Մատչելիության հղումներ

Մոսկվան մտահոգված է թուրք-սիրիական սահմանին ծավալվող իրադարձություններով


Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել թուրք-սիրիական սահմանին իրավիճակի լարման կապակցությամբ: Գերատեսչության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության համաձայն՝ Մոսկվային «խորապես մտահոգում են» թուրք-սիրիական սահմանի շրջանում կատարվող իրադարձությունները:

«Նախ և առաջ տագնապ է առաջացնում հակամարտության գոտում իրավիճակի հետագա դեգրադացիայի հնարավորությունը, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում դրա հետևանքով նոր զոհերի հնարավորությունը, միջէթնիկական հակասությունների սրումը քրդերի և արաբների միջև»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Մոսկվան նաև համոզմունք է հայտնել, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն միջազգային իրավունքի պահպանման հիման վրա: Այսօր առավոտյան Անկարան հայտարարեց «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և Քրդական դեմոկրատական միության զինյալների դեմ պայքարելու նպատակով Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ սկսելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG