Մատչելիության հղումներ

Բիձինա Իվանիշվիլին վերսկսում է հեռուստահաղորդավարի ընդհատված կարիերան


Բիձինա Իվանիշվիլի, արխիվ

Բիձինա Իվանիշվիլի, արխիվ

Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին վերադառնում է հեռուստաեթեր՝ այդպիսով վերսկսելով հեռուստահաղորդավարի ընդհատված կարիերան։

Վրացական կառավարության նախկին ղեկավարը որդուն՝ ռեփեր Բերա Իվանիշվիլիին պատկանող ժամանցային GDS հեռուստաընկերության էկրաններին կհայտնվի նոր եթերաշրջանում՝ սեպտեմբերից, նախընտրական հատուկ նախագծի շրջանակում։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, Իվանիշվիլին որպես հաղորդման մշտական հյուր ուղիղ եթերում պատասխանելու է ինչպես հեռուստահաղորդավարների, այնպես էլ այլ լրագրողների հարցերին։

Վրաստանում հոկտեմբերի 8-ին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ, հիշեցնենք, «Վրացական երազանք»-ի հիմնադիր Իվանիշվիլին հայտարարել է, որ օգտագործելու է իր բոլոր հնարավորությունները՝ թույլ չտալու Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության վերադարձը իշխանության:

«Ես անպայման կօգտագործեմ իմ ամբողջ ներուժը, որպեսզի նրանք չկարողանան ժամանակը հետ շրջել և երկիրն իրենց սադիստական փորձարկումների համար լաբորատորիայի վերածել», - ասել է Իվանիշվիլին՝ միևնույն ժամանակ հավաստիացնելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված անձամբ ինքը նպատակներ չունի:

Այս մասին Իվանիշվիլին հայտարարել է, մասնավորապես, բաց նամակում, որով ներկայացրել է իր մտորումները սպասվող խորհրդարանական ընտրությունների շուրջ ու հնարավոր զարգացումները։

Հիշեցնենք, 2012 թվականի ընտրություններից հետո Վրաստանի իշխանության ղեկը ստանձնած Բիձինա Իվանիշվիլին, կառավարությունը ղեկավարելով ընդամենը մեկ տարի, հրաժարական տվեց՝ հայտարարելով, թե «իր հիմնական խնդիրը լուծված է»:

Մինչդեռ վրացական ընդդիմությունը պնդում է, որ չնայած քաղաքականությունից հեռանալուն՝ միլիարդատեր գործարարը շարունակում է երկրի ստվերային ղեկավարումը։

Պաշտոնաթողությունից հետո Իվանիշվիլին ընդդիմախոսներին վստահեցրեց, թե հասարակական գործունեությամբ է զբաղվելու, հիմնեց «Քաղաքացի» հասարակական կազմակերպությունը և սկսեց հեռուստածրագիր վարել։

Իշխող «Վրացական երազանք»-ի ղեկավարն այն ժամանակ էկրաններին հայտնվեց «Քսան-երեսուն» խորագրով վերլուծական ծրագրով։ Նախկին վարչապետի խոսքով՝ իր նպատակն էր վերլուծական ծրագրով օգնել վրաց հասարակությանը՝ հասկանալ երկրում տեղի ունեցող իրադարձությունների ճշգրիտ պատկերը։

XS
SM
MD
LG