Մատչելիության հղումներ

Հայաստան եկող գազատարի պայթեցման փորձի կասկածանքով Վրաստանում 7 անձ է ձերբակալվել


Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը Վրաստանի տարածքում

Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը Վրաստանի տարածքում

Վրաստանում կանխվել է Ռուսաստանից Հայաստան եկող գազատարի պայթեցման փորձը. ձերբակալվել է 7 անձ: Նրանք հանդիսանում են Վրաստանի քաղաքացիներ:

Վրաստանի պետական անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, բերման ենթարկվածներից հինգին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն կազմակերպելու հոդվածով: Ձերբակալվածների թվում է նաև Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լևան Մամպորիան, ով մեղադրվում է ահաբեկչական խմբին աջակցելու մեջ։

Վրաստանի անվտանգության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Սավլե Մոտիաշվիլին, լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացնելով օգոստոսի 20-ին տեղի ունեցած ձերբակալությունների մանրամասները, հայտնել է, որ հանցավոր խմբավորումը պլանավորում էր գազատարը պայթեցնել մայրաքաղաք Թբիլիսիից մոտ քսան կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սագուրամ գյուղի տարածքի հատվածում:

Հանցագործությունը իրականացնելու նպատակով հանցախմբի անդամները օգոստոսի 20-ին ուղևորվել են Ժինվալի-Շատիլի ավտոճանապարհի մերձակա անտառահատված՝ այնտեղից պայթուցիկ նյութերը վերցնելու: Հենց այդ պահին էլ ձերբակալվել են: ձերբակալվածներից մեկի տանը համակարգչից առգրավվել է քարտեզ, որի վրա նշված են եղել այն վայրերը, որտեղ պետք է իրականացվեին պայթյունները, հայտարարել է վրացի պաշտոնյան:

Վրացական իրավապահների փոխանցմամբ՝ հանցավոր խմբավորման մոտ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 4 միավոր 200 գրամանոց «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, 5 պայթուցիչ սարք (դետոնատոր), և զենք զինամթերք:

Ո՞վ է կանգնած հանցավոր խմբի ետևում և ի՞նչ նպատակ էր հետապնդում Հայաստան տանող գազատարի պայթեցումը. այս հարցերի պատասխանը պաշտոնական Թբիլիսին դեռ չունի: Երկրի իրավապահները առայժմ հայտնում են, որ ձերբակալվածներից մեկը հաճախ Ուկրաինա է այցելել, սակայն արդյո՞ք հանցավոր խումբը կառավարվել է այդ երկրից՝ դեռ հայտնի չէ, հայտարարել է պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչը: Հենց այս հայտարարությունն էլ պատճառ դարձավ, որպեսզի հատուկ ծառայությունների կողմից ահաբեկչական գործողություն կանխելու մասին պնդումները Վրաստանում կասկածի տակ դրվեն: Վկայակոչելով ուկրաինական հետքի մասին հայտարարությունը՝ Վրաստանի փորձագիտական շրջանակներում հարց են հնչեցնում՝ ահաբեկչությո՞ւն էր դա, թե՞ նախընտրական պատրանք:

Վերջին չորս տարվա ընթացքում Վրաստանի տարածքում որևէ ռուսական լրտես չբացահայտած անվտանգության ծառայությունը հանկարծ հայտարարում է ահաբեկչություն կանխելու մասին և ակնարկում ուկրաինայից ուղղորդվելու մասին: ՆախընտրականՎրաստանում երկար չեն մտածում՝ պարզ է, թե հատկապես ում ուղղությամբ է մեղադրանքների սլաքը, գրում է «Գրուզիա օնլայն» պարբերականի մեկնաբանը:

Այս պահի դրությամբ հայտնի է, որ ձերբակալվածների թվում ազգությամբ ադրբեջանցի չկա: Այդպիսով Վրաստանում բացառում են կանխված հանցագործության ետևում ադրբեջանական հետքը: Քննարկվում է ահաբեկչական գործողություններով հայտնի «Իսլամական պետություն» խմբավորման հնարավոր մասնակցությունը:

«Այս վարկածը ամենաքիչ հավանականն է, քանի որ «Իսլամական պետություն» խմբավորումը նախընտրում է մարդկանց վախեցնել արյունալի գործողություններով, այլ ոչ թե նմանօրինակ դիվերսիաներով», - «Ազատության» վրացական ծառայության հետ զրույցում տեղի ունեցածը վերլուծում է անվտանգության հարցերով փորձագետ Բեսո Ալադաշվիլին, ում կարծիքով Հայաստան տանող գազատարի պայթեցման ետևում կարող են կանգնած լինել ռուսական հատուկ ծառայությունները՝ հաշվի առնելով 2006 թվականին տեղի ունեցած գազատարի պայթեցման միջադեպը: - «Իսկ վարկածներից ամենահավանականը հենց ուկրաինական հետքն է, որը կապված է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ․ ցավոք չեն բացառվում իշխանությունների կողմից ընտրություններից առաջ քաղաքական միավորներ հավաքելու փորձերը», - նշում է վրաց փորձագետը:

Ռազմական փորձագետ Նոդար Խարշիլաձեն էլ նկատում է, որ այս միջադեպի մասին խոսելիս իրավապահները հաճախ և առանց որևէ հիմնավորման օգտագործում են ահաբեկչություն տերմինը, ինչը տվյալ դեպքում չի կարող որակավորվել որպես ահաբեկչություն:

«Եթե մենք խոսում ենք ահաբեկչական գործողության մասին, ապա ենթադրվում է, որ այն պետք է թիրախ դարձներ մարդկանց, իսկ խումբը, որը մտադիր էր իրականացնել այն պետք է ունենար ինչ-որ քաղաքական կամ կրոնական գաղափարախոսություն: Խողովակ պայթեցնելը դիվերսիա է: Այն իսկապես կարող էր օգտագործվել նախընտրական այս փուլում, ինչը իմ կարծիքով քաղաքական էժանագին քայլ է», - նշում է Խաշիլաձեն:

XS
SM
MD
LG