Մատչելիության հղումներ

Խանդոյանի պաշտպան. Դատարանը քաղաքական պատվեր է կատարելու


Արայիկ Խանդոյանը ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում, հուլիս, 2016թ.

Արայիկ Խանդոյանը ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում, հուլիս, 2016թ.

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր կքննի Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրավելու միջոցով զինված ապստամբության փորձ կատարած «Սասնա ծռեր»-ի անդամներ Սերգեյ Կյուրեղյանի, Արամ Հակոբյանի, Գևորգ Իրիցյանի և «Միայնակ գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանի դիմումները։

Նրանք անցնում են ՊՊԾ գնդի տարածքը գրավելու գործով։ Վերաքննիչ բողոքով Կյուրեղյանը, Հակոբյանը, Իրիցյանը և Խանդոյանը պահանջում են վերացնել առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված երկամսյա կալանքն ու ազատ արձակել իրենց։

Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ակնկալիքներ չունեն այսօրվա դատական նիստից։ «Որևէ ակնկալիք չունեմ, որովհետև չի գտնվի մի դատավոր, որ օրինական որոշում կայացնի։ Ինչպես դատախազությունը, այնպես էլ Հատուկ քննչական ծառայությունը քաղաքական պատվեր են կատարում, նույն պատվերն է կատարելու նաև դատարանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղարագյոզյանը՝ նշելով, որ սրանով ուղղակի սպառում են ներհայաստանյան ատյանները, որպեսզի դիմեն Եվրոպական դատարան։

Պաշտպանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանը ապօրինի որոշում է կայացրել։ «Սա քաղաքական որոշում է, որևէ հիմնավոր կասկած չկա, որ անձը կատարել է հանցագործություն», - ասաց Ղարագյոզյանը։

Խանդոյանին առաջադրվել է պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, կրելու, փոխադրելու մեղադրանք, ասաց պաշտպանը՝ նշելով, որ հանցակազմ չկա կամ վարույթն իրականացնող մարմինը որևէ ապացույց չի ներկայացրել, որ Խանդոյանը զենքով է մտել ՊՊԾ գնդի տարածք։

«Ինչպես գիտեք, կալանքի հիմքում դրված է տուժող երեք անձի ցուցմունքները, տուժողները ցուցմունք են տվել, բայց որևէ կերպ այդ ապօրինի զինամթերքի, պատանդ վերցնելու պահով իմ պաշտպանյալին չի վերագրվում այդ ամեն ինչը։ Ցուցմունքը ընդհանուր առմամբ է դրված՝ պատանդ պահելու, վերցնելու պահով, իսկ ապօրինի զինամթերք պահելու մասով ընդհանրապես որևէ հիմնավոր կասկած չկա։ Առաջին ատյանի դատարանի որոշման հիմքում նախաքննությունից թաքնվելու, փախնելու կասկածն է դրված, բայց ես հայտարարել եմ, որ Արայիկ Խանդոյանը պայքարել է մեր պետության անկախության համար, Ղարաբաղյան պատերազմի մասնակից է, և եթե իմ պաշտպանյալը թուրքերից չի փախել, հաստատ Հայաստանից փախուստի չի դիմի», - ասաց Ղարագյոզյանը։

XS
SM
MD
LG