Մատչելիության հղումներ

Արայիկ Խանդոյանի վերաքննիչ բողոքի հարցով որոշումը կհրապարակվի վաղը


«Սասնա ծռեր» խմբի անդամ Արային Խանդոյանը Վերաքննիչ քրեական դատարանում («Միայնակ գայլ») բողոքարկում է առաջին ատյանի դատարանի վճիռը, որով իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Խանդոյանի փաստաբանի փոխանցմամբ, դատարանում իր պաշտպանյալը հայտարարել է, որ ինքը հետապնդվում է ռեժիմի կողմից, և պահանջել է իրեն անհապաղ ազատ արձակվել:

Արայիկ Խանդոյանը, ի դեպ, մտադիր չէ ինքնաբացարկ հայտնել և հրաժարվել պայքարել հայրենի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնի համար: Փաստաբանի փոխանցմամբ, Խանդոյանը հաշվի է նստել իր բազմաթիվ համագյուղացիների հետ, որոնք հորդորել են իրեն շարունակել պայքարը:

Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը, հիշեցնենք, հորդորել էր Խանդոյանին ինքնաբացարկ հայտնել՝ փաստարկելով, թե այս ռեժիմի օրոք ընտրությունների մասնակցելը հաջողություն չի կարող բերել:

Այսօր ավելի վաղ Վերաքննիչ դատարանը քննում էր «Սասնա ծռերի» մեկ այլ անդամի՝ Արամ Հակոբյանի բողոքը: Այս պահին դատարանը խորհրդակցական սենյակում է:

Զինված խմբի մեկ այլ անդամի՝ Գևորգ Իրիցյանի բողոքի քննությունն այսօր հետաձգվեց մինչև գալիք երեքշաբթի․ Իրիցյանը ցանկություն է հայտնել մասնակցել իր բողոքի քննությանը: Նա հրազենային վնասվածք ունի:

Իրիցյանի փաստաբանը տարակուսած էր, թե ինչու են իր պաշտպանյալին նաև պատանդառություն մեղսագրում, քանի որ քրեական գործով որպես պատանդ անցնող բժիշկները Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածք էին մուտք գործել հենց Գևորգ Իրիցյանին այնտեղից դուրս բերելու կամ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Ուստի, փաստաբանի խոսքով, անգամ ցանկության դեպքում Իրիցյանը չէր կարողանա մասնակցել պատանդառությանը:

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Հիմնադիր խորհրդարանի աջակից Վահագն Ղումաշյանի բողոքը: Ղումաշյանը երկամսյա կալանքի տակ է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Իրավապահները պնդում են, որ նա ցույցի ժամանակ քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ: Նրա փաստաբանը, սակայն, պնդում է, որ Ղումաշյանն այդ օրն առհասարակ չի մասնակցել այդ ցույցին:

XS
SM
MD
LG