Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանը ահաբեկչություն է համարում «Սասնա ծռերի» գործողությունները


Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը «Սասնա ծռերի» գործողությունները ահաբեկչություն է որակում: Այդ մասին խորհրդարանի խոսնակն ասաց լրագրողների հետ զրույցում՝ հյուրընկալվելով «Բազե» երիտասարդական ճամբարում:

«Եթե մարդը զենք է վերցնում և իր հայրենակիցն սպանում է, դա ահաբեկչություն է», - հայտարարեց Սահակյանը:

Ղարաբաղի հարցում բանակցային գործընթացում Գալուստ Սահակյանը վտանգներ չի տեսնում, բացառում է նաև լուծման «փուլային տարբերակը», որը ըստ լրատվամիջոցների՝ ակտիվորեն առաջ է տանում ռուսական կողմը:

«Բոլորը այդ մասին են խոսում, բայց ոչ մենք ենք այդ մասին խոսում, ոչ էլ Ադրբեջանը: Մեր մոտ դա հնարովի մի բան է դառնում: Նախ և առաջ ասեմ՝ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի կարող լինել: Այ, երբ Ադրբեջանը կգա նրան, որ Ղարաբաղը ընդունում է որպես պետություն, այդ ժամանակ ձեր ասած խնդիրները առաջ կգան: Իսկ այդ ասած խնդիրները ոչ թե իշխանավորները կորոշեն, այլ ժողովուրդը», - հայտարարեց ԱԺ նախագահը:

«Ազատության» դիտարկմանը, թե խոսակցություններ կան այն մասին, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը առաջ է քաշել լուծման փուլային տարբերակ, Սահակյանը արձագանքեց․ - «Որևէ տարբերակներ չկան այս պահին, և այնպիսի պահ է, որ չէր էլ կարող լիներ»:

Արդյո՞ք ապրիլյան պատերազմից հետո շռայլություն չէ՝ «Բազե» ճամբար կազմակերպելը, երբ կարիք կա գումարներն ուղղել բանակին: Այս հարցին խորհրդարանի խոսնակն այսպես պատասխանեց․ - «Ազգը պահելու համար պիտի լինի «Բազե» և պիտի լինեն շատ այսպիսի երիտասարդական միջոցառումներ: Այսպիսի հավաքները համախմբում, համալրում են երիտասարդությանը»:

Անդրադառնալով ընտրական օրենսգրքին՝ Սահակյանը կարծիք հայտնեց, որ մատնահետքերով վերահսկողության մեխանիզմները դժվար թե կյանքի կոչվեն, քանի որ սարքավորումների համար նախատեսված գումարը միայն հունվարին կտրամադրվի: Բացի այդ՝ արդեն ընդունված Ընտրական օրենսգիրքը վերահսկողության բավարար հնարավորություն ստեղծում է:

«Գումարը փաստաթղթով չկա, բայց խոստումներ կան: Այդ խոստումներով ասում են՝ գումարը կլինի, բայց մենք գումարը կկարողանանք տրամադրել հունվար ամսին: Հունվար ամսին եթե տրամադրել, բնականաբար այդ տեխնիկայով ընտրություններ չենք կարող անցկացնել», - նշեց նա:

«Ազատության» դիտարկմանը, թե ստորագրված ընտրացուցակների հրապարակումը կարծես թե ժամանակ և գումար չի հրապարակում, Գալուստ Սահակյանը արձագանքեց․ - «Դրան ես ամենադեմ անձնավորություններից մեկն եմ: Այսօր դա քննարկվում է այն պատճառով, որովհետև այն մասը չի ստացվել, ինչ-որ մի նոր մաս են ուզում ավելացնել: Ասեմ ինչու եմ ես դեմ․ եթե ցուցակները բացահայտ հրապարակվում են, մի անձնավորություն, մի քաղաքական թիմ հարյուր հազար մարդու անունից դիմումներ կգրի, որ իրենք ընտրություններին չեն մասնակցել: Դրանից հետո քանի՞ տարի է պետք, որպեսզի այդ ընտրությունները անցնի: Բայց նաև ասեմ՝ ինչպիսի մեխանիզմ էլ այսօր Հայաստանում դնես, միևնույնն է՝ այն պարտվող կողմը նույնը պիտի կրկնի, որ խաբեցին, կաշառեցին, խախտեցին ընտրական օրենսգրքերը: Ուզում եմ ասել, որ այսպես թե այնպես միևնույն է լինելու է»:

Հարցին, թե որտե՞ղ է իրեն պատկերացնում գալիք խորհրդարանական ընտրություններից հետո՝ Գալուստ Սահակյանը կատակով պատասխանեց․ - «Այստեղ՝ նորից նստած բազեների մոտ»:

XS
SM
MD
LG