Մատչելիության հղումներ

«Համախմբում»-ը Գյումրիում և Վանաձորում իշխանափոխության հայտ է ներկայացնում


«Համախմբում» կուսակցության ներկայացուցիչները Վանաձորում, 26-ը օգոստոսի, 2016 թ․

«Համախմբում» կուսակցության ներկայացուցիչները Վանաձորում, 26-ը օգոստոսի, 2016 թ․

Ըստ Վարդան Օսկանյանի, բավարար ձայներ չհավաքելու դեպքում պատրաստ են համագործակցել այլ ընդդիմադիր ուժերի հետ:

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանն այսօր Վանաձորում հայտարարեց, որ պատրաստվում են Հայաստանի երկու խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու հայտ ներկայացնել: Հրապարակելով կուսակցության համամասնական ցուցակը՝ կուսակցության ղեկավար՝ Հայաստանի նախկին արտգործնախարար Օսկանյանն ասաց, թե իրենց համար բարոյական պարտականություն էր՝ մասնակցել Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին:

Ըստ նրա՝ առանց նոր մոտեցումների, առանց մեծ ռեսուրսների, Գյումրիում և Վանաձորում հնարավոր չէ հասնել արմատական փոփոխությունների: «Առանց, էական փոփոխություններրի, խիզախ քայլերի, աջակցության, նաև մեծ ռեսուրսների ներգրավման, իսկապես հնարավոր չի ոչ Վանաձորում, ոչ Գյումրիում առաջընթաց արձանագրել»,- շարուանակեց նախկին արտգործնախարարը:

Պատասխանելով «Ազատության» հարցին, Օսկանյանը հայտարարեց, թե բավարար ձայներ չհավաքելու դեպքում իրենք պատրաստ են համագործակցել այն ընդդիմադիր ուժերի հետ, որոնց հետ հնարավոր կլինի կոալիցիա կազմել և ընդդիմադիր դաշտից քաղաքապետ ընտրել՝ «Իհարկե, եթե առանձին մենք մեծամասնություն չունենք, և պետք է ավագանի ձևավորել ու քաղաքապետ ընտրել այլոց հետ, բնականաբար, ստեղծված իրավիճակում մենք պատրաստ ենք բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք իրոք ընդդիմադիր դաշտում են, անկեղծորեն ուզում են փոփոխություններ, նրանց հետ համագործակցել»:

«Համախմբումը» 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հատկապես կարևորում է իշխանության փոփոխությունը Հայաստանի երկրորդ և երրորդ քաղաքներում: «Ընդդիմության հաղթանակն այս երկու մեծ քաղաքներում սկիզբ է դնելու ինչ-որ գործընթացի, որը, ես համոզված եմ, վերջիվերջո ավարտվելու է 2017 -ին խորհրդարանական ընտրությունների արդյուքնում իշխանափոխությամբ»,- նաև ասաց Օսկանյանը:

«Համախմբում» կուսակցության ցուցակը գլխավորում է Վանաձորի պետական համալսարանի հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Վահան Ղույումչյանը: «Ազատության» հետ զրույցում Ղույումչյանն ասաց՝ ինքն անպայմանորեն քաղաքապետ դառնալու հավակնություն չունի, սակայն պատրաստ է ծառայել ժողովրդին: Ասում է՝ իր առջև խնդիր է դրել փոխելու կարծրատիպերը՝ «Այսինքն, մենք պետք է հասնենք նրան, որ մեր ժողովուրդը հասկանա, որ ապագայի հնարավորություն կա»,- ասաց Ղույումչյանը:

Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ այսօրվա դրությամբ վանաձորում առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայկական Վերածնունդ» կուսակցությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG