Մատչելիության հղումներ

Կարո Եղնուկյանի ընկերներն ու աջակիցները հավաքվել էին Դատախազության առջև՝ պահանջելու անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին:

Ավելի քան մեկ ամիս ճաղերի հետևում գտնվող Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռեր»-ին աջակցելու մեջ, նրան մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում:

Եղնուկյաններն ընտանիքով Միացյալ Նահանգներից Հայաստան են տեղափոխվել 2009 թվականին, Ամերիկայի քաղաքացիներ են, 57-ամյա Կարոն հինգ երեխաների հայր է:

«Երբ ես ապրում էի Նյու Յորքում, մի քիչ ուրիշ պատկերացում ունեի Հայաստանի և հայ ժողովրդի մասին: Կյանքում չէի մտածի, որ այս օրը կգա, որ ես կանգնեմ Գլխավոր դատախազության շենքի առաջ կամ ԱԱԾ-ի առաջ կամ Օպերայում և ցույց կազմակերպեմ հորս համար, որ նրան ազատ արձակեն, այն բանի համար, որ ինքը ազատ խոսքի իրավունքն է օգտագործել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Եղնուկյանի դուստրը:

Իրավապահները վկայակոչում են Եղնուկյանի ֆեյսբուքյան գրառումներն ու հեռախոսային գաղտնալսումները՝ պնդելով, որ նա կեղծ տեղեկություններ է տարածել, թե իբր «Սասնա ծռերի» կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքի ուղղությամբ տեխնիկա է շարժվում կամ, որ իրավապահների փոխանցած սննդից «Ծռերը» թունավորվել են, միջոցներ է ձեռնարկել, որ ցուցարարները Ազատության հրապարակից գնան Խորենացի փողոց, ձգտել է ռադիոկապով ապահովել զինված խմբի անդամներին: Նա մեղադրվում է ոստիկաններին պատանդ պահելուն աջակցելու մեջ, մինչդեռ փաստաբան Տիգրան Հայրապետյանը հիշեցնում է, որ «Սասնա ծռեր»-ի դեմ հարուցված քրեական գործում պատանդ են ճանաչվել միայն բժիշկները:

«Այսինքն՝ չկա հանցագործություն կատարող, բայց կա հանցագործություն կատարողին օժանդակող: Սա ծիծաղելի իրավիճակ է», - ասում է փաստաբանը:

Կարո Եղնուկյանի ընդդիմադիր գործունեությունը պարբերաբար ուղեկցվել է միջադեպերով, վնասվել են նրա մեքենաները, կինն է բռնության ենթարկվել: Եղնուկյանը «Հիմնադիր խորհրդարան»-ի և Պարույր Հայրիկյանի գլխավորած «Ազգային ինքնորոշում միավորման» անդամ է:

«Ինքնորոշման և անկախության պայքարի առաջամարտիկն է այսօր բանտում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Պարույր Հայրիկյանը՝ շարունակելով․ - «Հայաստանը պատրաստվում է նշել Անկախության հանրաքվեի 25-ամյակը, միջոցառումներ են ծրագրում, հանկարծ այդ պայմաններում՝ մեծագույն ներդրում ունեցած մարդը բանտում է: Եվ ի՞նչ մեղադրանքով՝ խոսքի ազատության: Մենակ ապուշը կարող է այդպիսի մեղադրանք ներկայացներ»:

Վերաքննիչ դատարանը մերժել է Եղնուկյանի բողոքը, ազատ արձակման պահանջով փաստաբանն արդեն դիմել է՝ երրորդ ատյանի՝ Վճռաբեկ դատարան:

«Վճռաբեկ դատարանը, դատական պրակտիկայից ելնելով, 8-9 ամսից շուտ որոշում չի կայացնի: Հետևաբար, չնայած մենք բողոքարկել ենք Վճռաբեկ դատարան, բայց սպառում ենք ներպետական դատական ատյանները Եվրոպական դատարան դիմելու համար», - ասաց Տիգրան Հայրապետյանը:

Եղնուկյանի կինն ու զավակներն ի նշան բողոքի այսօր բերանները կապած էին եկել դատախազության մոտ:

XS
SM
MD
LG