Մատչելիության հղումներ

«Իսլամիստների բույն» Մոլենբեկը Բրյուսել այցելող զբոսաշրջիկների համար տեսարժան վայր է դառնում


Բելգիա - Ոստիկանությունը կասկածյալի է ձերբակալում Բրյուսելի Մոլենբեկ արվարձանում, 18-ը մարտի, 2016թ․

Բելգիա - Ոստիկանությունը կասկածյալի է ձերբակալում Բրյուսելի Մոլենբեկ արվարձանում, 18-ը մարտի, 2016թ․

Մոլենբեկն առայժմ չի ընդգրկվել Բրյուսելի տեսարժան վայրերի ցանկում, սակայն զբոսաշրջային ինդուստրիայում այն արդեն իր տեղն ունի: Բելգիական մայրաքաղաքի արվարձանում, որտեղ ընդամենը մի քանի ամիս առաջ աննախադեպ կրակոցներ են հնչել և ոստիկանական խուզարկություններ իրականացվել, այսօր էքսկուրսիաներ են տեղի ունենում:

Գիդ Ալեն Դեբեկը Reuters-ի հետ զրույցում պատմել է, որ արտասահմանցիներին հետաքրքիր է, թե ինչ տեսք ունի թաղամասը, որը հայտնի է որպես «իսլամիստների բույն»․ - «Զբոսաշրջիկներին նախ ապշեցնում է հսկայական տարբերությունը՝ ինչ են տեսնում այստեղ և ինչ են լսում հեռուստատեսությամբ: Նրանք սկսում են տեղացիներին հարցեր տալ, փորձում հասկանալ, թե ինչ երիտասարդություն է այստեղ ապրում, ինչպես են ապրում և ինչու են ընտրել հենց այս շրջանը»:

Զբոսաշրջիկներին առաջին հերթին հետաքրքրում են միջազգային լրատվամիջոցների առաջին էջերում հայտնված այն վայրերը, որտեղ անցած տարվա նոյեմբերին ձերբակալել էին փարիզյան հարձակման կազմակերպիչներից մեկին, հետո են միայն ուշադրություն դարձնում թաղամասով հոսող գետին, հին գործարանների պատերին արված գույնզգույն ու աչք ծակող գրաֆիտիներին:

Ժամանակին արդյունաբերական ձեռնարկությունների առատությամբ աչքի ընկնող այս թաղամասը անվանում էին «Փոքրիկ Մանչեսթր»: Այսօր էլ Մոլենբեկը, շատ զբոսաշրջիկների կարծիքով, ոչնչով չի տարբերվում եվրոպական այլ քաղաքներից:

«Ուրախ եմ, որ սեփական կարծիքս ունեցա՝ փոխանակ առաջնորդվելու միայն նրանով, ինչ մատուցում է մեդիան: Պետք չէ վախենալ այստեղ ապրող մարդկանցից», - ասում է գերմանացի զբոսաշրջիկը:

«Ես Բեռլինում եմ սովորում, և իրականում այս վայրը շատ նման է Բեռլինին: Դժվարությամբ եմ տարբերություններ գտնում. ինձ մոտ տպավորություն է՝ կարծես տանն եմ», - ասում է մեկ այլ զբոսաշրջիկ:

Մոլենբեկում ապրում է ավելի քան 100 հազար մարդ, բնակչության 40 տոկոսը մահմեդականներ են՝ հիմնականում ծագումով Մարոկոյից: Իսպանացի զբոսաշրջիկն ասում է՝ թաղամասում որևէ վտանգավոր բան չի նկատել․ - «Եթե այստեղ ապրողները վտանգավոր լինեին և ցանկանային պայթյուններ կազմակերպել, նրանք դա կանեին ոչ թե իրենց տանը, այլ կուղևորվեին Փարիզ: Իրականում տեղացիները այդ հարցին հումորով են մոտենում, նույնիսկ մետրոյում մեզ ողջունում են և ասում՝ «մի վախեցեք, մենք ձեզ վատ բան չենք անի»: Այնպես որ, որևէ խնդիր չկա»:

Այդուհանդերձ, Բրյուսելի զբոսաշրջային ընկերությունների հաշվարկներով, այս տարի զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կտրուկ նվազել է, նախնական տվյալներով՝ մոտ 20 տոկոսով:

Քաղաքային իշխանությունները ընդգծում են՝ Մոլենբեկը շարունակում է մնալ այցելուների համար տարօրինակ մի վայր: Թեև փորձում են նոր թանգարաններով և գարեջրատներով գրավել եկվորներին, սակայն Բրյուսելի հյուրերը ավելի հաճախ նախընտրում են լքել քաղաքի կենտրոնը և հասնել տխրահռչակ արվարձան:

XS
SM
MD
LG