Մատչելիության հղումներ

Գեղամ Բաղդասարյանը ԼՂ Սահմանադրության փոփոխությունը «կեղծ օրակարգ» է համարում


Լեռնային Ղարաբաղում Սահմանադրության փոփոխությունը վերլուծաբան Գեղամ Բաղդասարյանը կեղծ օրակարգ է համարում․ «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագրի խոսքով այս պահին շատ ավելի լուրջ մարտահրավերներ կան և իշխանությունները նախևառաջ դրա մասին պետք է մտածեն։

«Հեղուկ գազի գինը Արցախում կրկնակի թանկ է, քան Հայաստանում, Արցախում կա հեռահաղորդակցության միայն մեկ օպերատոր իր դրակոնյան գներով ու կանոններով, կան մոնոպոլիաներ բոլոր ոլորտներում: Արցախում կա ընդամենը մեկ հեռուստաընկերություն՝ դա Արցախի հանրային ընկերությունն է։ Սահմանադրության փոփոխությունը չէ այս ամենը լուծելու բանալին», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգորյանի կարծիքով էլ Սահմանադրություն փոխելու ներքին պահանջ Լեռնային Ղարաբաղում չկա։

«Ամենամեծ վտանգը տեսնում եմ, որ կատարվում է անհատի համար, ոչ թե հասարակությունում ինչ-որ փոփոխություններ կատարելու: Եթե դրա համար է փոխվում Սահմանադրությունը, նույնիսկ ամենալավ բաները գրեն այդ Սահմանդրությունում, մեծ բան չի փոխվելու: Մենք հուլիսին կանգնեցինք խորը ճգնաժամի առաջ ոչ թե Սահմանդրության՝ որ պառլամենտական է կամ նախագահական, այլ որ այս հասարակությունում խնդիները չեն լուծվել: Մարդիկ զենք էին վերցրել ու գնացել էին զենքով խնդիր լուծելու ճանապարհով», - կարծիք հայտնեց Գրիգորյանը:

Հայաստանի սահմանադրական փոփոխություններից հետո Ղարաբաղում ևս նման գործընթացներ սկսվեցին։ Եթե մարտին իշխող կուսակցության անդամները խոսում էին կիսանախագահականից խորհրդարանական կառավարման անցնելու մասին, ապա օգոստոսի կեսին հրապարակված Սահմանադրության հայեցակարգով առաջարկվեց անցնել կառավարման նախագահական համակարգի։ Հայեցակարգի համաձայն, նախագահն ընտրվում է ժողովրդի կողմից, միանձնյա ձևավորում կառավարությունն ու դառնում դրա ղեկավարը՝ ըստ էության ստանձնելով նաև վարչապետի վերացող պաշտոնը։ Կառավարության անդամներին նշանակել-ազատելուց բացի նախագահը կունենա օրենսդրական վետոյի իրավունք, որը կարող է հաղթահարվել միայն Ազգային ժողովի պատգամավորների ձայների մեծամասնությամբ։ Ըստ վերլուծաբանների, խորհրդարանական կառավարում որդեգրած Հայաստանի հետ իրավահարաբերությունների խնդիր կարող է առաջանալ։

Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը համամիտ չէ․ - «Մենք ունեցել ենք տարբեր ժամանակահատվածներ, որտեղ նույնիսկ Արցախում ունեցել ենք հատուկ կառավարման մեխանիզմ, բայց դրա հետ միասին Հայաստանում գործում էր ամբողջական նախագահական կամ կիսանախագահական համակարգ: Մարդիկ կան, որոնք ընկալում են Արցախը ինչպես Հայաստանի մի մաս, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ 91 թվականից ի վեր տարբեր մարտավարությունների վրա հիմնվելով Արցախը ընտրել էր անկախության ճանապարհը և գնում էր, և եթե մենք վերաբերվում ենք Արցախին ինչպես անկախ պետություն, ուրեմն պետք է հարգենք նաև արցախցիների ընտրությունը»:

Բակո Սահակյանն արդեն երկու անգամ ընտրվել է ԼՂ նախագահ և գործող Սահմանադրությամբ չի կարող երրորդ անգամ ստանձնել այդ պաշտոնը։ Սահակյանի լիազորությունները կդադարեցվեն 2017-ին, մինչդեռ ԱԺ-ի հաջորդ ընտրությունները նախատեսված են միայն 2020 թվականին։ Ըստ բանախոսների, անցումային այս շրջանում կարևորը անվտանգության հարցն է։

«Քաղաքական հավասարակշռությունն է կարևորը, և եթե փոխվեց քաղաքական հավասարակշռությունը, եթե փոխվեց վերաբերմունքը հայկական երկրորդ պետականության նկատմամբ միջազգային ասպարեզում, սա լինելու է ամենամեծ վտանգը՝ ցանկացած ժամանակակից զենքից առավել: Եվ հիմա այս անցումային շրջանը հենց այդ մարտահրավերն է լինելու Արցախի անվտանգության համար», - կարծիք հայտնեց Գեղամ Բաղդասարյանը:

«Ցանկացած պարագայում, ինչ մոդել էլ լինի, մենք իրավունք չունենք նախկին այն սխալները կրկնելու կամ թույլ տալու, որ այդպիսի իրավիճակներ ձևավորվեն, երբ Հայաստանի և Արցախի իշխանությունները չկարողանան իրար հետ համագործակցել», - նշեց Թևան Պողոսյանը:

XS
SM
MD
LG