Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի ընտրողների մեկ քառորդը պատրաստ է ընտրակաշառք վերցնել․ սոցհարցում


Ընտրություններ Ռուսաստանում, արխիվ

Ընտրություններ Ռուսաստանում, արխիվ

Ռուսաստանցիների միայն 22 տոկոսն է վստահ, որ Պետդումայի առաջիկա ընտրությունները անցնելու են առանց որևէ չարաշահման:

Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ստորին պալատի` Պետական դումայի ընտրություններից մոտ երեք շաբաթ առաջ մոսկվացի սոցիոլոգներն արձանագրում են` քվեարկելու իրավունք ունեցող ռուսաստանցիների մեկ քառորդը պատրաստ է ընտրակաշառք վերցնել: Սա են վկայում Լևադայի կենտրոնի անցկացրած վերջին հարցման արդյունքները:

Դրանց համաձայն՝ ռուսաստանցիների 16 տոկոսը կվաճառի իր քվեն, եթե այս կամ այն կուսակցությունը նրան առաջարկի 5 հազար ռուբլի (դա մոտ 37 հազար դրամ է կազմում) կամ ավելին: Հարցված ռուսաստանցիների ևս 8 տոկոսը քվեն պատրաստ է վաճառել շատ ավելի համեստ գումարով` ընդհուպ մինչև հազար ռուբլով: Նկատենք, սակայն, որ Լևադայի կենտրոնի մասնագետների կողմից անցկացված հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը` գրեթե 63 տոկոսը, պնդել է, թե որևէ պարագայում իր քվեն չի վաճառի:

Նույն հետազոտության արդյունքներից պարզ է դառնում, որ ռուսաստանցիների մեծամասնությունը վստահ է` սեպտեմբերի 18-ին անցկացվելիք ընտրությունների ընթացքում կեղծիքներ և չարաշահումներ են լինելու: Հարցվածների 21 տոկոսը վստահ է, որ առաջիկա ընտրությունների արդյունքները կեղծելու են տեղական ընտրական հանձնաժողովները, ևս 13 տոկոսի համոզմամբ էլ՝ այդ կեղծիքներն իրականացվելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մակարդակում: Հարցման մասնակիցների 15 տոկոսի պնդմամբ՝ իշխանությունները քվեարկությունից առաջ ընտրակաշառք են բաժանելու, 18 տոկոսի համոզմամբ էլ՝ իշխող «Եդինայա Ռոսիա»-ի և իշխանության բարեհաճությունը վայելող մյուս քաղաքական ուժերի համար քարոզարշավի ընթացքում արտոնյալ պայմաններ են ստեղծվելու: Ռուսաստանցիների միայն 22 տոկոսն է վստահաբար նշել, որ Պետդումայի ընտրությունները անցնելու են առանց որևէ չարաշահման:

Իսկ այն ռուսաստանցիներին, ովքեր վստահ են, որ սեպտեմբերի 18-ին կեղծիքներ լինելու են, Լևադայի կենտրոնի սոցիոլոգները հավելյալ հարց են ուղղել․ - «Արդյոք այդ կեղծիքները որևէ ազդեցություն կունենա՞ն առաջիկա ընտրությունների արդյունքների վրա»: Հարցվածների 54 տոկոսը նշել է, որ քվեարկության արդյունքների վրա կեղծիքների ազդեցությունը նշանակալի կամ շատ նշանակալի է լինելու: «Հարցվածների միայն 5 տոկոսն է համոզված, որ կեղծիքները ընդհանրապես չեն ազդի ընտրությունների արդյունքների վրա», - նշում են մոսկվացի սոցիոլոգները:

XS
SM
MD
LG