Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ի անդամի փաստաբանը պնդում է՝ քննչական մարմինը ՊՊԾ գնդի տարածքից իրերը ընտրովի է առգրավում:

«Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպանը զարմանալի է համարում այն փաստը, որ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք մուտք գործած Խանդոյանին շենք-շինություններ զավթելու հոդված առաջադրված չէ, այն դեպքում, երբ նրա ընկերները մեղադրվում են նաև այդ արարքը կատարելու համար:

Խանդոյանը մեղադրվում է պատանդ վերցնելու և ապօրինի զենք-զինամթերքի համար, մինչդեռ, օրինակ, Պավել Մանուկյանին և նրա որդուն շենք-շինություններ զավթելու հոդվածն է առաջադրված՝ պատանդառության մասին խոսք չկա: «Ինչո՞վ է այս հակասությունը պայմանավորված, ի վերջո, նրանք միասին են ՊՊԾ գնդի տարածք մտել», - «Ազատության» այս հարցին փաստաբան Արա Ղարագյոզյանը արձագանքեց․ - «Դա է զարմանալի: Դե նրանք ասում են, որ «մենք հետագայում կնույնացնենք մեղադրանքները», հիմա գտել են, որ նպատակահարմարը դա է մեղադրանքների: Իհարկե, գտնում ենք, որ շինծու է, դա քաղաքական որոշում է: Այսօր որևէ դատավոր, ես բազմաթիվ անգամ երբ որ դատարանից դուրս եմ եկել, հայտարարել եմ, որ որևէ դատավոր այսօր չի գտնվի, որ օրինական որոշում կկայացնի: Եթե մենք ունենայինք անկախ, անկողմնակալ դատարաններ և գործադիր իշխանությունից կախված չլիներ, մեր դատարանները այսօր, դատավորները կկարողանային օրինական որոշում կայացնել»:

«Իմ պաշտպանյալը շատ հետաքրքիր բաներ է ասում, որ այնտեղից [ՊՊԾ գնդից], իհարկե, շատ կներեք, դարակներից՝ այդ բարձր պաշտոնատար անձանց, խրձով պահպանակներ են եղել, այսինքն՝ այստեղ հարց է առաջանում, թե ոստիկանությունը ինչ է անում՝ բիզնե՞ս է անում, թե՞ գիշերները ինչ-որ․․․ չեմ ուզում դուրս գալ էթիկայի սահմաններից, պարզապես դա հարց է, թե ՊՊԾ գնդում իրիկունները ոստիկանները ինչով են զբաղվել, եթե դարակներում, ասենք՝ մի կամ երկուսը հասկացանք, բայց որ շատ է լինում, բոլորի դարակներում պահպանակներ են եղել», - փոխանցեց փաստաբանը՝ հաստատելով, որ այդ մասին իրեն հայտնել է Արայիկ Խանդոյանը:

«Եթե դա ոստիկանության ստորաբաժանում է համարվում, նմանատիպ իրեր․․․ Եթե Հատուկ քննչական ծառայությունը առգրավել է այդ բոլոր իրերը, որը հանցագործության հատկանիշներ էր կրում, կամ տեղազննություն որ կատարել է, բա ինչի՞, երբ որ մենք ծանոթանում ենք որոշումներին, առգրավված իրերին, այդ պահպանակները չկան, գործում չկան, բա ո՞ւր են դրանք: Այսինքն, ընտրովի՞ է այդ իրերը այնտեղից առգրավվում», - ընդգծեց Արա Ղարագյոզյանը:

Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը երեկ մերժեց «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի կալանքը վերացնելու և նրան գրավի դիմաց ազատ արձակելու դիմումը:

Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG