Մատչելիության հղումներ

Խուրշուդյան․ Իշխանությունը բռնապետական լինելու ռեսուրս էլ չունի


«Ժառանգության» անդամ Հովսեփ Խուրշուդյանը համարում է, որ կալանավայրից դուրս է եկել քաղաքական որոշման արդյունքում: Այդ մասին նա ասաց «Ազատություն TV»-ի «Կիրակնօրյա լրատվական» հաղորդման ժամանակ:

«Օրինակ, այն 13 կալանավորվածի դեպքում իրենք կարողանում էին ինչ-որ ֆոկուսնիկություն անելով համոզել Արևմուտքին, որ նրանք քաղբանտարկյալ չեն, այլ իրոք քրեական ինչ-որ հանցակազմ կա, այս դեպքում արդեն բոլորը տեսան, որ սա իրենց մեթոդն է ուղղակի, սա ուղղակի հաշվեհարդարի մի տարատեսակ է, և եղան նաև բացահայտ հայտարարություններ, գիտեք՝ [Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ] Միլսի հայտարարությունը, որ հնարավոր է՝ Հայաստանի հանդեպ սանկցիաներ կիրառվի, և այլն, և այլն: Այդ ամբողջը չէր կարող էր չազդել այս իշխանությունների վրա, որոնք ռեսուրս էլ չունեն բռնապետ լինելու, բռնատիրական երկիր կառուցելու: Ադրբեջան չի Հայաստանը, չնայած քաղբանտարկյալների թվով Հայաստանը գլորեցին հասցրեցին Ադրբեջանին»:

«Այդ դեպքում, ինչո՞վ եք Անդրիաս Ղուկասյանի բացառությունը բացատրում», - այս հարցին Խուրշուդյանը արձագանքեց․ - «Ինձ համար տարօրինակ էր, որովհետև Անդրիասը նույն գործով էր գնում, ինչ որ տղաները՝ որպես կազմակերպիչ այդ անկարգությունների, և ըստ էության, առանձնապես իր կոչերը չեն էլ շատ տարբերվել տղաների կոչերից և հիմնականում նաև զսպող բնույթ են ունեցել, այսինքն՝ որպեսզի անկարգություններ հենց չլինեն, որպեսզի քարեր չնետվեն ոստիկանության հանդեպ, որպեսզի բախում չլինի, և այդ ամենից հետո, ինքն էլ մանավանդ հացադուլի մեջ էր, և առավել ևս՝ իշխանությունների համար մեծ վտանգ, եթե Աստված չանի՝ մի բան պատահի, իրենք ո՞նց են դրա տակից դուրս գալու: Եվ ես կարծում եմ, սա անձնական, իրոք, խորը վրիժառության, քինախնդրության ինչ-որ դրսևորում է, որ իրենք էդ հաշվեհարդարը մի քիչ ավելի երկար են ուզում տանեն կամ շատ երկար են ուզում տանել, ես արդեն չգիտեմ»:

Զինված խմբի կողմից Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավմանը հաջորդած հուլիսյան երկշաբաթյա հանրահավաքների ընթացքում հատուկենտ քաղաքական ուժեր ամբիոն բարձրացան, աջակցություն հայտնեցին «Սասնա ծռեր»-ին կամ գործընթացին ընդհանրապես: Հարցին՝ դա ի՞նչ է նշանակում, ընդդիմադիր գործիչը պատասխանեց․ - «Շատ, շատ տխուր իրողություն է մեր մոտ, ուժերի մի մասի դեպքում՝ ակնհայտ կոպտացիայի գործընթաց եմ տեսնում իշխանությունների կողմից, գործարքը կա, դեռ մինչև «Սասնա ծռեր»-ը արդեն տեսանելի էր, պառլամենտում ապագա տեղերի բաժանելու և քվոտաներ հատկացնելու այդ պրոցեսը տեսանելի է՝ ստվերային, իհարկե, բայց տեսանելի է»:

«Գործարքի մեջ են, կարծում եք», - այս դիտարկմանը Խուրշուդյանը արձագանքեց․ - «Այո, կարծում եմ: Ես չեմ ուզենա հիմա ուժերի անունները տալ, բայց ինձ թվում է՝ հասարակությունը արդեն ինքը հասկանում է ով ով է՝ դիրքորոշումից և գնահատականներից այդ ուժերի: Այնպես որ, շատ տխուր է, որովհետև դրանց մեջ կան ուժեր, որոնք հետևողական պայքար են ժամանակին մղել, և այլն, և այլն, և հիմա հանկարծ ինչ-որ ընդհանուր հայտարարի են եկել տարբեր հարցերի շուրջ: Դա իրենց է վնաս, նախ և առաջ, որովհետև իրենք ուղղակի կորցնելու են հասարակության այն հատվածի աջակցությունը, որը մինչև հիմա ունեցել են, և ես չեմ կարծում, որ սեփական ուժերով կկարողանան պառլամենտ մտնել՝ արդեն իրենք պետք է հույսը դնեն իրոք իշխանության քվոտաների վրա, և թե դա ինչ որակի իրենց կբերի՝ արդեն բոլորս գիտենք»:

Հիշեցնենք՝ Հովսեփ Խուրշուդյանը գրավի դիմաց ազատ արձակվեց օգոստոսի 24-ի երեկոյան: Հուլիսի 29-ին Սարի թաղում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով առայժմ ճաղերի հետևում է մնում միայն «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը:

Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG