Մատչելիության հղումներ

logo-print

Ստեփանակերտը հակադարձում է ԼՂ պաշտպանության նախկին նախարարին


Դավիթ Բաբայան (ձախից) և Սամվել Բաբայան, արխիվ

Դավիթ Բաբայան (ձախից) և Սամվել Բաբայան, արխիվ

Սամվել Բաբայանն իր վերջին հարցազրույցում պնդել է, թե հայկական կողմը պատրաստ է տարածքներ հանձնել և այժմ «հույսը դրել է Ալիևի մերժման վրա»:

Ղարաբաղում անհնար են համարում, թե Մոսկվայում հայկական կողմը կարող էր համաձայնել՝ տարածքներ հանձնել Ադրբեջանին: Անցած շաբաթավերջին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը 7or.am-ին տված հարցազրույցում ընդգծել էր, թե «վերջերս Մոսկվայում հայկական կողմը հաստատել է, որ պատրաստ է տարածք տալուն»:

Ավելին՝ Սամվել Բաբայանի բնորոշմամբ, Հայաստանն այլևս չի կարողանում դիմադրել դրսի ճնշումներին, «լինի միջնորդներից, թե Ադրբեջանից»: «Չենք կարողանում դիմադրել և դառնում ենք «այո» ասող օբյեկտ»- պատկերավորել էր նա: Օգոստոսի 10-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ «Շատ կարևոր է, որ կատարվեն ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մենք դրան պատրաստ ենք»: Թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, Սարգսյանը չէր մանրամասնել:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, հակադարձելով Սամվել Բաբայանի հայտարարություններին, ընդգծում է՝ հայկական կողմը չէր կարող Մոսկվայում համաձայնել տարածքերի հանձնմանը: «Իհարկե հնարավոր չեմ համարում, ի՞նչ տվյալներ ունի ինքը, այսինքն՝ եթե այդ բանակցությունները գնում են փակ ռեժիմում, ո՞վ է իմանում, թե ինչ են խոսել: Եկեք տրամաբանորեն մոտենանք՝ Երևանը քանի՞ անգամ է ասել, որ պաշտոնական Երևանի համար ընդունելի է ցանկացած տարբերակ, որն ընդունելի է պաշտոնական Ստեփանակերտի համար: 1000 անգամ ասել են էդպիսի բան, բոլոր նախագահների ժամանակ:

Հիմա՝ եթե պաշտոնական Ստեփանակերտը չի մասնակցում բանակցային գործընթացին, ո՞նց կարող է պաշտոնական Երևանը նման բան ասել․․․ նույնիսկ միջնորդ երկրները, որոնք ասում են՝ իրենք միջնորդ են, ոչ թե դատավոր, չեն կարող որևէ մեկին ստիպել: Նույն Պուտինը մինչև այդ հանդիպումը բացեիբաց ասել է՝ մենք որևէ տարբերակ չենք պարտադրելու որևէ մեկին: Իսկ մենք նորից շահարկում ենք՝ լավ, չհասկացա՝ այստեղ ուրիշ թեմա չկա՞: Եթե մենք խոսում ենք, որ պետք է պահպանենք մեր սահմանները, ավելի լավ չի՞, որ հորդորենք՝ մարդիկ գան Արցախ: Արցախը ոչ թե միայն ֆլեշմոբի, նկարահանվելու համար պիտի լինի, եկեք բնակվեք, ապրեք, պահեք այս հողը: Բայց չի կարելի անընդհատ խոսել ինչ-որ բանի մասին, որը պարզապես գոյություն չունի»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:

Մինչդեռ, իր հարցազրույցում, Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը տարածքներ հանձնելու՝ հայկական կողմի պատրաստակամությունից բացի, խոսել է նաև այլ զիջումների մասին․ նա ասել է՝ 2008-ից հետո հայկական կողմը Ղարաբաղի հարցում 3 կետով շատ լուրջ զիջումների է գնացել: «1. Լաչինի շրջանը դարձել է Լաչինի միջանցք կամ կածան, 2. համաձայնել են ադրբեջանցի տեղահանվածների Շուշի և Լաչին վերադարձին, 3. ԼՂՀ կարգավիճակը վերջնական հանրաքվեով կամ պլեբեսցիտով որոշելու հարցը թողնված է անորոշ ապագային, ու դրա փոխարեն ուզում են միջանկյալ կարգավիճակի հարց լուծել։ Սրանք շատ լուրջ զիջումներ են և գործնականում կիրառվելու դեպքում շատ վատ հետևանքների կարող են հանգեցնել»- ասել է Սամվել Բաբայանը, ընդգծելով՝ եթե հայկական կողմում «իրար հերթ չտալով» զիջումների մասին են խոսում, Ադրբեջանն անգամ փոզիջման գնալու ցանակություն չունի:

Արձագանքելով դիտարկմանը, թե փոխզիջում ասելիս, ենթադրվում է, որ հայկական կողմը վերադարձնում է ազատագրված տարածքները, միջազգային հանրությունն էլ երաշխավորում է Ղարաբաղի անվտանգությունը՝ կարգավիճակի հարցը թողնելով անորոշ, Սամվել Բաբայանն ասել է՝ «Տարածքների թեման արհեստականորեն է առաջին պլան մղվել, դրանք բանակցողներն իրենց մտքում վաղուց են հանձնել: Տարածքները հայտարարվեց, որ պատրաստ են տալ, բայց վերցնողը չի վերցնում»:

«Կարգավորման ներկայումս շրջանառվող ծրագիրը ենթադրում է նաև ադրբեջանցի փախստականների վերադարձ Շուշիի ու Լաչինի շրջան։ Այսինքն՝ մենք վերադառնում ենք 88-ին»,- նշված հարցազրույցում նաև այսպիսի մտահոգություն է հայտնել Սամվել Բաբայանը՝ հավելելով, թե այժմ հայկական կողմի համար անցանկալի լուծումը վիժեցնելու միակ երաշխավորը Ալիևն է դարձել: «Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահը ոչ թե 7, այլ 12 շրջանն է ուզում և միանգամից։ Բացի այդ՝ Ադրբեջանը դեմ է խաղաղապահների՝ կլինի դա ռուս կամ մեկ այլ ազգի, տեղակայմանը (հայկական կողմն այս հարցում էլ է «այո»–ի կողմնակից)։ Մեր իշխանությունների հույսը հենց Ալիևի «ոչ»–ի վրա է։ Երևանն իր «այո»-ն վաղուց է ասել տարածքների մասով»,- ասել է ԼՂ պաշտպանության նախկին նախարարը։

Հարցին՝ եթե Ալիևը փոխի մարտավարությունը, ի՞նչ տեղի կունենա ՝ Բաբայանը պատասխանել է՝ «Այդ դեպքում կունենանք կատաստրոֆա, քանի որ Ղարաբաղում մարդ չի մնա, սպառնալիքներ կառաջանան Սյունիքի համար, և մենք կունենանք ․․․ բացասական իմաստով զարգացումներ»:

Միչդեռ, Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը պնդում է՝ անհնար է 1988-ի կամ 1991-ի սահմաններին վերադառնալն ու այդպիսով կարգավիճակի հարցը լուծելը: Դավիթ Բաբայանը բերում Քելբաջարի օրինակը, ցույց տալու համար, թե ինչպիսի վտանգներով է հղի միայն մեկ շրջանի հանձնումը՝ «Ասենք, Քարվաճառը․․․ որտեղից սկիզբ են առնում մեր ջրային պաշարները՝ Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն երկու գետ՝ Արփան ու Որոտանը, որոնք սնում են Սևանա լիճը: Փաստորեն՝ ցամաքելու վտանգից փրկում են Սևանա լիճը: Բա որ մի բան գցեն այնտե՞ղ: Արել են չէ՞, ադրբեջանցիները, թունավորում էին մեր ջրային պաշարները, նաև պատերազմի ժամանակ»:

XS
SM
MD
LG