Մատչելիության հղումներ

Citibank-ի մոսկովյան մասնաճյուղը գրաված Պետրոսյանը հացադուլ է հայտարարել


Երկու օր առաջ Citibank-ի` Մոսկվայի կենտրոնում գտնվող մասնաճյուղը գրաված Արամ Պետրոսյանն այսօր ի նշան բողոքի հացադուլ է հայտարարել՝ հրաժարվելով նաև ջրից: Ավելի վաղ Մոսկվայի քննչական կոմիտեն 55-ամյա գործարարին մեղադրանք էր առաջադրել երկու և ավելի մարդկանց պատանդառելու համար, դատարանն էլ որոշել էր երկու ամսով կալանավորել նրան:

«Ես հանցագործ չեմ, մի՛ կալանավորեք ինձ», - դատարանում հայտարարել է Պետրոսյանը՝ պնդելով, թե տանը հիվանդ մայր ունի, որին միայնակ է խնամում:

Պետրոսյանի փաստաբանը ևս միջնորդել է նրա նկատմամբ տնային կալանք սահմանել՝ փաստելով՝ գործարարը ամբողջովին ընդունել է մեղքը, որևէ մեկին չի վնասել, բանկը գրավելիս էլ միանգամից ազատ է արձակել այնտեղ գտնվող 15 անձանցից 9-ին: Մեղադրողը, սակայն, կտրուկ դեմ է արտահայտվել՝ պնդելով, թե Պետրոսյանը առանձնապես ծանր հանցագործություն է կատարել ու խախտել է սահմանադրական կարգը:

«Դատարանի որոշումը՝ գործարարին մինչև հոկտեմբերի 24-ը ազատազրկելու վերաբերյալ, կայացվեց 30 րոպեում, ինչն աննախադեպ ցուցանիշ է ռուսական արդարադատության համար», - հաղորդում է Газета.Ru-ն:

Դատական նիստին Պետրոսյանը կրկին պնդել է՝ ինքը գնացել է այդ քայլին հանուն գաղափարի, որպեսզի իր ձայնը լսելի դառնա իշխանություններին: Աղմկահարույց այդ միջադեպից ժամեր առաջ նա նախագահ Պուտինին հասցեագրված ուղերձ էր տեղադրել Youtube-ում՝ փաստելով՝ «Ես կորցնելու ոչինչ չունեմ, ինչ ունեի՝ արդեն կորցրել եմ»:

«Ես որևէ այլ ճանապարհ այլևս չունեմ ձեզ ու հասարակությանը ասելու, որ Ռուսաստանում մի մեծ խնդիր կա, որը նման է համաճարակի, ժանտախտի, որ պատուհասել է մեր ժողովրդի մեծ մասին, խոսքը սնանկության մասին է, որին դուք քաջատեղյակ եք: Մի՞թե Ձեր օգնականներն ու խորհրդականները, որոնք ահռելի աշխատավարձեր են ստանում, չեն զեկուցում Ձեզ, թե ինչով են զբաղված պարտք հավաքողները` կոլեկտորները, հարկադիր կատարողները, այսպես կոչված մենթերը և ամենաահավորը` քրեական աշխարհը», - հարցրել է նա:

Ընդ որում, սա Պետրոսյանի միակ դիմումը չէ․ 2011 թվականին նա նույնաբովանդակ մի տեսուղերձ էլ Վկոնտակտե ցանցում էր տեղադրել, հետո էլ չորս տարի շարունակ նամակ-դիմումներ է ուղարկել վերին ատյաններ: Քննիչները փաստում են՝ գործարարը բազմիցս է ահազանգել՝ ինչպես են հարկահավաքները, իրավապահ մարմինները ու ուժայինները կործանում բիզնեսը՝ առաջարկելով մեխանիզմներ ստեղծել սնանկացած գործարարներին օգնելու համար: «Ամենայն հավանականությամբ, տարիների ընթացքում չստանալով որևէ պատասխան, Պետրոսյանը որոշել է ուշադրություն գրավել՝ հարձակում գործելով բանկի վրա», - «Ինտերֆաքսին» ասել է քննիչներից մեկը:

Հաշված ժամերի ընթացքում Պետրոսյանն իսկապես դարձավ ռուսական մամուլի թիվ մեկ թեման, լրատվամիջոցները ուշագրավ մանրամասներ բացահայտեցին նրա կենսագրությունից, ըստ որի Երևանում ծնված գործարարը ժամանակին բարձր պաշտոն է զբաղեցրել Հայաստանի ներքին գործերի նախարարությունում, հետո տեղափոխվել է Ռուսաստան, մի քանի ընկերություն բացել, զուգահեռ՝ զբաղվել գյուտարարությամբ: Նրա անունով գրանցված շուրջ երեք տասնյակ գյուտի արտոնագիր կա՝ ավտոմեքենայի բուրավետ գորգից մինչև հատուկ նշանակության դիմակներ ու առաջին օգնության պարագաներ, որոնցից մի քանիսն, ի դեպ, բանկում նա պատանդներին է բաժանել:

«Հիմա շատերն են նրան խելագարի տեղ դնում, սակայն ես Պետրոսյանի հետ հաճախ եմ շփվել, և երբեք չէի ասի, թե նա որևէ առողջական խնդիր ունի», - ռուսական լրատվամիջոցներին պատմել է գործարարի նախկին հաշվապահներից մեկը՝ փաստելով՝ նա միշտ բարի էր, ուշադիր, ժամանակին վճարում էր աշխատավարձը և ուզում էր վարկ վերցնել բիզնեսը զարգացնելու համար:

Պետրոսյանի աղմկահարույց այս քայլից հետո ռուս պաշտոնյաները սկսեցին միաձայն հայտարարել՝ սնանկության մասին Ռուսաստանի օրենքը թերի է և ըստ էության չի գործում:

«Որևէ բան չի կարող արդարացնել շանտաժն ու ահաբեկչությունը, սակայն սա խոսուն օրինակ է և ցույց է տալիս առկա խնդիրները», - նշեց Ռուսաստանի բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը՝ ընդգծելով՝ ձեռնարկատերերից շատերը տառապում են անհարկի թանկ վարկերի պատճառով, ընդ որում, բակերը իրավասու են բարձրացնել տոկոսադրույքները, ինչը գործարարներին կանգնեցնում է սնանկացման եզրին:

Լրատվամիջոցները փաստում են՝ Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը նախատեսում է 6-15 տարվա ազատազրկում: Քրեական օրենսգիրքում միաժամանակ նշվում է, որ ինքնակամ պատանդներին ազատ արձակած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա արարքներն այլ հանցակազմ չեն պարունակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG