Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի կարծիքով, ղարաբաղյան հարցը լուծելու համար Հայաստանը պետք է փոխզիջումների գնա։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, եթե անցած տարիների ընթացքում բանակցային գործընթացը բարդ է եղել, ապա այժմ դրան գումարվել է նաև այն ժամանակի սղությունը՝ «Հայաստանին պատասխանելու համար ժամկետ է տրվել»:

«Բոլոր նրանք, ովքեր այս պահին մերժում են, կեղծ հայրենասիրություն խաղալով, բանակցությունները, որովհետև ոչ մի թիզ հողը նշանակում է դուրս գալ բանակցություններից, խնդրում եմ ինձ ասեք՝ ինչպե՞ս կարող ես բանակցել, եթե փոխզիջումների մասին չես խոսում», - հարցնում է նա:

Մանուկյանն ասաց՝ չի հասկանում այն մարդկանց, ովքեր պնդում են, որ փոխզիջումների պետք չէ գնալ։ Նրա կարծիքով այստեղ ճիշտ կլինի հարցնել թե ինչ է ստանալու հայկական կողմը փոխզիջման արդյունքում։ Պատգամավորը պնդում է՝ առջևում լուրջ մարտահրավերներ կան, իսկ երկիրը դրանք հաղթահարելու համար քիչ ներուժ ունի, նաև այն պատճառով որ բոլոր տարածաշրջանային ծրագրերից դուրս է մնացել և չկա մի երկիր, որը ամբողջովին կանգնի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողքին։

Մոտ մեկ ամսվա լռությունից հետո այսօր լրագրողների հետ հանդիպմանը ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացուցիչը նաև անդրադարձավ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման շուրջ ստեղծված իրավիճակին: Հայտարարեց՝ լռում էին, փողոց դուրս չէին գալիս, քանի որ բռնությամբ իշխանափոխության տարբերակը չեն ընդունում։ Արամ Մանուկյանի խոսքով՝ իրենք լուրջ վտանգ էին տեսնում, որ ստեղծված վիճակը կարող էր ավելի սրվել՝ վերածվելով պետության կորստի կամ քաղաքացիական պատերազմի:

«Չի կարելի անել այնպիսի բան, որը կարող է եղածն էլ կործանել: Եվ մեր լռությունը հենց այդ նպատակն ուներ, որ չսրեր, չլարեր վիճակը, չտաներ ավելի վատ էսկալացիայի: Բռնությունը, ում կողմից էլ այն իրականացվի, իշխանափոխության համար մեթոդ չէ, մեր մեթոդը չէ: Բռնությամբ դու լեգիտիմացնում ես, հնարավորություն ես տալիս ամեն հաջորդի ժամանակ այդ մեթոդը կիրառել: Որքան էլ նրանք ազնիվ են, որքան էլ հայրենասեր են, որքան էլ իմ ընկերներն են», - հայտարարեց Մանուկյանը:

Պատգամավորն ասաց, որ իրենք կալանավորված «Սասնա ծռերին» փորձում են աջակցել, փաստաբանների հետ են աշխատում, բայց դա հրապարակավ չեն անում։

Արամ Մանուկյանը պնդեց՝ իրենք կողմ են իշխանափոխությանը, բայց չեն ցանկանում, որ դա երկրին վնասի: - «Ես իրավունք ունե՞մ ազգս տանել այդպիսի անսթափ, անզգույշ, ռիսկային քայլերի», - հարցնում է ընդդիմադիր գործիչը:

Մանուկյանը վստահ է, որ փոփոխված ընտրական օրենսգրքով հնարավոր է ընտրություններում հաջողության հասնել։ Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դրական են գնահատել 4+4+4 ձևաչափի արդյունքում ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները, մինչդեռ ավելի վաղ իշխող Հանրապետականի ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանն «Ազատությանը» ասել էր, որ ոչ բոլոր փոփոխությունները կհասցնենք կյանքի կոչել։ Խնդիրը տասը մատնահետքերին է վերաբերում: Արամ Մանուկյանի խոսքով՝ իշխանությունները հայտարարել են, որ դրանք հավաքագրող ընկերությունը մինչ խորհրդարանական ընտրություններ գործընթացը չի կարող ավարտել։ Փոխարենը, Մանուկյանն ասաց, իրենք հիմա բանակցում են ընտրական ցուցակները հրապարակելու շուրջ։

«Եթե կետը դուրս է գալիս, մենք ուրիշ բան ենք վերցնում և շատ լավ է, որ էսօր ունենք համաձայնությունը մեր գործընկերների: Եվ անգամ այս մեր վերցրածը եթե հաստատվում է, մենք դրանով գնում ենք ընտրությունների, լրջագույն հնարավորություն կա հաջողություններ ձեռք բերելու», - նշեց նա:

ՀԱԿ-ը պատրաստվում է նաև առաջիկա ՏԻՄ ընտրություններին, շուտով կհրապարակեն ցուցակները: Կուսակցության փոխնախագահը ասաց, որ հատուկ ուշադրություն են դարձնելու Գյումրու և Վանաձորի ընտրություններին։

XS
SM
MD
LG