Մատչելիության հղումներ

logo-print

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր կրկին մեկը մյուսի հետևից մերժեց «Սասնա ծռեր»-ից 5-ի դիմումները՝ կալանավորումը վերացնելու ու նրանց ազատ արձակելու մասին։

Ընդհանուր առմամբ, հուլիսին ոստիկանության պարեկապահակային գնդի գրավման միջոցով զինված ապստամբության փորձ կատարած «Սասնա ծռեր» խմբի անդամներից մեկ տասնյակի դիմումներն արդեն մերժվել են Վերաքննիչ քրեական դատարանի կողմից։

Վերաքննիչը հիմնավոր է համարում զինված խմբի անդամների կալանավորումը՝ գտնելով, որ ծանր հոդվածներով մեղադրվող «Սասնա ծռեր»-ը, ազատության մեջ գտնվելով, կթաքնվեն նախաքննությունից։

Երկրորդ ատյանի դատարանն այսօր մասնավորապես մերժեց «Սասնա ծռեր»-ից Տիգրան Մանուկյանի, Թորոս Թորոսյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարուժան Ավետիսյանի և Արեգ Կյուրեղյանի դիմումները։

Վարուժան Ավետիսյանի և Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի փոխանցմամբ՝ իր պաշտպանյալները այսօր դատարան չէին բերվել։ Երկուսի մեղադրանքն էլ նույնն է՝ պատանդ վերցնելը և ապօրինի կերպով զենք-ռազմամթերք պահելը, կրելը, փոխադրելը։ Շուշանյանն ասաց՝ երկուսի դեպքում էլ վճռաբեկ բողոք է ներկայացնելու՝ շարունակելով պահանջել ազատ արձակել «Սասնա ծռեր»-ին։

«Բնականաբար, մեղքը չեն ընդունում, ու թե՛ առաջին ատյանի դատարանում, թե՛ վերաքննիչ դատարանում նախաքննության մարմինը որևէ ապացույց չի ներկայացրել էդ հիմնավոր կասկածը հիմնավորելու համար: Էդ ներկայացված նյութերում որևէ ապացույց չկար, որով հնարավոր կլիներ փաստել, որ նրանք ձեռք են բերել փոխադրել են և՛ հրազեն, և՛ ռազմամթերք», - ասաց պաշտպանը:

«Սասնա ծռեր»-ից և ոչ մեկը մեղադրանքը չի ընդունում։ Հիշեցնենք, Երևանի Էրեբունի թաղամասում անցյալ ամիս ծավալված դրամատիկ իրադարձությունների հետևանքով սպանվեց 3 ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում այս պահին կալանավորված է 50 անձ։ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն, ՊՊԾ գնդում հրկիզվել ու վնասվել է ոստիկանության 21 ավտոմեքենա, գնդում տեղադրված բանկոմատից հափշտակվել է 14 միլիոն դրամ։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշեց, որ նախաքննական մարմինը չի հստակեցնում, թե զինված խմբի անդամներից ով ինչ գործողության համար է հայտնվել ճաղերի հետևում։

Նրա խոսքով, բոլոր մեղադրյալների համար մեղադրանքի տեքստերը նույն են, միայն անունն-ազգանուններ են փոխել, և չի անհատականացվում, թե խմբի անդամներից, ով՝ ինչ է արել: Նույնը վերաբերում է պատանդ վերցնելու վերաբերյալ մեղադրանքին, շարունակեց Շուշանյանը․ - «Խոսքը գնում է, ինչպես գիտենք, շտապօգնության երեք աշխատողների մասին: Ներկայացվել են նրանց ցուցմունքները, բայց էդ ցուցմունքներում որևէ նշում Վարուժան Ավետիսյանի կամ Արեգ Կյուրեղյանի մասին չկա, էլ չեմ ասում՝ նրանց կողմից պատանդ վերցնելու և պահելու մասին»:

գնդի տարածքի գրավումից հետո ընդհատակ անցած «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանի վերաքննիչ բողոքը ևս մերժվեց այսօր։ Նրա պաշտպան Արա Զաքարյանը ևս քաղաքական համարելով դատական ատյանի որոշումը՝ ասաց, որ բողոքարկելու է Վճռաբեկ դատարան։ Չուգասզյանը մեղադրվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան՝ 2015-ի ապրիլի 24-ին ընդառաջ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ։ Որպես մեղադրյալ մեկուկես տարի նա գտնվում էր ազատության մեջ, բայց ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց հետո նախաքննական մարմինը որոշեց նրան կալանավորել այն բանի համար, որ նա, ըստ պաշտպանի, տանը չի եղել։

«Հենց այդ որոշումն էի բողոքարկել, որը իհարկե ցնցող է, այսինքն՝ եթե մարդ մի քանի ժամով տանից բացակայում է․․․ Ստեղծվեց շատ վտանգավոր նախադեպ, որ եթե անձը, ում նկատմամաբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց է կիրառված, եթե մի քանի ժամով տնից բացակայի, ապա մեծ հավանականությամբ նա կհայտնվի կալանքի տակ», - ասաց Արա Զաքարյանը:

Նա քննադատեց նախաքննական մարմնի որոշումը, որով ՊՊԾ գնդի տարածքը գրավելու քրեական գործին է միացվել 2015 թվականի զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ինչպես նաև 2 ամիս առաջ Ժիրայր Սեֆիլյանի քրեական գործերը։ Զաքարյանն ասում է, որ անցած մեկուկես ամսում նախաքննական մարմինը այս գործով ոչինչ չի արել, գործը գտնում էր փակուղում։

«Դրա համար գացին մի այսպիսի արհեստական քայլի, որ այդ գործի կյանքը երկարացնելու համար միացրեցին այս մյուս գործերին, որ ասեն հիմա մեկ գործ է, էդ գործով ընդհանուր կքննեն, կպարզեն՝ ինչ է կատարվում» - նշեց Զաքարյանը:

«Սասնա ծռեր»-իանդամ Արայիկ Խանդոյանի վերաքննիչ բողոքն այսօր հետաձգվեց՝ նրա պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին դատարան բերել Խանդոյանին, դատավորը բավարարեց այն։ Պաշտպան Արա Ղարագյոզյանն ասաց, որ Խանդոյանի դեպքում ևս չի հստակեցվում, թե նա ինչ գործողություններ է կատարել, նաև բժիշկներին պատանդ վերցնելու առումով․ - «Շաբլոնային, ոնց որ մնացած կալանքի միջնորդություններն են, նույն ձևի էլ դա է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG