Մատչելիության հղումներ

GFK. «Վրացական երազանք»-ի և «Ազգային միացյալ շարժման» հավանական ընտրողների թիվը գրեթե հավասարվել է


Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի համայնապատկեր, արխիվ
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի համայնապատկեր, արխիվ

Հոկտեմբերի 8-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են։

Վրաստանում հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից մոտ վեց շաբաթ առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժման» հավանական ընտրողների թիվը գրեթե հավասարվել է:

Սա են վկայում «Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատվերով գերմանա-ամերիկյան GFK հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքները:

Դրանց համաձայն, եթե ընտրություններն այսօր կայանային, ապա միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմից ստեղծված «Վրացական երազանք»-ի օգտին պատրաստ կլինի քվեարկել ընտրողների շուրջ 26 տոկոսը:

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժման» օգտին, ըստ սոցիոլոգների, կարող է քվեարկել գրեթե նույնքան ընտրող, որքան իշխող ուժի օգտին` 25․5 տոկոս:

GFK-ի հարցման համաձայն, ընտրություններին մասնակցող կուսակցությունների շարքում երրորդ տեղը վստահորեն զբաղեցնում է օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեի ղեկավարած նորաստեղծ «Պետությունը հանուն ժողովրդի» շարժումը, որի հավանական ընտրողների թիվն, ըստ հարցման, մոտենում է 7 տոկոսի:

Բացի այդ, խորհրդարանում ներկայացված լինելու համար անհրաժեշտ 5 տոկոսի արգելքը կարող են հաղթահարել Լեյբորիստական կուսակցությունն ու պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ»-ը:

Սոցիոլոգները համոզված են, որ հաջորդ գումարման խորհրդարանում ներկայացված լինելու որևէ շանս չունի գործող օրենսդիր մարմնի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի Հանրապետական կուսակցությունը, որի օգտին այս պահին պատրաստ է քվեարկել ընտրողների ընդամենը կես տոկոսը:

Իշխող «Վրացական երազանք»-ի կողմնակիցները, սակայն, խիստ քննադատության են ենթարկում գերմանա-ամերիկյան ընկերության անցկացրած հարցման արդյունքները` պնդելով, որ նման տվյալների հրապարակման միակ նպատակը ընտրողներին ապակողմնորոշելն է:

«Ես վստահ եմ, որ գործ ունենք [կուսակցությունների] վարկանիշերի հետ կանխամտածված աճպարարության հետ: Սրանք որոշ մարդկանց երազանքներն են` արտացոլված թվերի տեսքով: Կարծում եմ, իրական պատկերը շատ հեռու է այն թվերից, որ մեզ են հրամցվում», - լրագրողների հետ զրույցում նշում էր կրթության նախարար Ալեքսանդր Ժեժելավան:

«Վրացական երազանք»-ի մեկ այլ ղեկավար անդամի` Գիա Ժորժոլիանիի համոզմամբ ևս, ներկայացված թվերը առավելապես քարոզչական տեխնոլոգիաներին են վերաբերում, քան սոցիոլոգիային:

«Ես թերահավատորեն են վերաբերվում ներկայացված թվերին: Բազմաթիվ խնդիրներ կան այնտեղ` հարցման մեթոդաբանությունից սկսած, ուստի հանրությունը չպետք է ուշադրություն դարձնի հարցման արդյունքներին», - նշել է «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG