Մատչելիության հղումներ

logo-print

Առաջիկա համապետական ընտրություններում 4+4+4 ձևաչափով համաձայնեցված փոփոխությունները չեն գործի


ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, արխիվ:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, արխիվ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ 4+4+4 պայմանական ձևաչափով անցկացված բանակցությունների արդյունքում Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները առաջիկա համապետական ընտրություններին կյանքի չեն կոչվելու:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ երեք օր առաջ կառավարությունից տեղեկացրել են, որ տեխնիկական ապահովումն իրականացնող լեհական ընկերությունը չի կարող մինչև սեպտեմբերի 1-ը սկսել գործընթացը, ինչը պահանջվում էր օրենքով:

«Նոր եղանակով գործընթացներին մեկնարկ ուղղակիորեն տրվել չի կարող: Եվ հենց նշվածով պայմանավորված՝ ես կարծում եմ, որ այս պայմաններում ուղղակիորեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող համարել, որ «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ 120-Ն որոշմամբ նախատեսված գործառույթները կատարված են այն ծավալով, ինչը հնարավորություն կտար վերջինիս ընդունելու համապատասխան որոշում, որով այդ օրենքի կանոնակարգումները կմտնեին ուժի մեջ»:

4+4+4 ձևաչափով ամիսների տևած քննարկումների արդյունքում այս տարվա հունիսի 30-ին ընդունված Ընտրական օրենսգիրքը կրկին փոփոխվեց: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավորվեց միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ մինչև սեպտեմբերի 1-ը սկսել փոփոխությունների գործընթացը, համաձայն որի ընտրողներին պետք է անվճար տրամադրվեին նույնականացման քարտեր, ձեռք բերվեին տասը մատնահետքերը ստուգող սարքավորումներ և ստեղծվեր այդ մատնահետքերի տվյալների միասնական պահոց:

Տիգրան Մուկուչյանը հրապարակեց Հայաստանի կառավարությունից ստացված նամակը, և պարզվեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններից ընդամենը մի քանի օր անց՝ հուլիսի 8-ին իշխանություններն արդեն տեղյակ են եղել գործընթացի անհնարինության մասին:

«Ազատության» հետ զրույցում Մուկուչյանը պարզաբանեց․ - «Գրության մեջ նշված է, որ դա, ըստ էության, եղել է մի գրություն, հետո նորից նոր գրություն է ուղարկվել: Եղել է բավականին մեծ քննարկման շրջան․․․ դիմել են, ստացել համապատասխան պատասխան, որից հետո՝ նոր քննարկումներ, նոր նամակ: Այսինքն դա եղել ա մի ամբողջ գործընթաց՝ հասկանալու համար, որ արդյո՞ք հնարավոր է սահմանված ժամկետներում մեկնարկել այդ գործընթացը, թե՞ ոչ»:

Թեև 4+4+4 ձևաչափով բանակցություններին մասնակցած Հայ ազգային կոնգրեսն ու «Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարում են, որ գործընթացը տապալվել է, սակայն, նշում են, որ Հանրապետական կուսակցության հետ այժմ քննարկում են քվեարկած անձանց ցուցակները հրապարակելու հարցը:

Այս գործառույթը պետք է իրականացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Տիգրան Մուկուչյանը, սակայն, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բանակցություններից տեղյակ չէ, սակայն, եթե նման որոշում կայացվի, հանձնաժողովը պարտավոր կլինի կյանքի կոչել այն․ - «Ցանկացած որոշում, ըստ էության, ձևակերպվելու է օրենքի տեսքով, որովհետև Ընտրական օրենսգրքում ամրագրված են կանոնակարգումներ, և եթե այդ գործընթացի հետ կապված նոր մոտեցումներ են ամրագրվում, ապա բնական է, դրանք պետք է լինեն արդեն Ընտրական օրենսգրքի իրավադրույթներ: Եվ ինչպես բոլոր իրավադրույթները, այդպես էլ այդ առաջարկությունը, որոնք արդեն կդառնան Ընտրական օրենսգրքի իրավակարգավորումներ, միանշանակ է՝ դրանք պարտադիր են լինելու»:

Ընտրական օրենսգրքի բանակցված փոփոխությունների համար պահանջվում էր 16 մլն եվրո, և չնայած ընդդիմադիրների պնդմանը, թե անհրաժեշտ գումարը դեռ նախորդ ամսվանից առկա է, Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ԿԸՀ նախագահին ուղարկած նամակում նշել է, թե «այդ հանգամանքը հաստատող փաստաթուղթ գոյություն չունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG