Մատչելիության հղումներ

Ռուզաննա Եղնուկյանի գլխին հարվածող ոստիկանը պատասխանատվության չի ենթարկվի


Մաշտոցի պողոտայում քաղաքացիական ակտիվիստ Ռուզաննա Եղնուկյանի գլխին հարվածողը պատասխանատվության չի ենթարկվի։

Հատուկ քննչական ծառայությունը 4 ամիս շարունակվող քննության արդյունքում կասկածյալ չի հայտնաբերել և որոշել է կարճել քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ։

Եղնուկյանի փաստաբանն այսօր ապշել է գործը կարճելու որոշումն ընթերցելիս․ Տիգրան Հայրապետյանի խոսքով ՀՔԾ-ն ոչ միայն չի հայտնաբերել հարվածողին, այլև հանցակազմի բացակայությունը հիմնավորել է նրանով, որ վնասվածքը դիտավորությամբ չի հասցվել։

«Եթե չի հայտնաբերվել ով է հարվածել, ասել, որ դիտավորությամբ չի հարվածել մեղմ ասած անհիմն է», - ասում է փաստաբանը, պնդելով, որ հարվածողին հայտնաբերելու համար պետք էր ընդամենը դիտել տեսագրություններն ու հարցաքննել Ռուզաննա Եղնուկյանին մոտեցած 8 ոստիկաններին․ - «Սա ծաղր է, և այսպիսի իմիտացիա անել, որ իբրև Հատուկ քննչական ծառայությունում լուրջ քննություն է իրականացվում, սա միայն արտաքին, ձևական մասը պահելու համար է»:

Մարտի 27-ին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով մի խումբ ցուցարարներ փակել էին Մաշտոցի պողոտան՝ ձեռքներին ամրացված շղթաները մեխելով ասֆալտին։ Երթևեկությունը վերականգնելու համար, ոստիկանները ուժ էին կիրառել, պառկած ակտիվիստներից շատերին քարշ տալով մայթեր։ Ռուզաննա Եղնուկյանը ճակատի պատռվածքով հիվանդանոց էր տեղափոխվել, վիրահատվել ու տևական ժամանակ բուժում ստացել։ Անցած ամիս ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Կարո Եղնուկյանի կինն ասում է՝ քննությունից այլ բան չէր ակնկալում։

«Կարճվեց, ինչպես և բոլոր քաղաքական հնչեղություն ստացած գործերը, որտեղ իրենք մեղավոր են», - հայտարարեց Եղնուկյանը:

Փաստաբանի խոսքով՝ Ռուզաննա Եղնուկյանից բացի, այդ օրը տուժել են նաև մյուս ցուցարարները, քանի որ ոստիկանները բռնի ուժով կասեցրել են նրանց խաղաղ ցույցը։ Հայրապետյանի փոխանցմամբ, ՀՔԾ-ն ոստիկանների գործողություններում խախտում չի հայտնաբերել: - «Հանգել է եզրակացության, որ քանի որ ոստիկանները պետք է ազատեին մայթը, իրենք իրավունք ունեն ուժ գործադրել, ձեռնամարտի հնարքներ, իրենք կարող էին այդպիսի գործողություններ կատարել», - նշեց փաստաբանը:

Ռուզաննա Եղնուկյանը մտադիր է բողոքարկել ՀՔԾ-ի որոշումը։

XS
SM
MD
LG