Մատչելիության հղումներ

Հայաստանին ի վերջո «հաջողվեց շրջանցել օլիմպիական կարգախոսն ու մասնակցությունից բացի նաև արդյունք ունենալ»


Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը, արխիվ

Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը, արխիվ

Մեկ ոսկե և երեք արծաթե մեդալով Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային օլիմպիական խաղերի արդյունքների ոչ պաշտոնական հաշվարկում Հայաստանը 206 երկրների շարքում զբաղեցրեց 42-րդ տեղը։

20 տարվա դադարից հետո Հայաստանն ամառային օլիմպիական խաղերում դարձյալ չեմպիոն ունեցավ։ Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց օլիմպիական ոսկին:

Այս անգամ արծաթե մեդալների արժանացան ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը։ Հայաստանը ներկայացնող՝ ազատ ոճի ըմբիշ Լևան Բերիանիձեն և ծանրորդ Նազիկ Ավդալյանը տեղ զբաղեցրին հինգերորդ հորիզոնականում, իսկ գերծանր քաշային ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանն էլ գրավեց չորրորդ տեղը՝ ընդամենը մեկ հորիզոնականով ետ մնալով պատվո հարթակից։ Ամերիկաբնակ մարզուհի Հուրի Գեբեշյանը, ով երկքաղաքացիություն էր ձեռք բերել՝ Հայաստանը ներկայացնելու համար, զուգափայտերի վրա նոր հնարքի հեղինակ դարձավ։ Այդ հնարքը հավանաբար կկոչվի նրա անունով՝ «Գեբեշյանի հնարք»։

Հայաստանի հարևանները թիմային հաշվարկով ավելի բարձր տեղեր զբաղեցրին՝ Իրանը երեք ոսկե մեդալով 25-րդ, Վրաստանը 38-րդ, իսկ Ադրբեջանը 39-րդ հորիզոնականում է։ Օլիմպիական խաղերի առաջատարը Միացյալ Նահանգներն է, որը 46 ոսկե մեդալ նվաճեց, նրան հաջորդում են մեծ Բրիտանիան և Չինաստանը:

Հայ օլիմպիականների հետ Բրազիլիայում հանդիպում ունեցած՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շեշտել է՝ ձեր սպորտային հաջողությունները Հայաստանն աշխարհում ավելի ճանաչելի են դարձնում։ «Դուք մրցում եք ընտրյալների հետ, ովքեր իրենց սեփական երկրներում հազարավոր մրցակիցներ ունեն: Ես հստակ տվյալներ չունեմ, չկա վիճակագրություն, բայց ես վստահ եմ, որ կան մարզաձևեր, որոնցով Չինաստանում զբաղվում են մեր ամբողջ ժողովրդի չափ մարզիկներ: Եվ սրանով կրկնապատկվում է, արժևորվում է ձեր ձեռքբերումը»,- ասել է Սարգսյանը:

Այս տարի օլիմպիական խաղերն առաջին անգամ անցկացվեցին Հարավային Ամերիկայում, մասնակիցների թիվը ռեկորդային էր, ընդհանուր առմամբ՝ 10500 մարզիկ: Հայաստանը ևս այս խաղերին ներկայացել էր մասնակիցների ռեկորդային կազմով՝ 33 մարզիկ։ Մազական մեկնաբան Աշոտ Հակոբյանի խոսքով, այս խաղերի ընթացքում հայ մազրիկներին վերջո հաջողվեց շրջանցել օլիմպիական հայտնի կարգախոսն ու մասնակցություն բացի նաև արդյունքներ ապահովել։

«Թե մարզասերները, թե մարզական ղեկավարները պետք է որ գոհ լինեն հայ մարզիկների մասնակցությունից, որովհետև եթե համեմատենք նախորդ՝ Լոնդոնի օլիմպիական խաղերի հետ, այնտեղ մեդալների թիմային հաշվարկով Հայաստանն ընդամենը մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ նվաճեց և գրավեց 60-րդ տեղը: Իսկ Ռիո դե Ժանեյրոյում առաջընթացն ակնհայտ էր»,- ասաց Հակոբյանը:

Այս տարի Հայաստանը ևս անմասն չմնաց օլիմպիական սկանդալներից: Մրցավարության որոշմամբ, 66 կգ քաշային ըմբիշ Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից: Գոտեմարտն ավարտվեց 1:1 հաշվով, սակայն հաղթանակը շնորհվեց նրա հակառակորդ սերբ ըմբիշին, քանզի վերջինս հավասարացրել էր հաշիվը: Հայաստանի օլիմպիական կոմիտեն մրցավարների այդ որոշումը «կողմնակալ» ու «կոպիտ» որակեց։

«Ինձ կրկին զրկեցին ոսկե մեդալից: Այդ արարքը վերջնականապես հիասթափեցրեց ինձ, այդ պատճառով չէի կարողանում զսպել ինձ: Շատ դժվարությունների միջով եմ անցել, իմ հարազատներին ավելի քան 150 օր չեմ տեսել, որպեսզի ամբողջովին պատրաստվեմ ու կենտրոնանամ օլիմպիական խաղերի վրա: Հյուծիչ մարզումները, քաշի վերահսկումը, վնասվածքները, իմ թիմի աշխատանքը, հույսերը, ընտանիքիս ու ազգիս համբերությունն ուղակի գողացվեց…»,- «В Контакте» սոցիալական ցանցի իր էջում գրել է Միհրանը։

Մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանն այդ առնչությամբ նշեց՝ «Նա կարծես հայի բախտ ունի, նրա ճանապարհը միշտ փակում են ու շատ կոպիտ, լկտի ձևով: Բաքվում անցկացված Եվրոպական ամառային խաղերում նրան չթողեցին, որ հաղթի եզրափակիչում, դա ինչ որ տեղ հասկանալի էր, որովհետև Բաքվում էր՝ պիտի անեին ամեն բան, որ Հայաստանի դրոշը չբարձրանա ու օրհներգը չհնչի: Նույնը կատարվեց Լաս Վեգասում աշխարհի առաջնության ժամանակ, երբ նորից եզրափակիչում հաղթանակը Միհրանից առևանգեցին»:

Օլիմպիական այս խաղերին Հայաստանի ընտրանին հանդես էր գալիս 9 մարզաձևերում։ Մարզական մեկնաբանի խոսքով, նոր մարզաձևերում հաջողություններ չունենալը ֆինանսական խնդիրների հետ է կապված։

Հայ օլիմպիականները Հայաստան կվերադառնան օգոստոսի 27-ին։ Մեդալակիրները, մարզիչներն ու մարզական կազմակերպությունները պետության կողմից նաև դրամական պարգևներ կստանան։ Ոսկե մեդալակիրը 42 հազար, իսկ արծաթե մեդալակիրները 31 հազարական ԱՄՆ դոլարի չափով։

XS
SM
MD
LG