Մատչելիության հղումներ

Չի բացառվում,որ Վրաստանն ու Ուկրաինան ԵՄ հետ ազատ վիզային ռեժիմ ստանան 2017-ի հունվարից


Վրաստան - Թբիլիսիում տոնում են Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, 27-ը հունիսի, 2014թ.
Վրաստան - Թբիլիսիում տոնում են Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, 27-ը հունիսի, 2014թ.

Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիները լավագույն դեպքում 2017-ի հունվարի 1-ից միայն հնարավորություն կստանան առանց վիզաների մուտք գործել Շենգենյան համաձայնագրի տարածք: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվյակը երեկ գրել է Twitter-ի իր էջում` վկայակոչելով Եվրամիության պաշտոնյաների հետ մասնավոր զրույցները:

«Եվրամիության դիվանագետները դեռ սպասում են Եվրոպական խորհրդարանի և Եվրամիության խորհրդի վերջնական որոշմանը: Այն կհրապարակվի հոկտեմբերին, իսկ ազատ վիզային ռեժիմը ուժի մեջ կմտնի 2017 թվականի հունվարի 1-ից», - գրել է Յոզվյակը:

Հիշեցնենք, որ այս ժամկետները արդեն իսկ մի քանի անգամ փոփոխության էին ենթարկվել: Վրաստանի դեպքում, սկզբում խոսում էին ազատ վիզային ռեժիմի՝ հուլիսի 1-ից, ապա՝ հոկտեմբերից ուժի մեջ մտնելու հավանականության մասին: Ուշագրավ է, որ Եվրամիության ընդարձակման և հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Յոհանես Հանը ընդամենը մեկ ամիս առաջ որպես հարցի լուծման վերջնաժամկետ մատնանշում էր հոկտեմբերի 1-ը:

«Ազատության» Բրյուսելի թղթակիցը, այդուհանդերձ, «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում չի բացառում, որ 2017 թվականի հունվարի 1-ը ևս կարող է վերջնականապես սահմանված ժամկետ չլինել:

«Ժամկետների մասին ինձ հայտնեցին Եվրամիության խորհրդի աղբյուրները: Դրա հետ մեկտեղ, դժվար է ասել` իրո՞ք հոկտեմբերին վերջնական որոշում կկայացվի, թե՞՝ ոչ: Ես բավական երկար ժամանակ է ինչ լուսաբանում եմ այս գործընթացը և վստահ էի, որ Վրաստանը ազատ վիզային ռեժիմից օգտվելու հնարավորություն կստանա արդեն այս ամռանը: Հետագայում, սակայն, խնդրին միջամտեց քաղաքականությունը, առաջին ընդդիմացողը Գերմանիան էր: Այժմ, ահա, պնդում են, որ որոշումը կկայացվի հոկտեմբերին, և Եվրամիության ու Վրաստանի միջև վիզային ռեժիմը կազատականացվի արդեն 2017-ի հունվարին: Այս մասին թեև հայտարարվել է, բայց և այնպես, ինչ-որ բան կրկին կարող է փոխվել», - նշում է լրագրողը:

Վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների հնարավոր հետաձգման մասին հերթական տեղեկություններին Վրաստանի իշխանությունները բավական կտրուկ արձագանքեցին: Այսօր Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս թեմային անդրադարձավ Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

«Տեղի ունեցածը շահարկում է: Ես կարծում եմ, որ ժամկետների հետ նման շահարկումների դիմելու կարիք չկա: Մինչև Եվրախորհրդարանի օգոստոսյան արձակուրդների մեկնարկը համապատասխան հանձնաժողովները շատ կարևոր քայլի դիմեցին` դրական որոշումներ կայացնելով: Կարծում եմ, որ սեպտեմբերին նախատեսված քվեարկությունները ևս դրական ելք կունենան: Խնդիրը պետք է ընդգրկվի Եվրախորհրդարանի լիագումար նիստի օրակարգում: Եվրոպացի բոլոր առաջատար քաղաքական գործիչները կողմ են Վրաստանին ազատ վիզային ռեժիմի տրամադրմանը, և մեր քաղաքացիները պետք է հստակ տեղեկացված լինեն դրա մասին», - հայտարարում էր Վրաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Վրաստանին ազատ վիզային ռեժիմ տրամադրելու հարցը նաև հստակ նախընտրական հնչեղություն ունի: Իշխող «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները հույս ունեն, որ Վրաստանի քաղաքացիները Եվրամիության տարածք առանց վիզաների մուտք գործելու հնարավորություն կստանան մինչև հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, ինչը ինքնաբերաբար կնպաստի իշխող քաղաքական ուժի վարկանիշի աճին: Ժամկետների հերթական հետաձգումը, սակայն, վրացական ընդդիմությանը հնարավորություն է տալու մեկ անգամ ևս կասկածի տակ առնել «Վրացական երազանք»-ի վարած արտաքին քաղաքականության արդյունավետությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG