Մատչելիության հղումներ

Թեհրանը Մոսկվային մեղադրում է պայմանավորվածություններ խախտելու մեջ


ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհքանի համատեղ ասուլիսը, Թեհրան, 2015 թ․

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհքանի համատեղ ասուլիսը, Թեհրան, 2015 թ․

Ժամեր առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ռուսական ռազմական ինքնաթիռներն արդեն դուրս են բերվել Իրանի տարածքից:

Պաշտոնական Թեհրանն այսօր Կրեմլին հրապարակավ մեղադրեց երկկողմ պայմանավորվածությունները խախտելու մեջ, Ռուսաստանն էլ իր հերթին տեղեկացրեց, թե առայժմ դադարեցնում է իրանական ռազմաօդային բազայի օգտագործումը` Սիրիայի թիրախներին հարվածներ հասցնելու համար:

Ժամեր առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, թե ռուսական ռազմական ինքնաթիռները կատարել են առաջադրված հանձնարարությունն ու դուրս են բերվել Իրանի տարածքից: Այսօր ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհքանը պետական հեռուստաընկերության հետ զրույցում մեղադրել էր ռուսներին պարծենկոտության մեջ, պնդելով, թե Համադանի ռազմաբազայի օգտագործման մասին լուրը Մոսկվան հրապարակել է առանց իրենց հետ համաձայնեցնելու:

«Հասկանալի է՝ ռուսներն ուզում են ցույց տալ, որ գերտերություն են, ազդեցիկ երկիր, որ շատ ակտիվ են անվտանգության ոլորտում, տարածաշրջանոմ ու աշխարհում: Նրանք նաև ուզում են ցույց տալ, որ լուրջ խաղացող են Սիրիայում, որպեսզի հետո կարողանան բանակցել ամերիկացիների հետ ու մասնակցել Դամասկոսի քաղաքական ճակատագրի որոշմանը»,- ասել էր Իրանի պաշտպանության նախարարը: Ժամեր անց այս հայտարարությանը միացավ նաև Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը․ ԻԻՀ արտգործնախարարության խոսնակը պնդեց, թե Համադանի ռազմաբազայի օգտագործման շուրջ կողմերի միջև ընդամենը կարճաժամկետ համաձայնություն է եղել:

Սիրիական ճգնաժամի հարցում ռուս-իրանական այս աննախադեպ համագործակցության մասին հայտնի էր դարձել անցած շաբաթ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե ռուսական ինքնաթիռներն օդ են բարձրացել Իրանում գտնվող Համադանի օդանավակայանից և հարվածներ հասցրել Սիրիայում տեղակայված «Իսլամական պետության» դիրքերին, զենքի և վառելիքի պահեստներին: Ռուսաստանի իշխանամերձ մամուլն այդ օրերին համառորեն պնդում էր՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում Իրանը և Իրաքը միացել են Ռուսաստանին, ռուս բարձաստիճան պաշտոնյաներն էլ հայտարարում էին, թե իրանական ռազմակայանի օգտագործումը թույլ կտա առավել արդյունավետ դարձնել պայքարը, քիչ վառելիք ծախսելով՝ առավել մեծ քանակությամբ ռումբեր տեղադրել ինքնաթիռներում:

Թեհրանը, մինչդեռ, մեկ օր ուշացումով հաստատեց ռուսների հետ համագործակցության մասին լուրը՝ քննադատության ալիք բարձրացնելով երկրի ներսում ու Արևմուտքում: Իրանում շատերն են հիշում երկրորդ աշխարհամարտի տարիները, երբ Խորհրդային բանակը Մեծ Բրիտանիայի ուժերի հետ գրավեց երկիրը: Քիչ ավելի ուշ անգլիացիները հեռացան, իսկ ԽՍՀՄ-ը մնաց՝ արժանանալով 1946 թվականին նոր-նոր կազմավորված՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննադատությանը:

Անցած օրերին Իրանի խորհրդարանում պատգամավորները հենց այս պատմությունն էին հիշեցնում իշխանություններին՝ փաստելով, որ մայր օրենքի համաձայն, երկրում օտարերկրյա ռազմակայանների տեղակայումն արգելված է: Ռուս-իրանական համագործակցությանը կոշտ էր արձագանքել նաև Վաշինգտոնը: «Թեև Ռուսաստանը հայտարարում է, թե հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» և «Ջաբհաթ Ան Նուսրա»-ի խմբավորումներին, այդուհանդերձ, նրանց հիմնական թիրախներն են մնում չափավոր իսլամիստական խմբավորումները»,- հայտարարել էր պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները:

Փաստելով, որ այս պահին ռուս-իրանական նշված գործարքն, ըստ էության, սառեցված է՝ վերլուծաբանները, միաժամանակ, նկատում են, որ կողմերը բաց են թողնում դուռը՝ հետագա համագործակցության համար: Թեհրանում Ռուսաստանի դեսպան Լևոն Ճաղարյանը, համենայնդեպս, այսօր հայարարել է, թե ռուսական բոլոր ինքնաթիռները դուրս են բերվել Իրանից, սակայն որևէ պատճառ չկա, ոըը կխոչընդոտեր նրանց վերադարձը:

XS
SM
MD
LG