Մատչելիության հղումներ

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի ռեկորդային անկում է գրանցվել․ Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, այս հուլիսին՝ նախորդ տարվա հուլիսի համեմատ, ցուցանիշը նվազել է 4.3 տոկոսով:

2011թ․-ից ի վեր ԱՎԾ-ն Հայաստանի տնտեսության ամսական շարժերը սկսեց չափել տնտեսական ակտիվության ցուցանիշներով, և հինգ ու կես տարվա ընթացքում տնտեսական ակտիվության ամսական ցուցանիշը երկու անգամ է անկում ապրել՝ 2013թ․ մայիսին՝ 2012թ․ մայիսի համեմատ, անկումը կազմել էր 1.3 տոկոս, իսկ անցած տարվա նոյեմբերին՝ 2014թ․ նոյեմբերի համեմատ, ցուցանիշը նվազել էր 0.5 տոկոսով:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը մատնանշում է, որ անկում է արձանագրվել չորս ոլորտներում՝ շինարարության, առևտրի, էլեկտրաէներգիայի արտադրության ու գյուղատնտեսության: Փորձագետի խոսքով, իրավիճակն առնվազն տարօրինակ է գյուղատնտեսության պարագայում, քանի որ այս տարվա առաջին կիսամյակում, ըստ ԱՎԾ-ի, 87%-ով աճել է Հայաստանից Ռուսաստան արտահանումը, որի մի զգալի մասը հենց գյուղմթերքն է, ու այս ֆոնին նույն ԱՎԾ-ն հայտնում է, որ գյուղատնտեսության բնագավառում անկում կա:

«Ենթադրություններից մեկը կարող է լինել հեևյալը․ բազում հրապարակումներ կային, որ թուրքական ապրանքները այնքան մրցունակ էին, որ խոշոր սուպերմարկետներում վաճառվում էին: Բացառված չէ, որ դա, փաթեթավորվելուց հետո որոշակի տեսքով որպես հայկական ապրանք առաքվել է նաև Ռուսաստան», - ասում է Մանուկյանը:

Ամսվա սկզբին, ամփոփելով առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշները, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարծես ոգևորված էր, ասում էր՝ արդեն իսկ ուրվագծվում են արտահանման խթանմանն ուղղված կառավարության քաղաքականության առաջին արդյունքները․ - «2015-ից շարունակվող տարածաշրջանային շոկերը, արտաքին բեռնափոխադրումների չնախատեսված խնդիրները, միջազգային տնտեսական աճի դանդաղումը, առկա գնանկումային միջավայրը վտանգել էին առաջանցիկ տնտեսական աճի հեռանկարը: Սակայն առաջին կիսամյակի արդյունքներով, կարելի է խոսել որոշակի հաջողությունների մասին: 2016 թվականի հունվար - հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 4.8 տոկոսով»:

Չնայած վարչապետը խոստովանեց՝ գրանցված աճը դեռևս չի ուղեկցվել բնակչության բարեկեցության բարձրացմամբ․ - «Միաժամանակ կրկին հարկ եմ համարում նշել, որ դրական փոփոխությունները դեռևս չեն նշանակում, որ անելիքներ չունենք: Ցավոք, վերջին մեկուկես տարվա աճը դեռևս չի ուղեկցվել բարեկեցության բարձրացմամբ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ տնտեսական աճը լինի ներառական, հասարակության յուրաքանչյուր անդամ զգա փոփոխությունների իր կենսամակարդակում»:

Բայց եթե Հայաստանի տնտեսությունը դեռևս չի էլ հասել նախաճգնաժամային մակարդակին, երկրի պետական պարտքը աճել է անգամներով: ԱՎԾ և Ֆինանսների նախարարության տվյալներով, եթե 2008թ․՝ տնտեսական ճգնաժամից առաջ, երկրի համախառն ներքին արդյունքը կազմում էր 11.9 միլիարդ դոլար, իսկ պետական պարտքը՝ 1.9 միլիարդ էր, ապա 2015-ին ՀՆԱ-ն ավելի քիչ էր՝ 10.5 միլիարդ դոլար, մինչդեռ պետական պարտքը ավելացել էր 2.6 անգամ և կազմել 5 միլիարդ 71 միլիոն դոլար:

Այս ամենի ֆոնին Կառավարությունում էլ չեն խոսում նախագահ Սերժ Սարգսյանի 2013թ․ հայտնի պահանջից՝ մինչև 2018թ․ տարեկան ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով, նախորդ տարիներին Հայաստանի իշխանությունները կարող էին ապահովել նշված 7 տոկոս տնտեսական աճը՝ ընդ որում առանց հսկայական պարտքեր վերցնելու:

«Իրատեսական է, աշխարհի կտրվածքով կան մի շարք վերլուծություններ, որ անցումային տնտեսություն ունեցող երկրները, ինչպիսին նաև Հայաստանի Հանրապետությունն է համարվում, 7 տոկոսանոց ցուցանիշը շատ նորմալ է: Այսինքն՝ հիմքերը կային», - ասում է տնտեսագետը։

XS
SM
MD
LG