Մատչելիության հղումներ

Բայդեն․ Գյուլենին արտահանձնելու որոշում կարող է կայացնել միայն ԱՄՆ-ի դաշնային դատարանը


ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդեն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, Անկարա, 24-ը օգոստոսի, 2016 թ․

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդեն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, Անկարա, 24-ը օգոստոսի, 2016 թ․

Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը, Միացյալ Նահանգների փոխնախագահը հատուկ ընդգծել է՝ անգամ նախագահ Օբաման իրավասու չէ արտահանձնման հարցով որոշում ընդունել, քանի որ դա հակասում է ԱՄՆ-ի Սահմանադրությանը:

«Միացյալ Նահանգները Ֆեթուլահ Գյուլենին պաշտպանելու նպատակ չունի, սակայն, նրա արտահանձնման վերաբերյալ որոշում կարող է կայացնել միայն երկրի դաշնային դատարանը», նախօրեին Անկարայում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել այցով Թուրքիայում գտնվող՝ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը։

Նա հատուկ ընդգծել է՝ նախագահ Բարաք Օբաման իրավասու չէ արտահանձնման հարցով որոշում ընդունել, քանի որ դա հակասում է ԱՄՆ-ի Սահմանադրությանը․ իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքը խախտելու համար Միացյալ Նահանգների նախագահը կարող է պաշտոնանկ արվել, ասել է ԱՄՆ փոխնախագահը։

«Մեր պատվիրակությունն Անկարայում է և աշխատում է թուրք գործընկերների հետ։ Գյուլենի արտահանձնման վերաբերյալ փաստաթղթերն ուսումնասիրվում են։ Այս հարցով շատ ավելի մեծ աշխատանք է տարվում, քան նմանօրինակ այլ խնդիրների պարագայում»,- նաև հայտարարել է Բայդենը՝ հավելելով, թե այդ գործընթացը կարող է երկար տևել։

ԱՄՆ փոխնախագահը Թուրքիայի նախագահին վստահեցրել է, որ Գյուլենի կամ որևէ այլ անձի արտահանձնման գործընթացը տեղի է ունենալու բացառապես օրենքի շրջանակներում։ Բայդենն ընդգծել է՝ «ԱՄՆ-ի արդարադատության համակարգը թուրքական համակարգից տարբերվում է։ 225 տարի է՝ այս օրենքին ենք հետևում, և ոչինչ չի կարող այն փոխել։ Ոչ մի պատճառ չունենք՝ պաշտպանելու մեր դաշնակցի ժողովրդավարությանը հարվածած անձին։ Միացյալ Նահանգներն իր դաշնակից Թուրքիայի կողքին է կանգնած։ Մենք աջակցում ենք Թուրքիայի ժողովրդին և այդ աջակցությունը բացարձակ ու անփոփոխ է»։

ԱՄՆ փոխնախագահի հետ շուրջ 2,5 ժամ տևած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հերթական անգամ կրկնել է պաշտոնական Անկարայի պահանջը՝ թուրքական արդարադատությանը հանձնել, իրենց պնդմամբ, հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպչին՝ Ֆեթուլահ Գյուլենին։

«ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հանցագործների արտահանձնման վերաբերյալ համաձայնագրով նման անձինք նվազագույնը պետք է կալանավորվեն և դատավարության ընթացքում անազատության մեջ լինեն։ Հիմա այդ անձն իր գտնվելու վայրից շարունակում է ղեկավարել իր ահաբեկչական խմբավորումը»,- ասել է Էրդողանը՝ ընդգծելով, որ Գյուլենի շուտափույթ արտահանձնումը Թուրքիայի համար առաջնային խնդիր է։

Թուրքիայում շատ կարևոր են գնահատում հուլիսի 15-ի հեղաշրջման անհաջող փորձից հետո ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը Անկարա: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօլղուն, ամփոփելով փոխնախագահ Ջո Բայդենի այցը, իր թվիթերյան էջում գրել է, թե ամերիկյան իշխանությունների ցուցաբերած աջակցությունը պետք է շոշափելի քայլերով ուղեկցվի։

Չավուշօղլուի պնդմամբ՝ Գյուլենի արտահանձնումը արդարադատության հասնելու ճանապարհին մի պարզ փոխօգնության խնդիր չէ, այլ լուրջ սպառնալիք՝ ազգային անվտանգությանը։ ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող՝ թուրք վտարանդի գործիչ Գյուլենը բազմիցս հերքել է թուրքական իշխանությունների կողմից իրեն ուղղված մեղադրանքները, պնդելով, թե պատրաստ է վերադառնալ Թուրքիա, եթե ապացուցվի իր մեղքը։

XS
SM
MD
LG