Մատչելիության հղումներ

logo-print

ՔՊ-ն Վանաձորում ներկայացրեց ավագանու ընտրությունների համամասնական ցուցակը


ՔՊ ներկայացուցիչները Վանաձորում, 24-ը օգոստոսի, 2016 թ․

ՔՊ ներկայացուցիչները Վանաձորում, 24-ը օգոստոսի, 2016 թ․

«Մենք Հրազդանում ցույց տվինք, որ ընտրողների ձայները պահելու մեխանիզմներ ունենք»,- այսօր Վանաձորում հայտարարեց կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վանաձորի ավագանու ընտրություններին կմասնակցի միայնակ՝ սեփական ցուցակով: Կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում ներկայացրեց իրենց համամասնական ցուցակը, որը գլխավորում է Վանաձորի ավագանու անդամ Արամ Խաչատրյանը:

Խաչատրյանն ավագանու նիստերին հաճախակի է աչքի է ընկել իր «դեմ» քվեարկություններով: «Ազատության» հետ զրույցում թեկնածուն ասաց, որ իրենք բավարար ռեսուրսներ ունեն՝ ողջ ընտրական գործընթացը վերահսկելու համար․ նախընտրական շտաբեր են ձևավորվում, բացի այդ, յուրաքանչյուր ընտրատեղամասում վստահված անձինք են ունենալու:

«Եթե ժողովուրդը մասնակցի և չվերցնի այդ ընտրակաշառքը, գնա քվեարկի ընդդիմադիր կուսակցության օգտին, վստահ եղեք, որ այդ ձայները կպահպանվեն»,- ասաց Խաչատրյանը: Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին շեշտեց՝ Հրազդանի ընտրությունները ցույց տվեցին, որ իրենք ի վիճակի են պահել իրենց ստացած ձայները: «Մենք ցույց տվինք հենց Հրազդանում, որ մենք ընտրողների ձայները պահելու մեխանիզմներ ունենք և ընտրողներին կոչ ենք անում քվեարկել հանուն փոփոխությունների»,- ասաց Փաշինյանը:

Հրազդանում, հիշեցնենք, ապրիլին կայացած քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Սասուն Միքայելյանը մոտ 2000 ձայնի տարբերությամբ պարտվել էր հանրապետական Արամ Դանիելյանին: Ընտրություններից հետո ՔՊ-ն հայտարարեց, որ արդյունքներն ի գիտություն են ընդունում: Փաշինյանը կարծում է, որ ընդդիմադիր ուժերը պետք է ոչ թե դաշինք կազմեն, այլ միավորվեն, իր ձևակերպմամբ, «մեկ ընդդիմության մեջ»:

«Նախկինում էլ եղել է, որ ընդդիմադիր դաշտի մի մասը միավորվել է, բայց իշխանությունն էլի շարունակել է իր նոր կուսակցություններ բուծելու և նոր էդպիսի «ականներ» տեղադրելու ռազմավարությունը: Դրա համար մենք ասում ենք, որ Հայաստանում պետք է լինի մեկ ընդդիմություն և, այո, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավակնում է լինել այդ մեկ ընդդիմությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այսօր Վանաձորում էր նաև Հրազդանի քաղաքապետի նախկին թեկնածու, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը, ով համախմբման կոչ արեց՝ «Տվեք մեզ հնարավորություն, ժողովուրդ, մենք երբեք ձեզ չենք թողնի փողոցում, հրապարակներում, չենք թողնի փախնի»:

Կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանն էլ ասաց, թե իրենք պատրաստվում են առաջիկա օրերին իրենց համամասնական ցուցակը ներկայացնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Նշենք՝ առաջադրումների վեցերորդ օրը դեռևս ոչ մի կուսակցություն փաստաթղթեր չի ներկայացրել ԸՀ:

XS
SM
MD
LG