Մատչելիության հղումներ

Մոսկովյան բանկի գրավումը` տնտեսական բանավեճի առիթ Ռուսաստանում


Ռուսաստան - Արամ Պետրոսյանը սպառնում է պայթեցնել Citibank-ի մասնաճյուղը Մոսկվայի կենտրոնում, 24-ը օգոստոսի, 2016թ․

Ռուսաստան - Արամ Պետրոսյանը սպառնում է պայթեցնել Citibank-ի մասնաճյուղը Մոսկվայի կենտրոնում, 24-ը օգոստոսի, 2016թ․

Չորեքշաբթի երեկոյան Citibank-ի` Մոսկվայի կենտրոնում գտնվող մասնաճյուղը գրաված անձը ծնունդով երևանցի, Ռուսաստանի Դաշնության 55-ամյա քաղաքացի Արամ Պետրոսյանն էր: Այս մասին տեղեկացնում են ռուսաստանյան լրատվամիջոցները` նշելով, որ Պետրոսյանը մերձմոսկովյան Մոժայսկում գրանցված առնվազն երկու ընկերությունների սեփականատերն է:

Այդ ընկերությունները, ըստ РБК-ի, զբաղվում էին բժշկական սարքավորումների արտադրությամբ: TACC գործակալության տեղեկություններով՝ մի քանի տարի առաջ Պետրոսյանի ղեկավարած ընկերությունները բախվել էին լուրջ խնդիրների, ինչի հետևանքով հայազգի գործարարը բավական մեծ պարտքեր էր կուտակել` ի վերջո սնանկանալով: Ուշագրավ է սակայն, որ հարձակման թիրախ դարձած Citibank-ի հետ Պետրոսյանը որևէ խնդիր չուներ: «Պետրոսյանը բանկում պատանդառված անձանց ասել է, թե Citibank-ը ընտրել է որպես միջազգային կառույց` հնարավորինս մեծ արձագանք ապահովելու համար», - գրում է РБК-ն:

«Ես եկել եմ ձեր բանկը ոչ թե թալանելու, այլ գրավելու նպատակով», - LifeNews հեռուստաընկերության կողմից տարածված սիրողական տեսանյութում ասում էր Պետրոսյանը՝ դիմելով պատանդներին:

Միջադեպից մի քանի ժամ առաջ, ի դեպ, Պետրոսյանը YouTube-ում հինգրոպեանոց ուղերձ էր զետեղել, որում դիմում էր Ռուսաստանի նախագահին:

«Ձեզ է դիմում Ռուսաստանի քաղաքացի Արամ Ռազմիկի Պետրոսյանը: Այսօր` օգոստոսի 24-ին, ես դիմելու եմ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի կտրուկ և աղմկալի խախտման, որը, հավատացեք ինձ, մեծ արձագանք կգտնի ոչ միայն Ռուսաստանում, այլև ողջ աշխարհում: Ես կորցնելու ոչինչ չունեմ, ինչ ունեի` արդեն իսկ կորցրել եմ», - հայտարարում էր հայազգի գործարարը` Ռուսաստանի նախագահից և իշխանություններից պահանջելով ֆիզիկական և իրավաբանական անձանց սնանկության դեմ պայքարի մեխանիզմներ ստեղծել:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի տարածքում գործարարները անասելի ճնշումների են ենթարկվում պարտքերի հավաքագրմամբ զբաղվող ընկերությունների, պետական և ուժային մարմինների, ինչպես նաև քրեական աշխարհի ներկայացուցիչների կողմից․ - «Ձեր օգնականներն ու խորհրդականները, որոնք ահռելի աշխատավարձեր են ստանում, մի՞թե չեն զեկուցում Ձեզ, թե ինչով են զբաղված այդ պարտք հավաքագրողները` կոլեկտորները, հարկադիր կատարողները, այսպես կոչված մենթերը և ամենաահավորը` քրեական աշխարհը»:

«Բանկի գրավումը Ռուսաստանում սնանկության թեմաներով բանավեճի ծագման պատճառ է դառնում», - այսօր գրել է մոսկովյան "Коммерсантъ"-ը` մեջբերելով ֆինանսական օմբուդսմեն Պավել Մեդվեդևի խոսքը․ - «Ֆիզիկական անձանց սնանկության մասին օրենքը անպատասխանատու կերպով է գրված և պրակտիկորեն չի գործում: Ֆիզիկական անձանց սնանկության մասին օրենք կամ այդ խնդրով զբաղվող ինստիտուտ պետք է ստեղծվի, որովհետև դրա այլընտրանքը մեծ դժբախտությունն է լինելու: Հուսահատվելն, իհարկե, մեղք է, սակայն մարդկանց հուսահատության հասցնելը շատ ավելի մեծ մեղք է»:

Իսկ գործարարների պաշտպանությամբ զբաղվող բիզնես օմբուդսմեն Բորիս Տիտովը "Коммерсантъ FM" ռադիոկայանի եթերում այսօր առավոտյան հայտարարել է, թե պատրաստվում է քննչական մեկուսարանում այցելել Արամ Պետրոսյանին: «Ես առաջիկա օրերին կհանդիպեմ նրան, Պետրոսյանը կպատմի ինձ իր խնդիրների մասին, և մենք կփորձենք նրան օգնել», - նշել է Տիտովը` հատուկ ընդգծելով. - «Նման հուսահատ քայլի ոչ բոլորն են ընդունակ, սակայն գործարարներից շատերն այսօր իրոք հուսահատ վիճակում են»:

XS
SM
MD
LG