Մատչելիության հղումներ

Դատավորը հետաձգեց նիստը, քանի որ կալանված Գևորգ Սաֆարյանը ներկա չէր


«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը դատարանում, արխիվ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը դատարանում, արխիվ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամի աջակիցները «արդարադատության նկատմամբ ծաղր» որակեցին դատավոր Մնացական Մարտիրոսյանի հիմնավորումը:

Պաշտպանական կողմի համար անհասկանալի պատճառներով արդեն մոտ երկու ամիս ձգձվող՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստն այսօր էլ չկայացավ: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ևս մեկ ամսով հետաձգեց նիստը, այդ որոշումը հիմնավորելով, Սաֆարյանի աջակիցների գնահատմամբ, «զվարճալի» պատճառաբանությամբ՝ նիստին ամբաստանյալի ներկա չգտնվելու հանգամանքով:

Դատավորի հայտարարությունը բարկացրեց ներկաներին, բղավոցների ներքո Մատիրոսյանը լքեց դահլիճը՝ անպատասխան թողնելով իրեն ուղված հարցերը։ Շարունակելով բողոքը դատարանի բակում, Սաֆարյանի աջակիցները դատավորի հիշյալ հիմնավորումն «արդարադատության նկատմամբ ծաղր» որակեցին, նշելով, որ անազատության մեջ գտնվող ակտիվիստը դատարան պետք է բերվեր հենց դատավորի կարգադրությամբ։

«Երբ ամբաստանյալը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ինքը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու, դատավորը գալիս ասում է՝ չի ներկայացել, հերթական խեղկատակությունն է»,- ասաց բողոքողներից մեկը, Սաֆարյանի մեկ ուրիշ աջակից էլ հեգնեց՝ «Նուբարաշենից եկող տրանսպորտը լավ չի աշխատում, դրա համար չի եկել․․․»:

Ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվող Գևորգ Սաֆարյանը մոտ 8 ամիս է՝ զրկված է ազատությունից, նրան կալանելու որոշումը կայացվել է բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա: Դատարանի այսօրվա որոշմամբ, Սաֆարյանն առնվազն մեկ ամիս էլ կմնա կալանքի տակ: Մինչդեռ, ակտիվիստի փաստաբանի պնդմամբ, նրա հանցանքն ապացուցող փաստեր չկան, և «Հիմնադիր խորհրդարանի» անդամը ճաղերի ետևում է մնում «քաղաքական որոշմամբ»։ «Այն, որ Գևորգ Սաֆարյանն ակնհայտ անօրինական է պահվում, դա որևէ մեկի համար գաղտնիք չէ»,- ընգծեց փաստաբանը:

Գևորգ Սաֆարյանի դատավարությունն անորոշ ժամանակով ընդմիջվեց, երբ «Հիմնադիր խորհրդարանի» մի շարք անդամներ, «Սասնա ծռեր» զինված խմբի կազմում, գրավեցին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով, դատավորը նիստերի անցկացումը վտանգավոր էր համարել։

Սաֆարյանի մայրը 10 օր առաջ է տեսակցել որդուն: Շուշան Բերբերյանի պնդմամբ, որդու մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել, անգամ հնարավոր է՝ վիրահատական միջամտության կարիք լինի։ «Ոտքն է ցավում, սկզբից ցավում էր, անցել էր արդեն, հիմա շատ ավելի բարդացել է վիճակը: Դեղեր ենք տարել, չի օգնել, բժիշկ են տարել, բժիշկը ստույգ ոչինչ չասեց․․․»,- ասաց Գևորգ Սաֆարյանի մայրը: Նա ևս վստահ է՝ նիստերը հետաձգվում են բացառապես որդուն ճաղերի ետևում հնարավորինս երկար պահելու համար։

Այս գործով հաջորդ նիստը կայանալու է սեպտեմբերի 27-ին: Սաֆարյանի աջակիցները մտադիր են այդ օրը ևս բողոքի ակցիա կազմակերպել:

XS
SM
MD
LG