Մատչելիության հղումներ

Նախագահը Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին


Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 27-ին աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր:

ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին ԵԿՄ ուսումնամարզական և հանգստի «Երկրապահ» համալիրում և «Ստարտափ Արմենիա» համաժողովի վրանային ճամբարում: Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:

Բազեականների հետ հանդիպումից և նրանց հետաքրքրող հարցերին պատասխանելուց հետո, նախագահ Սարգսյանը ողջույնի խոսք է հղել հավաքի մասնակիցներին, նշելով, որ «շատ մեծ կարծիք» ունի նոր սերնդի մասին։

«Չեմ համարում, որ մեր երիտասարդությունը վերադաստիարակման կամ հայրենասիրական քարոզների կարիք ունի, որովհետև մեր երկրի համար եղել են ճակատագրական պահեր, և մեր երիտասարդներն իրենց դրսևորել են շատ փայլուն ձևով», - նշել է Սերժ Սարգսյանը։ - «Ակնհայտ է, որ հասարակության տարբեր խավեր, այդ թվում նաև երիտասարդության տարբեր շերտեր որևէ երևույթի նկատմամբ ունենում են տարբեր կարծիքներ, և սա շատ բնական է ու օրինաչափ, որովհետև հասարակության զարգացման առաջին երաշխիքը սա է: Ուղղակի անընդունելին այն է, երբ քաղաքական պայքարի կամ այդպիսի վեճերի ընթացքում փորձում են հարցերը լուծել բռնությամբ կամ վատթարագույնը՝ զենքով: Սա է անթույլատրելի։ Սա ասում եմ նաև նրա համար, որովհետև, այսպես ասած, հեղափոխական տրամադրությունները շատ պարագաներում բնորոշ են նաև երիտասարդներին, որովհետև այդ ռոմանտիզմը գալիս է նաև անփորձությունից: Սա միշտ պետք է հաշվի առնել: Քաղաքական պայքարը շատ նորմալ է, և մեր երիտասարդները մեկ անգամ չէ, որ իրենց իրավունքների, հասարակության իրավունքների պաշտպանության համար դուրս են եկել քաղաքական պայքարի, այդ թվում նաև փողոցային: Նորից եմ կրկնում՝ սա նորմալ է: Աննորմալ է, երբ մարդիկ կամ կազմակերպություններ ու ծառայություններ փորձում են պղտորել մարդկանց գիտակցությունը, միտքը՝ ելնելով իրենց սեփական շահերից»,-նշել է Հանրապետության նախագահը և հավելել, թե որևէ մեկը չի կարող ասել իրավիճակը պղտորող այդ մարդիկ ընդհանրապես ու՞մ են ծառայում, քանի որ այսօր աշխարհում պայքարի ձևերը բավականաչափ փոխվել են` կիրառելով տարբեր հնարքներ, և պետք է կարողանալ անպայման զատել թացը չորից:

Անդրադառնալով երիտասարդության խնդիրներին` Նախագահը կարծիք է հայտնել, որ այսօր նրանց պակասում է արևմտյան մոդելի կրթությունը, սակայն դա երիտասարդների մեղքը չէ: Այդպիսի մրցունակ համակարգ ունենալու համար տևական ժամանակ է անհրաժեշտ, որին որևէ երկիր չի կարողացել կարճ ժամանակահատվածում հասնել: Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանում այդ ուղղությամբ առաջ ընթանալու համար աշխատանք է տարվելու: «Այսօր մեր երկրում երիտասարդներն ունեն ազատություններ, ունեն բավականաչափ լավ հնարավորություններ՝ լինի դա խոսքի ազատություն, քաղաքացիական ազատություններ, թե կրթություն ու գիտելիք ստանալու հնարավորություններ: Ես կցանկանայի, որպեսզի դուք լիարժեք օգտվեիք այս հնարավորություններից: Ձեզ հաջողություն մաղթելով՝ մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել՝ անհրաժեշտ է ձեռք բերել գիտելիք, պետք է բարձրացնել ունակությունները, հնարավորությունները»,-դիմելով հավաքի մասնակից երիտասարդներին` ասել է Սարգսյանը և վստահեցրել, որ հաջորդ տարի երիտասարդական հավաքները կկազմակերպվեն ավելի տևական ժամանակով:

Հանդիպման ավարտին նախագահը բազեականների ճամբարում դիտել է հավաքի առիթով կազմակերպված գալա համերգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG