Մատչելիության հղումներ

Ոստիկանները խոչընդոտում են կրասնոդարցի տրակտորիստների ավտոերթը դեպի Կրեմլ


Կրասնոդարցի տրակտորիստները ավտոերթով գնում են դեպի Կրեմլ, 22-ը օգոստոսի, 2016թ.
Կրասնոդարցի տրակտորիստները ավտոերթով գնում են դեպի Կրեմլ, 22-ը օգոստոսի, 2016թ.

Տրակտորիստները ուզում են Պուտինին պատմել, թե ինչ ապօրինություններ են կատարվում հեռավոր շրջաններում։

Ռուսաստանցի ոստիկանները արգելափակել են կրասնոդարցի տրակտորիստների ճանապարհը, որոնք արդեն մի քանի օր է՝ բողոքի ավտոերթով շարժվում են դեպի Կրեմլ՝ անձամբ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին պատմելու հեռավոր շրջաններում կատարվող ապօրինությունների մասին:

Ավելին, ցուցարարները պնդում են, թե երեկ ուշ երեկոյան իրավապահները հետապնդել ու ծեծի են ենթարկել ակցիայի մասնակիցներից մեկին՝ Ռուստամ Մալամագոմեդովին, ակտիվիստը հիվանդանոց է տեղափոխվել ուղեղի ցնցման կասկածանքով:

Մինչ քննիչները ուսումասիրում են, տեղական իշխանությունները համոզում են ցուցարարներին դադարեցնել ակցիան ու Կրասնոդար վերադառնալ, տրակտորիստները, սակայն, անդրդվելի են: Ընդ որում, BBC-ի հաղորդմամբ, ցուցարարների թիվը հետզհետե ավելանում է, Ռոստովում նրանց են միացել տեղացի ֆերմերները՝ կրկին դժգոհելով տեղական իշխանություններից:

Կրասնոդարցի ֆերմերների երթը դեպի Մոսկվա սկսվել է դեռ անցած շաբաթավերջից, սակայն մինչ օրս նրանք ճանապարհի կեսն էլ չեն անցել։

Տրակտորիստների խոսքով՝ բողոքի առաջին օրը ոստիկանությունը առնվազն յոթ անգամ կանգնեցրել ու մանրազնին ստուգել է իրենց փաստաթղթերը։ Կիրակի արդեն տասնյակ իրավապահներ շրջափակել են այն հյուրանոցը, որտեղ գիշերել են ցուցարարները։

«Մեր տրակտորները վերից վար ուսումնասիրել են, փաստաթղթերը՝ ստուգել, բայց միևնույն է ամեն քայլափոխին կանգնեցնում են։ Տպավորություն է՝ կարծես ուզում են ձախողել մեր արշավը, որ չհասնենք նախագահին ու չպատմենք, թե ինչ է կատարվում Կրասնոդարի շրջանում», - ասում է ցույցի կազմակերպիչներից մեկը՝ Ալեքսեյ Վոլչենկոն։

Ֆերմերներն առաջին անգամը չէ, որ փորձում են իրենց բողոքը Մոսկվա հասցնել։ Մարտին կրկին երթի էին դուրս եկել։ Տեղական իշխանությունները, սակայն, համոզել էին նրանց այդ գաղափարից հետ կանգնել։

Օգոստոսի սկզբին էլ, երբ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մեկնել էր Կրասնոդար, ոստիկանությունը բերման էր ենթարկել բոլոր այն գյուղացիներին, ովքեր հանդգնել էին պաստառներով փողոց դուրս գալ։

«Մենք որևէ կուսակցության չենք աջակցում, քաղաքական պահանջներ չենք ներկայացնում, ընդամենն ուզում ենք, որ մեզ թողնեն հանգիստ աշխատենք, որ կարողանանք հաց վաստակել», - ասում է Վոլչենկոն։

Ցույցի դուրս եկած հարյուրավոր գյուղացիներ պնդում են, թե տեղացի պաշտոնյաները խոշոր գործարարների ու օլիգարխների հետ միասին խլում են իրենց հողերն ու բերքը, դատարաններն էլ կամայական որոշումներով հաստատում են այդ ապօրինությունները։

Կրասնոդարի հասարակական կազմակերպություններից մեկը դեռ երեք տարի առաջ ավելի քան յոթ հազար բողոք-դիմում էր հավաքել նահանգում տարածված կաշառակերության վերաբերյալ։ Դրանք ուսումնասիրելու համար ստեղծվել էր Ռուսաստանի նախագահին կից հատուկ հանձնաժողով, տրվել էին հանձնարարականներ, տեղացիները, սակայն, պնդում են՝ մինչև այսօր դրանք այդպես էլ իրականություն չեն դարձել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG