Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դաշնակիցներ Հայաստանը և Սերբիան կմասնակցեն ԱՄՆ հովանու ներքո անցկացվելիք զորավարժությանը


Հայ խաղաղապահները Գերմանիայում միջազգային զորավարժությունների են մասնակցում, արխիվ

Հայ խաղաղապահները Գերմանիայում միջազգային զորավարժությունների են մասնակցում, արխիվ

Ռուսաստանի հավատարիմ դաշնակիցներ Հայաստանը և Սերբիան մասնակցելու են ԱՄՆ-ի հովանու ներքո ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ Գերմանիայում անցկացվելիք զորավարժություններին:

Դրանք տեղի են ունենալու օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 15-ը Գերմանիայի ռազմաբազայում: Կազմակերպիչը Եվրոպայում տեղակայված ԱՄՆ-ի զորքերի հրամանատարությունն է: Զորավարժություններին մասնակցելու համար ճամփորդական, կեցության, սննդի, զինավարժարաններից օգտվելու ծախսերը հոգում է ամերիկյան կողմը:

Ամերիկյան զինված ուժերի հաղորդագրությունում ասված է, որ զորավարժությունների նպատակն է բազմազգ միջավայրում բարելավել փոխգործակցությունը և փոխըմբռնումը գործընկերների հետ մարտավարական մակարդակով անցկացվող ցամաքային զորքերի գործողություններում: Նշված է նաև, որ տարեկան երկու անգամ Եվրոպայում տեղակայված ԱՄՆ-ի զինված ուժերը նման զորավարժություններ են անցկացնում:

Առաջիկա զորավարժություններին մասնակցելու են 3 հազար 100 զինծառայողներ 20 երկրներից: Հետխորհրդային տարածքից մասնակցելու են Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան, նաև Լիտվան, որը, հիշեցնենք, ինչպես և մերձբալթյան մյուս երկու երկրները, արդեն Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկիր է:

Մոսկվայի դաշնակից Սերբիան մասնակցում է նաև Ռուսաստանի հետ համատեղ զորավարժությունների․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Սերբիան հյուրընկալելու է ռուսական ստորաբաժանումներ երկու զորավարժություն անցկացնելու համար:

Բելգրադում գտնվող Անվտանգության քաղաքականության կենտրոնի փորձագետ Կատարինա Ջոկիչևը Balkan Insight-ին ասել է, թե Սերբիան փորձում է հավասարակշռել իր ռազմական համագործակցությունը երկու կողմերի՝ ՆԱՏՕ-ի անդամների և Ռուսաստանի հետ: Նա նաև նշել է, որ Ռուսաստանի հետ զորավարժությունները տեղի մամուլը շատ ավելի լայնորեն էր լուսաբանում:

Նշենք, որ Հայաստանը ևս, և ավելի շատ, մասնակցում է թե՛ Ռուսաստանի հետ, թե՛ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում անցկացվող գրեթե բոլոր զորավարժություններին: Հենց այս օրերին Հայաստանը մասնակցում է Բելառուսում անցկացվող «Անխախտ եղբայրություն-2016» համատեղ խաղաղապահ զորավարժությանը:

XS
SM
MD
LG