Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն կարևորում է ոստիկանության և քաղհասարակության համագործակցությունը Հայաստանում


2016թ. օգոստոսի 18-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Արգո Ավակովը հանդիպել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի հետ՝ քննարկելու հուլիսի 17-ին Էրեբունի ՊՊԾ գնդի տարածքի գրավման հետ կապված զարգացումները և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատրաստակամությունը օգնելու ՀՀ իշխանություններին ու քաղաքացիական հասարակությանը՝ ամրապնդելու ոստիկանության և հասարակության միջև վստահությունն ու համագործակցությունը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, դեսպան Ավակովը տեղեկացրեց ոստիկանությանը անվտանգության ոլորտի բարեփոխումների հարցում ԵԱՀԿ-ի մոտեցման վերաբերյալ. բարեփոխման շրջանակներում նախատեսվում է քաղաքացիական հասարակության և իշխանության միջև համագործակցության խթանում և անկախ մոնիտորինգի և վերահսկման մեխանիզմների ամրապնդմանը օժանդակում: Նա ներկայացրել է Գրասենյակի նախաձեռնությունը՝ ստեղծելու քաղաքացիական հասարակության խորհրդատվական խորհուրդ, որը ԵԱՀԿ-ի աշխատանքում կծառայի որպես խորհրդակցական մարմին անվտանգության ոլորտի բարեփոխումների մասով:

Ոստիկանության պետի տեղակալն առաջարկել է կազմակերպել ոստիկանություն-ԶԼՄ-ներ կլոր սեղաններ՝ բարելավելու ոստիկանության հարաբերությունները ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Գրասենյակի ներկայացուցիչները նշել են, որ ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ ոստիկանության և ԶԼՄ-ների միջև կլոր սեղանների նախորդ քննարկումների ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից բարձրացված որոշ մտահոգություններ՝ կապված հավաքների ընթացքում ոստիկանության գործողությունների հետ, ցավոք, մնացել են չլուծված: Գրասենյակն առաջարկել է, որ ոստիկանությունը հաշվի առնի բարձրացված հարցերը և կլոր սեղանի քննարկումների արդյունքում պատրաստվեն առաջարկություններ և լուծումներ՝ կապված Հայաստանում հասարակական կարգի պահպանման բարելավման հետ:

Դեսպան Ավակովը ցավակցություն է հայտնել ոստիկանության պետի տեղակալին՝զոհված ոստիկանների կապակցությամբ ու բարձր գնահատել բանակցողների արհեստավարժությունը, որոնք կանխեցին Էրեբունու ՊՊԾ գնդում պատանդների ու զինյալների շրջանում կյանքերի կորուստը:

Դեսպան Ավակովը ողջունել է վերջին ցույցերի ընթացքում լրագրողների և ցուցարարների նկատմամբ առանձին ոստիկանների կողմից ոչ պատշաճ վարքագծի ու բռնության մեղադրանքները հետաքննելու ուղղությամբ ձեռնարկված գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG