Մատչելիության հղումներ

Սարի թաղի գործով ևս երկու քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել


Ոստիկանությունը Սարի թաղում հատուկ միջոցների գործադրմամբ ցրում է ցուցարարներին, Երևան, 29-ը հուլիսի, 2016թ.
Ոստիկանությունը Սարի թաղում հատուկ միջոցների գործադրմամբ ցրում է ցուցարարներին, Երևան, 29-ը հուլիսի, 2016թ.

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) շարունակվում է հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՔԾ հաղորդագրության համաձայն, ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական հետապնդում է հարուցվել ևս երկու քաղաքացիների՝ Ա. Տ.-ի և Ֆ. Ս.-ի, նկատմամբ՝ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:

Այսպիսով, նշված է հաղորդագրությունում, Սարի թաղի դեպքերի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում արդեն 6 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:

«Հատուկ քննչական ծառայությունը և նրա հետ համագործակցող իրավապահ մյուս մարմինները շարունակում են ձեռնարկել դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցանք կատարած անձանց նույնականացնելու և հայտնաբերելու համար անհրաժեշտ ինչպես քննչական ու դատավարական, այնպես էլ օպերատիվ-հետախուզական բոլոր հնարավոր միջոցները», - ասված է հաղորդագրությունում:

Միաժամանակ, ՀՔԾ-ն հորդորում է հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերին մասնակցած, ականատես կամ տուժած անձանց համագործակցել վարույթն իրականացնող մարմնի հետ՝ նախաքննության բազմակողմանիությունը, օբյեկտիվությունը և լրիվությունը լիարժեք ապահովելու համար:

Քրեական գործի շրջանակում իրականացվող քննչական և դատավարական գործողությունների արդյունքում կայացված որոշումների մասին ՀՔԾ-ն խոստանում է տեղեկացնել լրացուցիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG