Մատչելիության հղումներ

Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադան ռուսների համար Բորոդինո էր


Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության անդամների հետ հանդիպման ընթացքում դատապարտել է ռուսաստանցի պարալիմպիականների մասնակցությունն արգելելու՝ Միջազգային պարալիմպիկ կազմակերպության որոշումը, Գորկի, Մոսկվայի մարզ, 23 օգստոսի, 2016թ.
Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության անդամների հետ հանդիպման ընթացքում դատապարտել է ռուսաստանցի պարալիմպիականների մասնակցությունն արգելելու՝ Միջազգային պարալիմպիկ կազմակերպության որոշումը, Գորկի, Մոսկվայի մարզ, 23 օգստոսի, 2016թ.

Դոպինգային սկանդալը ռուսները համարում են Արևմուտքի դավադրություն:

Ռուս պարալիմպիականների որակազրկումը մնաց ուժի մեջ

Լոզանում տեղակայված մարզական արբիտրաժային դատարանը մերժել է ռուսների բողոքը և ուժի մեջ է թողել Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք Պարալիմպիկ խաղերին ռուսաստանցի մարզիկների մասնակցությունն արգելելու՝ Միջազգային պարալիմպիական կոմիտեի որոշումը:

Պատճառը պարալիմպիական սպորտի համակարգում խթանիչների համատարած կիրառումն է և լաբորատոր ստուգումների կեղծումը, ինչը բնորոշ է ընդհանրապես ամբողջ ռուսական սպորտին:

Դեռ առավոտյան Մոսկվայում ակնարկում էին, թե ինչ-որ արժանահավատ աղբյուրի համաձայն, Կոմիտեն կարտոնի ռուսաստանցի պարալիմպիականների ելույթները, բայց հաստատվեց արգելքի վճիռը:

Մոսկվայում զայրացած են․ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե որոշումն անարդար է և դրա հիմքում բացառապես քաղաքական դրդապատճառներ են:

«Ռուսաստանում դոպինգի հարցով հետաքննության ամբողջ պատմությունը զզվելի կոկտեյլ է, որի բաղադրիչներից 80 տոկոսը քաղաքականություն է և 20 տոկոսը բուն դոպինգը։ Քաղաքականություն, որն ուղղված է ռուսական սպորտի, ռուսաստանցի մարզիկների և Ռուսաստանի պետության դեմ»,- ասել է Մեդվեդևը:

Նրա խոսքով, արգելքի վճիռը ցինիկություն է, որը հարվածում է հաշմանդամներին, ընդ որում ոչ միայն Ռուսաստանում:

Ռուսների ամենահամեստ արդյունքը 1912 թվականի Օլիմպիադայից հետո

Անցած կիրակի օրն ավարտված Ամառային օլիմպիադայում Ռուսաստանի հավաքականը ներկայացված չէր մի շարք մարզաձևերում: Հարցականի տակ էր ընդհանրապես ամբողջ հավաքականի մասնակցությունը:

Սակայն վերջին պահին Միջազգային օլիմպիական կոմիտեն վեհանձն գտնվեց և թույլ տվեց, որ Ռիոյում պայքարեն այն ռուս մարզիկները, ովքեր չեն կիրառել խթանիչներ կամ ժամանակին կիրառել են, որակազրկվել են և պատժաչափով նախատեսված ժամկետի ընթացքում դուրս են մնացել մրցումներից:

Ռիոյում դոպինգի պատճառով մրցելու իրավունքից զրկվել է 117 ռուսաստանցի մարզիկ: Ռիոյում ռուսները վաստակել են 56 մեդալ և գրավել են 4-րդ տեղը:

Դա երբեմնի մարզական հսկա Ռուսաստանի համար ամենաանհաջող ելույթն է 1912 թվականի Ստոկհոլմի օլիմպիադայից հետո, չէ՞ որ ԽՍՀՄ փլուզումից անցած հինգ օլիմպիադաներում ռուսները վաստակում են միջինը մոտ 80 մեդալ: Եվ, այնուամենայնիվ, Ռուսաստանում Ռիոյի արդյունքը համարում են հրաշալի հաղթանակ:

«Չնայած ճնշումներին, մերոնք հրաշալի ելույթ ունեցան: Ապրե՛ն»

«Մենք վաստակեցինք այնքան ոսկի, որքան Լոնդոնում, հետևաբար, կարողացանք փայլուն արդյունք գրանցել առանց ստուգման կեղծված նմուշների և դոպինգային կոկտեյլների», - պնդել է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Ազգայնական և խիստ հայրենասիրական հայացքներով հայտնի քաղաքական գործիչներն ու մեկնաբանները պնդում են, որ ռուսներն անցած օլիմպիադաներում ոչինչ չեն կեղծել և դոպինգ չեն ընդունել և Հակադոպինգային համաշխարհային գործակալության զեկույցները համարում են հակառուսական քաղաքական դավադրություն:

Մինչդեռ, ստուգման նմուշներն ապացուցում են, որ Պեկինի և Լոնդոնի օլիմպիադաներում հաղթող-ռուսաստանցիներից շատերը խթանիչ են օգտագործել, դրա հետևանքով մի քանի մարզիկներ արդեն զրկվել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներից:

«Չնայած ահավոր ճնշումներին, Հակադոպինգային համաշխարհային գործակալության, Միջազգային օլիմպիական կոմիտեի և Թեթև աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի անարդար որոշումներին, մերոնք Ռիոյում հրաշալի ելույթն ունեցան, ապրեն», - Թվիթերում գրել է Պետական դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:

Բորոդինո, կամ «нагло-сакс»-երի գլոբալ դավադրությունը

Ռուսաստանի քննչական կոմիտեի խոսնակ Վլադիմիր Մարկինն էլ ավելի հեռու է գնացել և LifeNews կայքում գրել է, որ՝ «Արևմուտքի նպատակն էր Օլիմպիադան դարձնել պայքար աշխարհին տիրելու համար»: Արդարադատության գեներալ-մայորի համոզմամբ, «անգլո-սաքսերը փորձում էին ռուսներին դուրս մղել Օլիմպիադայից»:

«Իհարկե, Ռուսաստանը լուրջ հարված է ստացել և կորուստ է կրել, բայց ապացուցել է, որ կարող էր գրավել նաև երկրորդ կամ երրորդ տեղը», - գրել է Մարկինը:

Նա ամենայն լրջությամբ Ռիոյի օլիմպիադան համեմատում է 1812 թվականի Բորոդինոյի ճակատամարտի հետ: Բայց այս անգամ, ըստ նրա, «ռուսներին փորձում էին հաղթել ոչ թե ռազմի դաշտում, այլ տեղեկատվական-հոգեբանական պատերազմում, սակայն ռուսները կամք են դրսևորել, և եթե նույնիսկ նահանջել են, ապա ոչ շատ հեռու և ոչ երկար ժամանակով»:

Մարկինը համոզված է, որ անգլո-սաքսերը, որոնց նա անվանում է «нагло-саксы»՝ «լկտի սաքսեր», դավեր են նյութել Ուկրաինայում, Սիրիայում, Թուրքիայում, Անդրկովկասում, այդ թվում՝ Հայաստանում:

«Եվ եթե այդ ծրագրերն իրականացվեին, ապա մոլորակը իսկապես կսարսափեր համաշխարհային ժանդարմից, իսկ Ռուսաստանի օլիմպիական մեկուսացումը որպես համեստ դեսերտ կմատուցվեր «պատերազմի կուսակցության» ներկայացուցչին, ով, հավանաբար, կհաղթի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում», - գրել է նա։

Մարկինի այդ ակնարկը, ամենայն հավանականությամբ, հասցեագրված է Հիլարի Քլինթոնին: Մարկինի կարծիքով՝ «Ռուսաստանը նորից խափանել է այդ նապոլեոնական ծրագրերը»:

«Ո՞վ է հաղթել, ո՞վ է պարտվել»՝ այդ հարցին Մարկինն այսպես է պատասխանում. - «Ռուսաստանը չի պարտվել, իսկ անդրօվկիանոսյան սադրիչները պարտվել ու հեղինակազրկվել են»:

Իսկ հիմա հաշվենք ու պարզենք, թե ով է հաղթել

Չնայած ռուս ազգայնականների բոցաշունչ խոսքերին, վիճակագրությունը միանգամայն այլ եզրահանգում է հուշում. Ռիոյում ԱՄՆ-ը ստացել է 46 ոսկե, 37 արծաթե, 38 բրոնզե մեդալ, դա 121 միավոր է:

Մեծ Բրիտանիան կրկնակի քիչ, բայց ռուսներից անհամեմատ շատ է վաստակել՝ 27 ոսկե, 23 արծաթե, 17 բրոնզե մեդալ: Երրորդը Չինաստանն է՝ 26 ոսկե, 18 արծաթե, 26 բրոնզե մեդալ: Չորրորդը Ռուսաստանն է՝ 19 ոսկե, 18 արծաթե, 19 բրոնզե մեդալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG