Մատչելիության հղումներ

Խանդոյանի կինը ահազանգում է՝ ՀՅԴ կառույցները հրաժարվում են իրեն նշանակել ընտրական հանձնաժողովի անդամ


Արայիկ Խանդոյան

Արայիկ Խանդոյան

«Սասնա ծռեր» կոչվող խմբի անդամ Արայիկ Խանդոյանի [«Միայնակ գայլ»] եղբոր՝ Արարատ Խանդոյանի կինը՝ Սոնա Թամարյանը, հայտարարում է, որ Ծաղկահովիտի ՏԻՄ [Տեղական ինքնակառավարման մարմինների] ընտրությունների հետ կապված ՀՅԴ մարզային և տարածքային կառույցները հրաժարվում են իրեն նշանակել Ծաղկահովիտի ընտրատեղամասում, որպես ընտրական հանձնաժողովի անդամ:

«Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում 2016 թվականի սեպտեմբերի18-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Ինչպես հայտնի է բոլորին իր թեկնածությունն է առաջադրել նաև Արայիկ Խանդոյանը: Բոլորին հայտնի է, որ Արայիկի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը կուսակցական է ՀՅԴ և երբեք դա չի թաքցրել: Ես Արարատ Խանդոյանի կինն եմ՝ Սոնա Թամարյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ընտրական լիցենզիան ստացել եմ ՀՅԴ-ի կողմից և նշանակումները միշտ իրենք են արել, սակայն Ծաղկահովիտի ՏԻՄ ընտրությունների հետ կապված ՀՅԴ մարզային և տարածքային կառույցները հրաժարվում են ինձ նշանակել Ծաղկահովիտի ընտրատեղամասում, որպես ընտրական հանձնաժողովի անդամ», - ասված է Թամարյանի հայտարարությունում։

Խանդոյանի կինը սա քաղաքական որոշում է համարում։ «Ես լավ հասկանում եմ, որ սա քաղաքական որոշում է, որ ՀՅԴ-ն Հանրապետական կուսակցությանն իր սոլիդարությունն ու եղբայրությունն է հայտնում: Հայաստանում շարունակում են գործել կիսագողական բարքեր, տարածքը իմն է, որոշողը ես եմ, սա վերաբերվում է Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ՝ Գրիգոր Գյոզալյանին: Ես պահանջում եմ ՀՅԴ-ից վերականգնել իմ խախտված իրավունքները, քանի դեռ ժամանակ կա դա անելու համար», - ասված է Սոնա Թամարյանի հայտարարությունում։

XS
SM
MD
LG