Մատչելիության հղումներ

Արարատ Խանդոյանի կինը պնդում է, որ Դաշնակցությունը խախտում է իր իրավունքները


Արայիկ Խանդոյան

Արայիկ Խանդոյան

Զինված ապստամբության փորձ կատարած «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի կալանավորված եղբոր՝ Արարատի կինը՝ Սոնա Թամարյանը, հայտարարում է՝ Դաշնակցության մարզային և տարածքային կառույցները հրաժարվում են իրեն Ծաղկահովիտ գյուղում ընտրական հանձնաժողովի անդամ նշանակել:

«Ազատության» հետ զրույցում Թամարյանն ասաց՝ սա քաղաքական որոշում է: Հավելեց՝ Դաշնակցությունից պահանջում է վերականգնել իր խախտված իրավունքները:

Ծաղկահովիտում, որտեղ սեպտեմբերի 16-ին գյուղապետ են ընտրելու, համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է նաև կալանավորված Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը»:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Սոնա Թամարյանը Դաշնակցության անդամ չէ, իսկ տեղամասային հանձնաժողովների անդամներին նշանակում է կուսակցության տեղական կառույցն ու սովորաբար իր անդամներին է նշանակում: Վարդանյանի խոսքով՝ կուսակցությունն իր վերաբերմունքը հայտնել է ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերի» անդամների, այդ թվում նաև խմբի անդամ Արայիկ Խանդոյանի վերաբերյալ:

«Մենք այդ մարդկանց կատարած գործողությունը, որոնց մեջ էր նաև, ցավոք, Արայիկ Խանդոյանը, անընդունելի և դատապարտելի ենք համարել և տարօրինակ կլիներ, եթե մենք հիմա մեզ հակասեինք», - նշեց Վարդանյանը, - «Ամենավատը կլիներ, եթե մենք գնայինք, իբր թե, որոշ շրջանակների դուր գալու և դիվիդենտներ շահելու և նշանակեինք իրենց: Դա կլիներ ոչ կուսակցական մոտեցում և ոչ դաշնակցական մոտեցում: Հակառակը, ես կարծում եմ լրիվ տրամաբանական է և այստեղ քաղաքական որևէ խնդիր չկա, կա վերաբերմունք այդ գործողությանը, որը մենք արտահայտել ենք»:

Արագածոտնի տարածքային կառույցի ղեկավարն «Ազատությանը» փոխանցեց՝ հանձնաժողովի անդամ նշանակվել է Խանդոյանի կինը, թե ոչ, պարզ կլինի վաղը երեկոյան:

XS
SM
MD
LG