարարել են, որ պաշտոնական Անկարան իրականում օկուպացնում է հարևան երկրի տարածքը: Մինչդեռ թուրքական լրատվամիջոցները պարբերաբար տեղեկություններ են հրապարակում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին: «Անադոլու» գործակալությունը այսօր գրել է, թե թուրքական զինված ուժերը «Եփրատի վահան» գործողության շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում Ջարաբլուս շրջանում և մերձակայքում ահաբեկիչներին պատկանող 20 թիրախի ուղղությամբ 61 հարված են հասցրել։

Պաշտոնական Վաշինգտոնը, սակայն, Անկարայի գործողություններում հստակ տարանջատում չի տեսնում։ - «Միացյալ Նահանգներն ուզում է հստակ ընդգծել, որ անընդունելի և խիստ մտահոգիչ են մարտերը այն տարածքներում, որտեղ «Իսլամական պետությունը» տեղակայված չէ», - Թվիթերում գրել է Պենտագոնի խոսնակը՝ կոչ անելով կողմերին կենտրոնանալ «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարի վրա:

Ի տարբերություն Թուրքիայի, Միացյալ Նահանգները Սիրիայի քրդական դեմոկրատական կուսակցությանը ոչ միայն ահաբեկչական չի համարում, այլև դիտարկում է որպես արդյունավետ ուժ «Իսլամական պետության» դեմ պայքարում: Հենց ամերիկացիների աջակցությամբ այս ամսվա սկզբին քրդերը գրավեցին կարևոր նշանակություն ունեցող Մանբիջ բնակավայրը, որը մինչ այդ «Իսլամական պետության» վերահսկողության տակ էր գտնվում:

Թուրքական լրատվամիջոցները գրում են, թե Սիրիայի քրդերի պաշտպանության ջոկատները հիմա ամրապնդում են իրենց դիրքերը Մանբիջի մերձակայքում՝ հրաժարվելով անցնել Եփրատի արևելյան ափ։ Իրավապաշտպաններն ահազանգում են՝ Մանբիջից հյուսիս ընթացող մարտերի և ռմբակոծությունների հետևանքով խաղաղ բնակչությունն է տուժում։ Արդեն 35 զոհի մասին տեղեկություն է հաղորդվում:

Թուրքական զինված ուժերի ղեկավարությունը պնդում է՝ իրենք ամեն ինչ անում են ռազմական գործողությունների թատերաբեմ դարձած շրջանների բնակչության անվտանգությունը ապահովելու համար։

XS
SM
MD
LG