Մատչելիության հղումներ

Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի ռազմական ուժերի հրամանատարը զգուշացնում է Մոսկվային և Դամասկոսին


Իրանի «Համադան» օդանավակայանից ռուսական Սու-34 օդանավերը, Սիրիայի Դեր էլ-Զոր նահանգում ավիահարվածներ են հասցնում թիրախներին, 18-ը օգոստոսի, 2016թ
Իրանի «Համադան» օդանավակայանից ռուսական Սու-34 օդանավերը, Սիրիայի Դեր էլ-Զոր նահանգում ավիահարվածներ են հասցնում թիրախներին, 18-ը օգոստոսի, 2016թ

Երեկ Սիրիայում և Իրաքում Միացյալ Նահանգների ռազմական ուժերի հրամանատար Սթիվեն Թաունսենդը CNN-ի եթերում զգուշացրել է Մոսկվային և Դամասկոսին, որ անհրաժեշտության դեպքում կպաշտպանի իր զինվորականներին։

«Մենք հայտնել ենք ռուսներին, թե որտեղ ենք գտնվում, որպեսզի նրանք էլ, իրենց հերթին, սիրիացիներին էլ տեղեկացնեն։ Ես նրանց պարզապես ասել եմ, որ եթե հանկարծ զգանք, որ մեզ վտանգ է սպառնում, պաշտպանվելու ենք», - հայտարարել է Սիրիայում և Իրաքում Միացյալ Նահանգների ռազմական ուժերի հրամանատարը։

Այս ձևով Թաունսենդը, ով անցած շաբաթ է ստանձնել Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարի պաշտոնը, արձագանքել է սիրիական Էլ-հասակե քաղաքի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպին, երբ Սիրիայի բանակը ռմբակոծել էր ամերիկյան հատուկ ստորաբաժանումների տեղակայման մոտակա շրջանները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել է, որ Լաթաքիայում և Դամասկոսում անցած շաբաթ զինադադարը խախատվել է։

Ավելի վաղ պաշտոնական Մոսկվան հայտնել է, որ հնարավոր է, որ Սիրիայում Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները միասնական պայքար սկսեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, սակայն որևէ առաջխաղացում այս հարցում դեռ չկա։

Անցած շաբաթ Ռուսաստանը Սիրիայում իսլամական ահաբեկիչների դեմ պատերազմում օգտագործել է Իրանի տարածքը, իսկ երեկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազան օգտագործելու խնդրանքով Մոսկվան չի դիմել Անկարային, սակայն, անհրաժեշտության դեպքում, ռուսներն այն կարող են օգտագործել։

«Սա, փաստորեն, կարելի է սենսացիոն հայտարարություն որակել։ Այդ ռազմաբազան այսօր օգտագործում են Միացյալ Նահանգները և Քաթարը և, անհրաժեշտության դեպքում, կարող է Ռուսաստանն էլ օգտագործել», - ասել է Թուրքիայի վարչապետը՝ հավելելով. - «Կարծում ենք, որ «Ինջիրլիք»-ի անհրաժեշտությունը Ռուսաստանը չունի, քանի որ Սիրիայում երկու ռազմաբազա կա»։

Հիշեցնենք, ավելի վաղ ռուսական օդուժը սկսել էր օգտագործել իրանական «Համադան» ավիաբազան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG